Լրացավ ԵՊԲՀ–ում հրատարակվող «Նոր հայկական բժշկական հանդեսը» («The New Armenian Medical Journal») անգլալեզու գիտակիրառական պարբերականի գործունեության 15 տարին:
Հոբելյանական համարն օրեր առաջ հանձնվեց լսարանի դատին` լեցուն տեսական և կլինիկական ուղղություններով հոդվածներով:
2007 թվականից սկսած՝ պարբերականի գլխավոր առաքելությունն է լսարանին ներկայացնել բժշկագիտության և առողջապահության տարբեր ոլորտների գիտական նվաճումները, բուժման, հիվանդությունների վարման նոր մեթոդներն ու մոտեցումները, մեկ հարթակում համախմբել աշխարհի տարբեր անկյունների բժիշկ-գիտնականներին, հեղինակավոր մասնագետներին:
Խմբագրակազմը հոբելյանի առթիվ, առաջիկայի նոր ծրագրերն ուրվագծելով, նշում է, որ իրենց հաջողվել է կյանքի կոչել սահմանված նպատակը:
Պատմական ակնարկ
«Նոր հայկական բժշկական հանդեսի» ստեղծման անհրաժեշտությունն առաջացել էր մեր հանրապետության անկախացումից հետո, որը մեծ հնարավորություններ էր բացել սփյուռքահայության և այլազգի բժիշկ-գիտնականների միջև համագործակցության և փորձի փոխանակման համար, ինչպես նաև հայկական բժշկական մեկ ամսագրում Հայաստանի և սփյուռքի ճանաչված ու երիտասարդ գիտնականների գործունեությունը համալիր ներկայացնելու նպատակով:
Հանդեսի համահիմնադիրներից է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը պարբերականի հոբելյանական համարում իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է․ «Խմբագրական կազմում ընդգրկված են են ոչ միայն Հայաստանի առաջատար մասնագետները, մի շարք երկրների բժիշկ-գիտնականները։ Տարբեր տարիների կտրվածքով ամսագրին թղթակցում են հեղինակներ աշխարհի տարբեր անկյուններից՝ Իտալիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Հունաստան, Գերմանիա, Ռուսաստան, Իրան, Իրաք, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լիբանան, Հնդկաստան, Ինդոնեզիա։ Իր ճանաչելիության շնորհիվ ամեն տարի պարբերականի խմբագրության են դիմում նորանոր երկրների գիտնականներ: Գալիք համարում երկրների աշխարհագրությունն ընդլայնվել է․ հեղինակներ են միացել Խորվաթիայից, Պակիստանից, Սաուդյան Արաբիայից»։
Գիտակիրառական ամսագրի հիմնադիր և առ այսօր նրա գլխավոր խմբագիր, ԵՊԲՀ գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արտո Զիլֆյանը, հիշելով հանդեսի ստեղծման պատմությունն, ընդգծում է, որ նախաձեռնությունը հենց բժշկական համալսարանինն էր:
«2007թ. մարտից հիմնադրվեց մեր հրատարակությունը և սեփական ուժերով «Նոր հայկական բժշկական հանդես»-ի առաջին համարը լույս տեսավ նույն տարվա նոյեմբերին: Բժշկագիտության արդի ձեռքբերումները ներկայացնող պարբերականը կարճ ժամանակահատվածում արժանացավ օտարերկրացի գիտնականների, նաև բարձր ցուցանիշներ ունեցող միջազգային մի շարք հրատարակչությունների ուշադրությանը», – ասում է պրոֆեսոր Զիլֆյանը` հավելելով, որ հեղինակ-գիտնականներից շատերը ոչ միայն տպագրվում են ամսագրում, այլև այլ հրատարակչությունների կողմից հրավիրում են` հանդես գալու արդեն հրապարակված հոդվածների մասին գրախոսականներով և մենագրություններով և նոր գիտական հոդվածներով:
Ուշադրության է արժանի այն, որ խմբագրակազմը գործունեության վերջին մի քանի տարում ուշադրության կենտրոնում է պահում կորոնավիրուսային համավարակի թեման՝ գիտական դիտակետից:
