Մրցութային ընթացակարգերով ամբիոնների վարիչների և պրոֆեսորների պաշտոնների համալրման նպատակով հագեցած օրակարգով Գիտական խորհրդի հերթական նիստ գումարվեց ԵՊԲՀ-ում նաև հունիսի 30-ին:
Ամբիոնի վարիչների թեկնածուները ներկայացրին նախորդ հինգ տարիներին կատարված աշխատանքները, ուսումնամեթոդական գործունեությունը, համալսարանական ստորաբաժանումների հետագա զարգացման ուղիները և անելիքները։
Անդրադարձ կատարվեց ներդրված կրթական ծրագրերին, տպագրված դասագրքերին, գիտական հոդվածներին և հետազոտական ուղղություններին։
Ընտանեկան բժշկության, Ֆթիզիատրիայի Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1, Ակնաբուժության, Ինֆեկցիոն հիվանդությունների, Ֆարմացիայի, Դեղագործության կառավարման ամբիոնների վարիչներ ընտրվեցին Գիտական խորհրդի անդամների քվեարկության արդյունքների հիման վրա:
Պրոֆեսորի պաշտոնի համար մրցույթին դիմած 7 թեկնածուներից` համաձայն քվեարկության ընտրվեց 5-ը:
Նիստն ունեցավ նաև հանդիսավոր մաս: Մեծ ավանդի, բարեխիղճ, անմնացորդ և երկարամյա աշխատանքի համար բժշկական մեկդարյա բուհի «Հերացի» ոսկե հուշամեդալով պարգևատրվեց նախկին աշխատակից Ֆելիքս Ասքանազի Կարապետյանը:
80-ամյակի և պարգևատրման առթիվով հոբելյարը շնորհակալական խոսք հղեց.
«Բժշկական համալսարանն իմ մայր բուհն է, գրեթե 35 տարի աշխատել եմ այստեղ»։ ԵՊԲՀ ռեկտորը, հիշելով և շնորհավորելով դասախոսին, ընդգծեց, որ բժշկագիտության ոլորտում երախտագիտությունն առանցքային նշանակություն ունի։ Բուհում ապագա բժիշկներին ուսուցանում են երիտասարդների մեջ լավը սերմանելու և ավելի լավը տեսնելու ձգտմամբ
Բուհի ղեկավարը անդրադարձավ նաև ստոմատոլոգիայի զարգացման թեմային, նշելով, որ բժշկական համալսարանը ստոմատոլոգիական մեծ կենտրոն ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում: Նախատեսվող կառույցը կկենտրոնացնի համալսարանական ստոմատոլոգիական բոլոր ծառայությունները մեկ տեղում:
Զեկուցվող հարցերից էր ԵՊԲՀ արտաքին կապերի զարգացման և միջազգային քաղաքականությանը 2022-2028թթ. ընթացքում` 2017-2023թթ. միջազգայնացման քաղաքականության լրամշակման հիման վրա ծրագիրը, որը ներկայացրեց ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը։
Ծրագիրը հաստատվեց Գիտական խորհրդի կողմից։
Նշենք, որ հունիսի 29-ին և 30-ին ԵՊԲՀ գիտական խորհրդի հերթական նիստերի հանրագումարում մրցութային ընթացակարգերով 14 ամբիոնների վարիչների և 12 պրոֆեսորների պաշտոններ համալրվեցին: