Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Օգնելը երիտասարդ բժշկի առաջնային նպատակն էր

Օգնելը երիտասարդ բժշկի առաջնային նպատակն էր

Սվետլանա Մկրտչյանը ԵՊԲՀ  Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի Մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ առաջին կուրսի կլինիկական օրդինատոր է: Աշխատում է Երևանի քաղաքային «Շտապօգնություն» ՓԲԸ-ում որպես գծային բրիգադի բժիշկ:  Պատերազմի և համավարակի օրերին աշխատել է գերծանրաբեռնված, բուժօգնության կարիք ունեին գրեթե բոլորը, և՛ վիրավոր զինծառայողները, և՛ քաղաքացիները, որոնցից շատերը Covid-19 դրական հիվանդներ էին:

«Միակ նպատակը օգնելն էր, ցանկացած գնով համապատասխան բուժօգնություն ցուցաբերելը: Պատերազմի օրերին մեկնում էինք Արցախ, որպեսզի ապահովեինք մեր վիրավոր զինվորների տեղափոխումը Երևան: Պատասխանատվությունը մեծ էր, որովհետև այժմ մեր հերթն էր օգնել այն զինվորին, ով ամեն ինչ արել է մեր և մեր հայրենիքի համար»,- պատմում է սովորողը:

Նա նշում է, որ մեծ մասը հիմնականում ականապայթյունային, բազմաբեկորային, խոշոր տրամաչափի հրետանային զենքերից ստացած վնասվածքներ ունեցող վիրավորներ էին: Տեղափոխում էինք այն վիրավորներին, որոնք գտնվում էին կայուն վիճակում և ենթակա էին տեղափոխման:

 Որպես բժիշկ առաջին անգամ է առնչվել նման իրավիճակի հետ, սակայն պատասխանատվությունն այնքան մեծ էր, որ մոռանում էիր ամեն ինչի մասին. հոգնածություն, դժվարություններ, վտանգ:

Պատերազմին մասնակցող երիտասարդ շատ մասնագետների նման Սվետլանան ևս փաստում է, որ կարևորը ճիշտ և արագ օգնություն ցուցաբերելն էր, և մեր տղաներին ապահով տեղափոխելը Երևան:   Խոստովանում է, որ բժշկական թիմին  օգնում և պարտավորեցնում էր  մարտիկների լավատեսությունը՝ պայքարելու և ապրելու ցանկությունը:

Ինչպես շատերի մոտ, Սվետլանայի մոտ նույնպես բժիշկ դառնալը  մանկության երազանք էր:

«Ինձ համար կարծես դա միակ մասնագիտությունը լիներ աշխարհում և վստահ էի, որ այն էի ընտրելու: Ժամանակի ընթացքում այդ երազանքը դարձավ նպատակ: Եվ եթե նորից հնարավորություն ունենայի ընտրության, միանշանակ ընտրելու էի բժշկի մասնագիտությունը»,- ասում է կլինիկական օրդինատորը:

Նրա  կարծիքով՝ բժշկի առավել կարևոր հատկանիշներից է պատասխանատվության զգացումը, նվիրվածությունը, ինչպես նաև մշտապես սովորելու պատրաստակամությունը:

«Բժիշկը պետք է սիրով և նվիրվածությամբ անի իր աշխատանքը՝ երբեմն նաև չխնայելով սեփական առողջությունը և ժամանակը, չէ՞որ դժվարին պահին նա միակն է ում հավատում և վստահում է հիվանդը»,- նկատում է ապագա մանկաբարձ- գիտնեկոլոգը:

Որպես նեղ մասնագիտացում ընտրելով մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտը՝ նկատում է, որ այն բավականին դժվար, անկանխատեսելի իրավիճակներով հագեցած, պատասխանատու ուղղություն է, քանի որ տվյալ դեպքում բժիշկը պատասխանատու է երկու կյանքի համար:

Կլինիկական օրդինատորի գնահատմամբ՝ յուրաքանչյուր նորածին մի նոր լույս է, որի պակասը  շատ է՝  հատկապես հետպատերազմյան դժվարին օրերին: