Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օր՝ հիվանդության տարածվածությունը, ռիսկի գործոններն ու կանխարգելումը

Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օր՝ հիվանդության տարածվածությունը, ռիսկի գործոններն ու կանխարգելումը

Ամեն տարի ապրիլի 11-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ, նշվում է որպես Պարկինսոնի հիվանդության (ՊՀ) դեմ պայքարի համաշխարհային օր։ Հատկանշական է, որ այդ օրը ծնվել է անգլիացի բժիշկ և հետազոտող Ջեյմս Պարկինսոնը, ով առաջինը նկարագրեց այս հիվանդությունը։

ՊՀ-ը կենտրոնական նյարդային համակարգի քրոնիկ, պրոգրեսիվ դեգեներատիվ հիվանդություն է, որը բնութագրվում է կամային շարժումների խանգարմամբ։

Նեյրոդեգեներատիվ հիվանդությունների շարքում այն տարածվածությամբ Ալցհեյմերի հիվանդությունից հետո երկրորդն է, և շարունակում է մնալ առողջապահության ոլորտում գլոբալ լրջագույն խնդիրներից մեկը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ 2024 թվականին աշխարհում գրանցվել է ՊՀ 1.2 միլիոն նոր դեպք։ Նույն թվականին տվյալ հիվանդացությունն ունեցող մարդկանց ընդհանուր թիվը կազմել է շուրջ 8.5 միլիոն, ինչը 39.3%-ով ավելի է, քան 2016 թվականին։ Հաշվի առնելով բնակչության ծերացման միտումները՝ կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը ՊՀ ունեցող անձանց թիվը աշխարհում կհասնի 9.5-10 միլիոնի։ Գլոբալ մասշտաբով, հիվանդության, ըստ տարիքի ստանդարտացված տարածվածության ցուցանիշը, կազմելով 150 դեպք 100.000 բնակչի հաշվով բոլոր տարիքային խմբերի համար, >60 տ․ անձանց շրջանում հասնում է 934-ի 100.000 բնակչի հաշվով։

Հայաստանում հիվանդության տարածվածության վերաբերյալ տվյալները համեմատաբար քիչ են փաստագրված, սակայն Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գնահատականներով այն կազմում է 100-250` 100.000 բնակչի հաշվով։

ՊՀ-ը զգալիորեն ազդում է մահացության մակարդակի վրա՝ հաճախ առաջացնելով բարդություններ, ինչպիսիք են թոքաբորբը և ընկումները։ 2023 թվականին աշխարհում Պարկինսոնի հիվանդությամբ պայմանավորված պատճառներից մահացել է շուրջ 329 000 մարդ, ինչը 100%-ով գերազանցում է 2000 թվականի ցուցանիշը։

ՊՀ-ը պայմանավորված է միջին ուղեղի սև նյութում (substantia nigra) տեղադրված դոֆամինէրգիկ նեյրոնների պրոգրեսիվ դեգեներացիայով։ Այդ նեյրոնները սինթեզում են դոֆամին՝ նյարդամիջնորդանյութ, որն առանցքային դեր ունի շարժողական ակտիվության, մկանային տոնուսի և շարժումների համակարգման կարգավորման գործում։ Այս նեյրոնների քանակի տարիքով պայմանավորված բնական նվազումը լրացուցիչ նպաստում է հիվանդության զարգացման ռիսկին։

ՊՀ-ը բնորոշ են չորս հիմնական շարժողական խանգարումներ՝ հանգստի տրեմոր (դող), որն 70% դեպքերուն հանդիսանում է հիվանդության առաջին ախտանշանը; բրադիկինեզիա/հիպոկինեզիա (դանդաղաշարժություն, հիվանդը կարող է ժամերով անշարժ մնալ), մկանային ռիգիդություն (վերջույթները ծալելու կամ բացելու ընթացքում «կարծրանում են» տրված դիրքում) և կեցվածքային անկայունություն։ Կեցվածքային անկայունությունը բնորոշ է հիվանդության ուշ շրջաններին, բերում է հավասարակշռության խախտմանը և հաճախակի ընկնելուն, վստահության կորստին և շարժունակության նվազմանը (հիվանդը դժվարությամբ է սկսում շարժվել, իսկ սկսելուց հետո դժվարությամբ է դադարում)։ ։

ՊՀ ունեցողների մինչև 40%-ը կարող է ունենալ անկումներ և մոտավորապես 10%-ի մոտ անկումները կարող են դրսևորվել ամեն շաբաթ, ինչ կապված է հիվանդության արտահայտման սրությունից

Այլ ճանաչված շարժողական նշաններից են քայլվածքի և կեցվածքի խանգարումները, ինչպիսին է ֆեստինացիան (սրընթաց տատանողական քայլեր և առաջ ծալված դիրք, երբ քայլում են, չծալված ձեռքերը ճոճելով)։ Քայլվածքի հանկարծակի ընդհատումը (կարճատև կանգառներ քայլելիս, երբ թվում է թե ոտքը խրվել է գետնի մեջ, հատկապես շրջադարձ կատարելու կամ ուղղությունը փոխելու փորձի դեպքում), ոչ պարզ, մոնոտոն հանգիստ խոսքը, դեմքի դիմականման արտահայտությունը և ձեռագիրը, որը շարունակաբար փոքրանում է, հանդիսանում են այլ տարածված ախտանշաններ։

Ոչ շարժողական խանգարումների շարքում հաճախ հանդիպում են ճանաչողական խանգարումներ, կենտրոնացման դժվարություններ, պասիվությոն, դեպրեսիա, դեմենցիա, քնի խանգարում, միզապարկի դիսֆունկցիա։

Հիվանդության ուշ փուլերում հիվանդների կյանքի որակը զգալիորեն նվազում է, զարգանում է հաշմանդամություն։
ՊՀ-ն էթիոլոգիան դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ։ Հիվանդության հիմնական ռիսկի գործոններն են․

  1. Տարիքը ամենաէական ռիսկի գործոնն է։ Հիվանդացության ցուցանիշը զգալիորեն աճում է 60 տարեկանից հետո։ 40–49 տարեկան տարիքային խմբում այն կազմում է 41/100.000 բնակչի հաշվով, և հասնում 1903/100.000՝ 80 տարեկանից բարձր անձանց շրջանում։ Հիվանդության զարգացման հարաբերական ռիսկը մոտավորապես 5–2 անգամ ավելանում է յուրաքանչյուր տասնամյակում՝ սկսած 50 տարեկանից։
  2. Սեռը Տղամարդկանց շրջանում հիվանդությունն արձանագրվում է շուրջ 6 անգամ ավելի հաճախ, քան կանանց մոտ։
  3. Ընտանեկան անամնեզը և ժառանգական գործոնը
    ՊՀ-ն դեպքերի շուրջ 10–20%-ը կապված է գենետիկ մուտացիաների հետ։ Հիվանդության զարգացման ռիսկը մեծանում է 2 անգամ առաջին աստիճանի ազգակցականների մոտ նրա առկայության դեպքում, և 4.5 անգամ՝ ցանկացած աստիճանի բարեկամական կապի դեպքում։
  • Էկոլոգիական ռիսկի գործոններ
    Էկոլոգիական գործոնները էականորեն նպաստում են ՊՀ-ն զարգացման ռիսկին՝ հաճախ փոխազդելով գենետիկ նախատրամադրվածության հետ։

Պեստիցիդների և հերբիցիդների մասնագիտական օգտագործման դեպքում ՊՀ-ն զարգացման ռիսկը մեծանում է 1.66 անգամ։ Պարակվատի և ռոտենոնի կիրառման պարագայում ռիսկը բարձրանում է 2.5 անգամ։

Հետազոտություններում բացահայտվել է նաև ծանր մետաղների՝ մասնավորապես մանգանի, կապարի և որոշ այլ մետաղների բացասական ազդեցությունը։ Դրանց արդյունաբերական ազդեցության պարագայում ՊՀ-ն զարգացման ռիսկը մեծանում է մինչև 2.8 անգամ։

  • Գլխուղեղի վնասվածքներ
    Կրկնվող թեթև գլխուղեղային վնասվածքները մեծացնում են ՊՀ-ն զարգացման ռիսկը 1.6 անգամ։ Ծանր վնասվածքների դեպքում հարաբերական ռիսկը հասնում է 2.3-ի:
  • Նոր հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս ՊՀ-ն զարգացման կապը օդի աղտոտվածության հետ։ Մասնավորապես, հայտնաբերվել է, որ5 և NO₂ կոնցենտրացիաների 10 մկգ/մ³ ավելացման դեպքում ՊՀ-ն ռիսկը մեծանում է 1.3–1.5 անգամ։

Վարքագծայի գործոններից, որոնք նվազեցնում են հիվանդության զարգացման ռիսկը, նշվում են ֆիզիկական ակտիվությունը (ռիսկը նվազում է 35%-ով) և կոֆեինի չափավոր օգտագործումը (օրական 1-2 բաժակ սուրճ կամ թեյ խմելը նվազեցնում է ռիսկը 40%-ով):

Այսպիսով, Պարկինսոնի հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է՝

  1. Կանխարգելել կրկնվող գլխուղեղային վնասվածքների հնարավորությունը,
  2. Խուսափել կենցաղային քիմիայի, պարարտանյութերի, ինսեկտիցիդների հետ շփումից,
  3. Խուսափել սթրեսային իրավիճակներից, պահել առողջ ապրելակերպ,
  4. Սննդակարգում օգտագործել ֆոլաթթվով և B խմբի վիտամիններով, հատկապես B12-ով հարուստ մթերքներ,
  5. >50 տ․ կանանց խորհուրդ է տրվում հսկել սեռական հորմոնների՝ էստրոգենների մակարդակը,
  6. Զբաղվել ֆիզիկական վարժություններով,
  7. Ժամանակին դիմել բժշկի` գլխուղեղի անոթային պաթոլոգիաների հայտնաբերման և բուժման նպատակով։

Ժամանակին սկսված կանխարգելումը օգնում է նվազեցնել հիվանդության զարգացման հավանականությունը։ Բոլոր այն անձանց, ովքեր ունեն Պարկինսոնի հիվանդությամբ տառապող հարազատներ, հատկապես պետք է զգույշ լինեն։

ՊՀ-ը սկզբնական փուլում երբեմն դժվար է ախտորոշվում, քանի որ ախտանշանները նման են այլ հիվանդությունների ախտանշաններին։ Հիվանդության ախտորոշումը կարող է կատարվել նյարդաբանի կողմից հիվանդի հարցման և զննումի արդյունքում։ Հիվանդության հաջող թերապիայի հիմնական բաղադրիչներից են հիվանդության վաղ հայտնաբերումը, մասնագետի կողմից համակարգված դիտարկումը և բուժման ընթացքում նշանակված բոլոր խորհուրդների կատարումը։ Սա թույլ է տալիս նվազեցնել ախտաբանական ախտանիշների արտահայտվածությունը։ Հիվանդության զարգացումը դանդաղեցվում է, ինչը հնարավորություն է տալիս հիվանդներին ավելի երկար ժամանակ մնալ լավ ֆիզիկական վիճակում։