Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Նոր ուսումնական տարին մեկնարկեց Գիտական խորհրդի նիստով

Նոր ուսումնական տարին մեկնարկեց Գիտական խորհրդի նիստով

2022-2023 ուսումնական տարին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Գիտական խորհրդի նիստի անցկացմամբ: Նիստի մեկնարկը հանդիսավոր էր:  ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորեց Գիտական խորհրդի անդամներ` Ուռուցքաբանության ամբիոնի վարիչ Հայրապետ Գալստյանին և «Գերձայնային ախտորոշումը մանկաբարձությունում, գինեկոլոգիայում և ֆետալ բժշկությունում» կուրսի վարիչ Կարինե Թոխունցին, որոնց ծննդյան օրն է այսօր։

Նշվեցին նաև Գիտական խորհրդի անդամ այն բժիշկ-գիտնականների անունները, որոնց հոբելյաններն ու տարեդարձերն են եղել արձակուրդային ամիսներին։

Արմեն Մուրադյանը շեշտեց, որ այսօր ապագա բժիշկների 100-րդ սերունդը մուտք գործեց համալսարան։ Ներկայացնելով անցած ամիսների աշխատանքը, ռեկտորը դրանք որակեց որպես հիշարժան և հագեցած, խոսքը իրականացվող շինարարական, վերանորոգման ծավալուն աշխատանքների, բարեփոխումների, նոր ռեսուրսների ձևավորման և ձեռքբերման մասին է, որոնք ուղղված են առաջին հերթին համալսարանի առաջընթացին։

Որպես զարգացման հստակ սահմանված նպատակ նա կարևորեց այն հանգամանքը, որ օտարերկրացի ապագա բժիշկների թիվն էականորեն ավելացել է։

Աշխարհի 33 երկրից շուրջ 2000 ուսանող է բժշկական կրթություն ստանում ԵՊԲՀ-ում։

Գիտական խորհրդի անդամների կողմից բաց քվեարկությամբ հաստատվեցին Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի կողմից ներկայացված «Հետբուհական շարունակական կրթության պլան-ծրագրերը»։

Պրոռեկտորը խոսեց նաև այս տարվա ԵՊԲՀ ընդունելության քննությունների արդյունքների մասին։ Բժշկական համալսարանում թափուր տեղեր չկան։

Գիտական խորհրդում տեղեկացվեց, որ աճուրդային կարգով ձեռք է բերվել բուհի տարածքում` Աբովյան 50/5 հասցում տեղակայված շենքը, որն այսուհետև կծառայի ի շահ համալսարանի գործունեության։

Ռեկտորն ընդգծեց, որ ձեռք բերված շենքի հետագա հեռանկարների և նախաձեռնությունների մասին բուհը բաց է լսել համալսարանականների առաջարկները։

Նիստի ընթացքում ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնների թափուր տեղերը համալրվեցին մրցութային ընթացակարգով` փակ քվեարկության արդյունքում։

Հաստատվեցին կանոնակարգերի փոփոխություններ, քննարկվեցին բուհի ընթացիկ և առաջիկա գործունեությանը վերաբերող տասնյակ հարցեր:

Ընդգծվեց, որ տարին լինելու է գերաշխատանքային բոլոր ոլորտներում։