Հանդեսի երեք համարը (h14 (2020) N4, h15 (2021) N2 և N3) նվիրված է հենց Covid-19-ին: Բոլոր նշված և այլ համարների էլեկտրոնային տարբերակներին ընթերցողը կարող է ծանոթանալ նաև ԵՊԲՀ պաշտոնական կայքում:
Հանդեսի 2020-2022թթ. նշանակալի ձեռքբերումներից է այն փաստը, որ մի շարք հեղինակների, մասնավորապես Ա. Զիլֆյանի (համահեղինակներ Ա. Մուրադյան և Ս. Ավագյան), հոդվածները Համաշխհարային առողջապահության կազմակերպության (WHO) կայքերում ներկայացվել են որպես օրինակելի, առաջատար աշխատություններ:
Արտո Զիլֆյանն իր հավատարիմ ու երկարամյա գործընկերոջ, հանդեսի պատասխանատու խմբագիր Ստեփան Ավագյանի հետ անցած 15-ամյա ճանապարհը հպարտությամբ է հիշում, քանի որ միասին թիմային աշխատանքի շնորհիվ հաղթահարել են բազմաթիվ խոչընդոտներ, համատեղ ուժերով հասել հաջողությունների:
«Նոր հայկական բժշկական հանդեսը» տարեկան տպագրվում է 4 համար, յուրաքանչյուրում՝ 10-12 հոդված:
Տասը տարում 60 համար հանձնվել է գիտական աշխարհի դատին:
Հաջողությունների շարքում Ս. Ավագյանը մատնանշում է այն հանգամանքը, որ պարբերականի գործունեության արդեն հինգերորդ տարում «Նոր հայկական բժշկական հանդեսը» արժանացավ միջազգային հրատարակչությունների ուշադրությանը, որի արդյունքում այն առ այսօր իր մշտական գրանցումն ունի գիտական հոդվածների միջազգային «Սկոպուս-SCOPUS» (Հոլանդիա) և EBSCO (ԱՄՆ) շտեմարաններում:
Խմբագրությանը հղված հոդվածների մեծագույն հոսքի շնորհիվ հանդեսը թողարկում էր նաև մոնոթեմատիկ (միևնույն թեմային առնչվող) համարներ, որոնք ընդգրկում են արդի ժամանակահատվածում բժշկագիտության որևէ հստակ ուղղության հրատապ խնդիրներն արծարծող հոդվածները` ամբողջական տեսքով ներկայացնելով բժշկական այդ ուղղությամբ առկա ձեռքբերումներն ու հետագա ծրագրերը: Նշենք, որ ամսագիրը տպագրության հարթակ է նաև լավագույն գիտական համաժողովների համար:
Հավելվածի տեսքով հրատարակվում են ԵՊԲՀ-ում անցկացվող գիտական միջոցառումների (օրինակ՝ «Գիտության շաբաթ 2017», «Բժշկագիտության արդի հիմնախնդիրները» գիտաժողովները) ընթացքում ներկայացված զեկուցումների ընտրանիներ` հոդվածների տեսքով: Մեծ արձագանք են ստացել, մասնավորապես, կանխարգելիչ բժշկությանը նվիրված երկու մոնոթեմատիկ հանդեսները` նվիրված Հայաստանում տարբեր շրջաններում տարաբնույթ հիվանդությունների տարածվածությանը և դրանց կանխարգելման ու բուժման եղանակներին:
Հանդեսն իր պարտաճանաչ գործավարության շնորհիվ մեծ հեղինակություն է վայելում տարբեր առաջատար բժշկական կազմակերպություններում: Առանձին համարներով իրենց գործունեության արգասիքներն են ներկայացրել Օդեսայի, Խարկովի, Լվովի, Մոսկվայի (Սեչենովի անվ.) բժշկական համալսարանների, ՌԴ Իրկուտսկ քաղաքի Նյարդավիրաբուժության կենտրոնի անվանի բժիշկները:
Խմբագրակազմն ընդգծում է, որ հատուկ կարևորություն է տալիս այն հանգամանքին, որպեսզի երիտասարդ հետազոտողները, ասպիրանտներն առավել ակտիվ տպագրեն իրենց գիտական հոդվածներն այս ամսագրում, որն առաջինը նրանց հնարավորություն կտա իրենց հետազոտությունների արդյունքները ներկայացնելու աշխարհի գիտական հանրության ուշադրությանը:
The New Armenian Medical Journal պարբերականն իր թղթակիցների հետ շփումը հասանելի դարձնելու և հրատարակված հոդվածները նաև վիրտուալ տիրույթում ներկայացնելու նպատակով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պաշտոնական կայքում (www.ysmu.am) ներկայացնում է հանդեսի էլեկտրոնային տարբերակը, որը նույնաբար արտացոլում է տպագիր հրատարակումը: