Երևանի բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետը, որը հիմնադրվել է 1972 թվականին, Հայաստանի դեղագործական ծառայությանը բարձրորակ կադրերով ապահովելու գործում շարունակում է մեծ ներդրում ունենալ: Դեղագիտական ֆակուլտետը կեսդարյա պատմություն ունի, որտեղ կրթություն է ստացել ավելի քան 2000 տեղացի և շուրջ 300 արտասահմանցի շրջանավարտ:
Այժմ բակալավրիատում սովորում է 211, մագիստրատուրայում՝ 36 ուսանող: Ֆակուլտետում դեղագետի մասնագիտություն է ստանում 18 օտարերկրացի:
ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանը ներկայացնում է կառույցի կայացման ճանապարհը, առաքելության, զարգացման հեռանկարների, ինչպես նաև դեղագետի մասնագիտության կարևորությունը:
-Պարոն Ենոքյան, 100-ամյա բուհում արդեն շուրջ կես դար է դեղագործական բարձրագույն կրթություն է տրամադրում Դեղագիտական ֆակուլտետը: Կներկայացնե՞ք ֆակուլտետի անցած ճանապարհը:
-Դեղագիտական ֆակուլտետը նշում է կեսդարյա հոբելյանը: Մինչ 1972 թվականը՝ ֆակուլտետի հիմնադրումը, Հայաստանում դեղագիտական բարձրագույն կրթություն չկար. այս մասնագիտությունը ձեռք բերել ցանկացողները մեկնում էին Խորհրդային Միության հայտնի բուհերը: Հանրապետությունը բարձրագույն կրթություն ունեցող դեղագետների մեծ պահանջարկ ուներ: Դա հիմք հանդիսացավ բացել Դեղագործական ֆակուլտետ, իսկ այդ հարցում մեծ ներդրում ունեցավ այդ տարիների ռեկտոր Էմիլ Գաբրիելյանը, որը համարվում է ֆակուլտետի հիմնադիրը:
Այսօր մենք ունենք կայացած ֆակուլտետ, որում մեծ վաստակ ու ներդրում ունեն հիմնադրման օրվանից դեղագետներ կրթող մասնագետները:
Այժմ ֆակուլտետն ունի դեղագիտական գիտությունների 3 դոկտոր, տասնյակից ավել դեղագործական գիտությունների թեկնածուն:
-Ի՞նչ առաքելություն և զարգացման հեռանկարներ ունի ֆակուլտետը:
-Բարձրագույն կրթության կադրեր պատրաստող ֆակուլտետն իր առաքելությունն իրականացնում է պատվով: Դեղագիտական ֆակուլտետի առաքելությունն առաջին հերթին հանրապետությունում առողջապահական համակարգը որակյալ դեղագետներով ապահովելն է, բացի այդ՝ զարգացնել դեղագործական գիտությունը:
Մենք ջանք չենք խնայում միջազգային չափանիշներին համապատասխան ֆակուլտետ լինել, քանի որ ԵՊԲՀ-ն համարվում է միջազգային հեղինակություն վայելող բուհ, որի մի օղակը հանդիսացող ֆակուլտետը չի կարող հետ մնալ բուհում ընթացող գործընթացներից: Դա իրականանալի գործընթաց է՝ որոշակի ջանքերի, ամենօրյա համատեղ աշխատանքի ներդրմամբ:
-Դեղագետի մասնագիտությունն ընտրող դիմորդները կողմնորոշվա՞ծ են մասնագիտության ընտրության հարցում: Ի՞նչ առանձնահատկություններ ունի դեղագետի մասնագիտությունը:
-Դեղագիտական ֆակուլտետը հիմնականում համալրվում է մասնագիտության հարցում կողմնորոշված դիմորդներով և ընդունելության քննություններից հետո մեզ մոտ թափուր տեղեր չեն մնում: Ավելին, առաջին կուրսից հետո այլ ֆակուլտետներ տեղափոխվելու ցանկություն ունեցող դիմորդները երբեմն փոխադրվում են, սակայն այստեղ կարևոր է նաև մեր կողմից տարվող աշխատանքները:
Այս մասնագիտությունն ավելի հանրայնացնելու համար անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որպեսզի դիմորդները լավ պատկերացնեն դեղագետի աշխատանքի տարբեր ուղղությունները:
-Այսօր հանրապետության մի շարք բուհեր ունեն դեղագիտական ֆակուլտետներ, ինչն առաջացնում է մրցակցություն: Ո՞րն է բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի հաղթաթուղթը:
-Պետական և մասնավոր այլ բուհերում նույնպես կան դեղագիտական ֆակուլտետներ, որն ակնկալում է առողջ մրցակցություն՝ որակյալ մասնագետների պատրաստման առումով:
Սակայն կա մտավախություն, որ ոչ բոլոր բուհերը կարող են ապահովել անհրաժեշտ կրթական մակարդակ և որակ, քանի որ գիտելիքի ստուգման և համապատասխանեցման չափանիշները հստակեցված չեն: Մեր ֆակուլտետի հաղթաթուղթը կրթության բարձ որակի ապահովումն է:
-Դեղագիտական ֆակուլտետի ամբիոններն ու լաբորատորիաներն ունե՞ն անհրաժեշտ հագեցվածություն ուսանողների գործնական հմտությունները զարգացնելու համար:
-Կրթության որակն առանց համապատասխան պայմանների ապահովման դժվար է պատկերացնել: Ամբիոնների և լաբորատորիաների հագեցվածությունը շատ մեծ դեր ունի այդ հարցում: Ֆակուլտետի ամբիոններն իրենց հնարավորությունների սահմաններում, ընդհանուր առմամբ, թույլ են տալիս ապահովել կրթական ծրագրով պահանջվող վերջնարդյունքները՝ կապված գործնական հմտությունների հետ: Սակայն ամբիոններն ու լաբորատորիաները վերազինման, վերկահավորման, հագեցման կարիք ունեն, որը ոչ թե մեկանգամյա, այլ անընդհատ գործընթաց է, քանի որ գիտությունը, կրթությունը շարունակ առաջ են շարժվում, փոխվում են պահանջները, մեծանում է մրցակցությունը:
-Ի՞նչ մասնագիտացում են ավելի հաճախ ընտրում ապագա դեղագետները, և աշխատանքի ի՞նչ հնարավորություններ ունեն նրանք Հայաստանում բուհն ավարտելուց հետո:
-Բուհն ավարտելուց հետո մեր դեղագետներն աշխատանք գտնելու բազմաթիվ հնարավորություններ ունեն՝ դեղատներում, դեղատնային պահեստներում, գործարաններում, լաբորատորիաներում, գիտահետազոտական հաստատություններում, հիվանդանոցներում, դեղագործական կազմակերպություններում և այլն:
Այսօր համապատասխան որակավորմամբ դեղագետ մասնագետների մեծ պահանջարկ կա: Դեղագործները տարբեր բնագավառներում կարող են մրցել հարակից ոլորտների մասնագետների հետ: Իրենց ուժերի վրա վստահ շրջանավարտները, սովորաբար, գտնում են իրենց հմտություններին համապատասխան աշխատանք:
Ապագա դեղագետներն առավել հաճախ ընտրում են «Կլինիկական ֆարմացիա» մասնագիտացումը, որն այս պահին դիտվում է հեռանկարային ուղղություն:
– Մեկ տասնամյակից ավելի ղեկավարում եք Դեղագիտական ֆակուլտետը: Կառանձնացնե՞ք ձեր գործունեության առաջնահերթությունները:
-Իմ ղեկավարմամբ ֆակուլտետի անձնակազմի գործունեության առաջնահերթությունը համակարգված, անխափան, որակյալ կրթության ապահովումն է, որն իր մեջ ներառում է կրթական, ուսումնական ծրագրերի ստեղծումը, վերնայումը, կազմումը, դասախոսական կազմի ընտրությունը, ուսանողների գիտահետազոտական աշխատանքների համակարգումը, ինչպես նաև ամենօրյա աշխատանքն ուսանողների և դասախոսների հետ:
-Ձեր խոսքն ուղղված՝ արդեն 50-ամյա պատմություն ունեցող ֆակուլտետին, պրոֆեսորադասախոսական կազմին և ապագա դեղագետներին:
–Հոբելյանական տարով պայմանավորված խոսքս պետք է լինի շնորհավորական:
Շնորհավորում եմ իմ գործընկերներին, շրջանավարտներին, ուսանողներին, ապագա դեղագետներին: Ցանկանում եմ առողջություն, բեղմանավոր աշխատանքային գործունեություն, համախմբվածություն տարբեր ոլորտներում՝ հատկապես մեր երկրում դեղագործության զարգացման գաղափարի շուրջ:
Սիրով տեղեկացնեմ, որ սեպտեմբերի 26-ին՝ դեղագետի միջազգային օրը, նախատեսվում է համաժողով՝ նվիրված Դեղագիտական ֆակուլտետի ստեղծման 50-ամյակին՝ հոբելյանական և գիտական մասով, որին հրավիրում ենք մասնակցել ոլորտով հետաքրքրված բոլոր մասնագետներին: