ԵՊԲՀ-ում քննաշրջանի ավարտին կմեկնարկի նոր` ConNect վիրաբուժական ծրագիրը, որը նախատեսված է համալսարանի 1-2-րդ կուրսի և քոլեջի ուսանողների համար։
Մեկնարկող ծրագիրը հետաքրքիր նախապատմություն ունի․ Այն մշակվել ու կյանքի է կոչվել բժշկական բուհի սովորողների ջանքերով:
Վիկտորյա Առուստամյանցը (սովորում է ԵՊԲՀ քոլեջի «Քույրական գործ» մասնագիտությամբ 4-րդ կուրսում), բժշկական համալսարանի ուսանողներ` Մոնիկա Սիմոնյանի, Վարդուհի Հարությունյանի և Աննա Գրիգորյանի հետ մասնակցել է «Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամ»-ի կողմից հայտարարված ուսանողական դրամաշնորհներից մեկին և հաղթել:
Տեղեկանալով դրամաշնորհի մասին՝ իրենք մեկտեղել են ծրագրում իրենց պատկերացումները և հաջողություն արձանագրել:
«Մեր նպատակն էր ստեղծել ծրագիր, որով կկարողանանք համալսարանի ցածր կուրսերի և քոլեջի ուսանողներին տալ պատկերացում կլինիկական կյանքի վերաբերյալ, ինչը կօգնի նրանց լինել ավելի հմուտ իրենց գործում և հաջողությամբ ինտեգրվել վիրաբուժական թիմերի կազմում»,- պատմում է Վիկտորյան` հավելելով, որ շատ է կարևորում համալսարանում և քոլեջում տարբեր մասնագիտացումներով սովորող ուսանողների միջև ուսանողական և ընկերական կապերի ձևավորումը.
«Հենց այդ պատճառով որոշեցինք միավորվել համալսարանի և քոլեջի ուսանողներով և ստեղծել վիրաբուժական ուսանողական թիմեր»:
Ծրագրի ուշադրության կենտրոնում են լինելու հիվանդի հետ աշխատանքի բազմաթիվ ասպեկտներ՝ ներառյալ վերջինիս ընդունումը կլինիկա, նախավիրահատական պատրաստումը, վիրաբուժական մանիպուլյացիաներն ու դրանց կազմակերպումը, հետվիրահատական ընթացքը, պատմագրերի հետ աշխատանքը, կլինիկական դեպքերի քննարկումը և այլն։
Նախաձեռնությունը առանձնանում է նրանով, որ ուսանողները փոխանցում են իրենց փորձն ու գիտելիքներն այլ ուսանողների՝ ավելի ակնառու դարձնելով, մասնավորապես, այն խնդիրները որոնց բախվում են ուսանողները կլինիկաներում։ Սա հնարավորություն է տալիս ձևավորել հիմք այդ խնդիրների լուծման համար։
ConNect-ի թիմի անդամների խոսքով` Կարիերայի կենտրոնի «Լանցետ» ծրագիրը վիրաբուժության ասպարեզում ստեղծեց բազմաթիվ հնարավորություններ 4-5-րդ կուրսերի ուսանողների համար։ Այժմ ցածր կուրսերի և քոլեջի ուսանողները նույպես հնարավորություն ունեն զարգացնել իրենց հմտությունները։
Մեկնարկող ծրագրի շրջանակում ուսանողները հնարավորություն կստանան մասնակցել վիրաբուժության ասպարեզում թիմային աշխատանքի և նոր հմտությունների ձեռքբերման դասընթացների, որոնք գիտելիքներ կտան հետագա կլինիկական գործունեության համար։
Ծրագիրը կազմված է մեկամսյա դասապրոցեսից, որի ավարտին անցկացվում է ամփոփիչ մրցույթ համալսարանի և քոլեջի ուսանողներից կազմված թիմերի միջև։
Դասերի մեջ ներառված են ասեպտիկայի և անտիսեպտիկայի, հյուսվածքների լիգավորման, վիրաբուժական կարերի, վիրակապությունների, ներարկումների, գործնական և կլինկական քեյսերի քննարկման, կլինիկական փաստաթղթերի կազմման պարապմունքներ։
Առավել մանրամասն ծանոթանալու և մասնակցելու համար անհրաժեշտ է հայատառ լրացնել ստորև ներկայացված հայտը:
Գրանցման տեղերը սահմանափակ են:
(Հղումը կարող եք գտնել նաև ինստագրամյան կամ ֆեյսբուքյան էջերում՝ @connect.sgy,)
Հարցերի դեպքում կարող եք գրել էլ. հասցեին՝ connect.sgy@rambler.ru: