Փետրվարի 4-ին ամբողջ աշխարհում նշվում է քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ նախաձեռնություն, որն ուղղված է քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման և ժամանակակից բուժման մեթոդների մասին իրազեկվածության բարձրացմանը։ 2025-2027 թթ․-ի համար սահմանված «Եզակիությամբ միավորված» կարգախոսը ընդգծում է քաղցկեղի կանխարգելման և բուժման հարցում անհատական մոտեցման անհրաժեշտությունը: Միաժամանակ, այն կարևորում է համընդհանուր ջանքերի անհրաժեշտությունը՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար։
«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` քաղցկեղը շարունակում է մնալ աշխարհում մահացության երկրորդ հիմնական պատճառը։ Ըստ Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալության (ՔՈւՄԳ) տվյալների՝ 2022 թ․-ին աշխարհում գրանցվել է քաղցկեղի 20 միլիոն նոր դեպք և 10 միլիոն մահ։
Կյանքի ընթացքում յուրաքանչյուր 5-րդ մարդու մոտ ախտորոշվում է օնկոլոգիական հիվանդություն, ընդ որում՝ յուրաքանչյուր 9-րդ տղամարդը և յուրաքանչյուր 10-րդ կինը մահանում է քաղցկեղից։ Կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերի թիվը կաճի 77%-ով՝ պայմանավորված բնակչության ծերացմամբ և ռիսկային վարքագծով։ Այս աճը հատկապես արագ է լինելու ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ առողջապահական համակարգերը կարող են պատրաստ չլինեն նման բեռին արդյունավետորեն արձագանքելու համար։
2022 թվականին աշխարհում գրանցված նոր դեպքերի մեծ մասը պայմանավորված են եղել քաղցկեղի հետևյալ երեք տեսակներով.
Թոքի քաղցկեղը եղել է նաև օնկոլոգիական հիվանդություններով պայմանավորված մահվան առաջատար պատճառը՝ 1,8 միլիոն մահ (քաղցկեղից մահվան դեպքերի ընդհանուր թվի 18.7%)։ Դրան հաջորդել են հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղը (900 000 մահ՝ 9.3%) և լյարդի քաղցկեղը (760 000 մահ՝ 7.8%)։
Քաղցկեղի հիվանդացության և մահացության ցուցանիշների բաշխումը ըստ սեռի ցույց է տալիս որոշակի տարբերություններ։ Կանանց շրջանում ամենատարածված քաղցկեղի տեսակն ու մահվան հիմնական պատճառը կրծքագեղձի քաղցկեղն է, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը։
Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (ՔՀՄԳ) տվյալներով՝ օնկոլոգիական հիվանդացության և մահացության մակարդակը զգալիորեն տարբերվում է՝ կախված երկրների Մարդկային զարգացման ինդեքսից (ՄԶԻ): ՄԶԻ-ն, որը հաշվի է առնում կյանքի սպասվող տևողությունը, կրթական մակարդակը և կենսամակարդակը, արտացոլում է սոցիալ-տնտեսական զարգացման տարբերությունները։ Այս անհավասարությունը հատկապես ցայտուն է կրծքագեղձի քաղցկեղի դեպքում։ Ցածր ՄԶԻ ունեցող երկրներում կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման հավանականությունը 50%-ով ցածր է, քան բարձր ՄԶԻ ունեցող երկրներում, սակայն մահացության ռիսկը զգալիորեն բարձր է՝ պայմանավորված որակյալ բժշկական օգնության սահմանափակ հասանելիությամբ, ուշ ախտորոշմամբ և բնակչության ցածր իրազեկվածությամբ։
Օրինակ, բարձր ՄԶԻ ունեցող երկրներում կրծքագեղձի քաղցկեղը կյանքի ընթացքում ախտորոշվում է 12-ից 1 կնոջ մոտ, և 71 կանանցից մեկը մահանում է այդ հիվանդությունից, մինչդեռ ցածր ՄԶԻ ունեցող երկրներում այդ ցուցանիշները կազմում են, համապատասխանաբար 27-ից 1 և 48-ից 1։
Քաղցկեղի 30-50%-ը կարելի է կանխարգելել: Կանխարգելման հիմնական ուղիներից են՝ առողղջ ապրելակերպի պահպանումը, ուլտրամանուշակագույն ճառագայթումից խուսափումը, շրջակա միջավայրի և ներսի օդի աղտոտվածության կանխարգելումը, որոշ հիվանդությունների դեմ պատվաստումը (օրինակ, մարդու պապիլոմավիրուսի, հեպատիտ B-ի), բժշկության մեջ իոնիզացնող ճառագայթման անվտանգ օգտագործման կանոնների պահպանումը, սքրինինգային ծրագրերին մասնակցումը:
Հիվանդության վաղ ախտորոշումը հնարավորություն է տալիս բարձրացնել բուժման արդյունավետությունը և նվազեցնել մահացությունը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ քաղցկեղի վիրաբուժական բուժման հետաձգումը մահացության ռիսկը մեծացնում է մոտ 7%-ով, իսկ քիմիաթերապիայի կամ ռադիոթերապիայի չորս շաբաթանց ուշացումը՝ մինչև 13%-ով:
Քաղցկեղի որոշ տեսակների նախակլինիկական փուլում ախտորոշման նպատակով իրականացվող սքրինինգ հետազոտությունների շարքին են պատկանում, օրինակ, կրծկագեղձի քաղցկեղի հայտնաբերման նպատակով իրականացվող մամոգրաֆիան, արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման համար կատարվող Պապ (Պապանիկոլաուի) թեստը, մարդու պապիլոմավիրուսի ԴՆԹ թեստավորումը, և այլն:
Իրավիճակը Հայաստանում
Հայաստանում գրանցվում է քաղցկեղի հիվանդացության և մահացության մակարդակների զգալի աճ։ Երկիրը Արևմտյան Ասիայում քաղցկեղի հիվանդացությամբ երրորդն է, իսկ մահացությամբ՝ առաջինը։ 1985-2023 թվականներին առաջնակի հիվանդացության ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է՝ 140.6-ից հասնելով 280.9-ի (100,000 բնակչի հաշվով), իսկ մահացությունը աճել է 1.7 անգամ՝ 98.3-ից հասնելով 170.5-ի։ 2023 թվականին քաղցկեղը ՀՀ-ում մահացության հիմնական պատճառներից երկրորդն էր՝ կազմելով բոլոր մահերի 20.8%-ը։
2023թ.-ի դրությամբ, տղամարդկանց համեմատ, քաղցկեղի ընդհանուր տարածվածությունը կանանց շրջանում եղել է մի փոքր բարձր (համապատասխանորեն, 296.3 և 263.7/ 100 000 կանանց և տղամարդկանց թվի հաշվով), ընդ որում, կանանց մոտ ցուցանիշների զգալի բարձր մակարդակը գրանցվել է 36-59 տարեկանների խմբում: 59 տարեկանից հետո, բոլոր տարիքային խմբերում պատկերը փոխվում է` տարածվածության ավելի բարձր մակարդակ գրանցվում է տղամարդկանց շրջանում:
2023թ.-ին կանանց շրջանում առավել տարածված են եղել կրծքագեղձի (98.8/100,000), հաստ աղու (19.8/100,000) և արգանդի մարմնի (17.0/100,000) քաղցկեղները։ Տղամարդկանց շրջանում՝ թոքի/շնչափողի/բրոնխների (54.5/100,000), հաստ աղու (21.2/100,000) և ստամոքսի (18.7/100,000) քաղցկեղները։
Կանանց շրջանում քաղցկեղը վաղաժամ մահացության առաջին պատճառն է հանդիսացել, իսկ տղամարդկանց մոտ այն, ըստ վաղաժամ մահացության ցուցանիշի մակարդակի, միայն արյան շրջանառության համակարգի հիվանդություններին է զիճել:
Ռիսկի գործոնների տարածվածությունը
Հիմնական մարտահրավերները
Ուստի, քաղցկեղի դեմ ավելի արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է.
Քաղցկեղի դեմ պայքարը պահանջում է համակարգային և համատեղ ջանքեր՝ ինչպես պետական մակարդակով, այնպես էլ հասարակության ակտիվ մասնակցությամբ։ Միայն այսպես կարող ենք հասնել էական առաջընթացի և բնակչության կյանքի որակի բարձրացման։