Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ռազմական բժիշկների նոր սերունդը համալրեց ԵՊԲՀ մեծ ընտանիքը

Ռազմական բժիշկների նոր սերունդը համալրեց ԵՊԲՀ մեծ ընտանիքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում ուսումնական թարմ շունչն էր թևածում․ դիմավորում էին առաջին կուրսի կուրսանտներին։ 

ՌԲՖ պետ Վարդան Ծատուրյանի խոսքով՝ բժշկական համալսարան ընդունվելուց հետո կուրսանտները ձեռք են բերել առաջնային նշանակության ռազմական գիտելիքներ ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում՝ անցնելով «Երիտասարդ մարտիկ»-ի դասընթացը, որից հետո ընդունել են երդում։ 

Կուրսանտներին մաղթելով կանաչ ճանապարհ և բարձր առաջադիմություն՝ Վարդան Ծատուրյանը շեշտեց․ «Բժշկական համալսարանը մեծ ընտանիք է, որտեղ սովորում են ուսանողներ աշխարհի տարբեր երկրներից։ Դուք միասին եք սովորելու, միասին կերտելու եք ձեր ապագան, ձեր ճանապարհը։ Դուք ամեն օր պետք է սովորեք․ բժշկական համալսարանում սովորելը շատ բարդ, բայց հաղթահարելի գործընթաց է։ Օր օրի զգալու եք, թե ինչպես եք լցվում գիտելիքներով՝ դառնալով պիտանի մասնագետ պետության և զինվորի համար, որոնց համար երդում եք տվել»։ 

ՌԲՖ պետի տեղեկացմամբ՝ այս տարվա առանձնահատկություններից է այն, որ առաջին կուրսի լավ սովորող երկու ուսանող Պաշտպանության նախարարության կողմից կընտրվի հետագայում ուսումը Հունաստանում՝ Սալոնիկի ռազմական ակադեմիայում շարունակելու համար։ 

Ապագա ռազմական բժիշկները կմասնակցեն բուհում անցկացվող ուսումնական վարժանքներին, ինչպես նաև մշակութային ծրագրին՝ շաբաթ օրերին այցելելով մայրաքաղաքի թանգարաններ։  

Ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի ղեկավար Սամվել Գալստյանը ևս ողջունեց կուրսանտներին․ «Պետք է զգաք պատասխանատվությունը երկրի նկատմամբ։ Ամեն օր պետք է կարդաք, հարցնեք, ամեն օր ձգտեք նոր գիտելիք ձեռք բերել։ Այս համազգեստը կրելը ձեզ համար մեծ պատիվ է»։   

ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության վարչության սպա Էդուարդ Միրզոյանը կուրսանտներին մաղթեց բեղմնավոր ուսումնական գործընթաց։ «Միասին ենք հաղթահարելու բոլոր փորձությունները։ Մենք մասնակցելու ենք ձեր ռազմական կրթության բոլոր գործընթացներին։ Ցանկացած խնդիր և հարց լուծելի է, պետք է միայն ցանկություն։ Սակայն, առաջին հերթին, անհրաժեշտ է սովորել և պահանջել, այսինքն՝ կատարելով ձեր պարտականությունները՝ ձեռք բերել նաև իրավունքներ։ Ձեզ բավականին բարդ փորձություն է սպասվում, որովհետև ռազմական բժիշկ դառնալն ավելի բարդ է, քան զինվորական մյուս մասնագիտությունները», – հավելեց ՊՆ սպան։ 

Ֆակուլտետի առաջատար մասնագետ Աննա Դանիելյանը ևս, ողջունելով կուրսանտներին, նշեց․ «Թող ձեզ համար մեծ պատիվ լինի այս համազգեստը կրելը։ 44-օրյա պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք հերոս բժիշկներ, որոնց սխրագործությունների և անցած փառքի ուղու մասին մենք բոլորս պարտավոր ենք ձեզ պատմել, որպեսզի ձեզ մոտ ավելի ամրապնդվի ռազմական բժշկի կոչումը կրելու ձգտումը»։  

Հանդիպման ավարտին ապագա ռազմական բժիշկները ծանոթացան ֆակուլտետի առանցքային ամբիոնների և ուսումնական մասի գործունեությանը։