«Սեզոնային գրիպի կանխարգելման բժշկական և սոցիալ-տնտեսական նշանակությունը Հայաստանում» խորագրով գիտաժողով

«Սեզոնային գրիպի կանխարգելման բժշկական և սոցիալ-տնտեսական նշանակությունը Հայաստանում» խորագրով գիտաժողով

Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի և Task Force for Global Health (TFGH) կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ բժշկական բուհում մայիսի 21-ին անցկացվեց «Սեզոնային գրիպի կանխարգելման բժշկական և սոցիալ-տնտեսական նշանակությունը Հայաստանում» խորագրով գիտաժողովը։

«Գիտաժողովը մեկ հարկի տակ է համախմբել համաճարակաբաններին, առողջապահության կազմակերպիչներին, ընտանեկան բժիշկներին և մանկաբույժներին: Այսօրվա քննարկումը կարևոր հնարավորություն է ստեղծում` համատեղ անդրադառնալու սեզոնային գրիպի կանխարգելմանը ոչ միայն բժշկական, այլև սոցիալ-տնտեսական նշանակությամբ` ներկայացնելով Հայաստանում իրականացված հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև քննարկելու ապագա ռազմավարություններն ու քաղաքական մոտեցումները», – ազդարարելով մեկնարկը` նշեց Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց. «Այսօր կարևորագույն օրերից է բժշկական համալսարանի համար, որի պատերի ներքո հավաքվել են առաջատար մասնագետներ, որոնք զբաղվում են սեզոնային գրիպի կանխարգելման գործընթացով: Ուրախ եմ ողջունել մեր միջազգային գործընկերներին, որոնք ժամանել են մեր երկիր` մասնակցելու քննարկմանը: Առհասարակ, Հանրային առողջության ֆակուլտետի աշխատանքները վերջին տարիներին ուղղված են կանխարգելման գործընթացներն ապահովելուն` հաշվի առնելով, որ երկրում թափ առնող ապահովագրական գործընթացները լուրջ ազդեցություն ունեցան բնակչության առողջապահական ցուցանիշների վրա: Իհարկե, կանխարգելման գործընթացները պետք է ունենան իրենց ուրույն տեղը և դերը»: Սեզոնային գրիպին վերաբերող հարցերը, նրա խոսքով, դժվար է թերագնահատել` հաշվի առնելով, որ այն մեծ հիվանդացություն և մահացություն ունի աշխարհում. բացի բժշկական ցուցանիշներից, կարող է ունենալ նաև աղետալի դերակատարում սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային գործընթացներում, ինչի ականատեսը եղանք, երբ մոլեգնում էր COVID-19 համավարակը: «Փորձը, որ մենք ձեռք բերեցինք, ևս մեկ անգամ պահանջում է լրջորեն դիտարկել այս խնդիրները և հանրամատչելի ձևով ներկայացնել դրանք բնակչությանը: Մեզ համար խիստ կարևոր է, որպեսզի բժշկական ցուցանիշները լինեն առաջնահերթ, բայց երբ ամփոփվում են տնտեսական ցուցանիշները, մենք համոզվում ենք, որ այն դեպքերը, որոնք փաստացի զերծ մնացին հիվանդացությունից, հետագայում թոթափեցին նաև առողջապահական համակարգի տնտեսական բեռը», – նկատեց բուհի ղեկավարը` հավելելով, որ մեր երկրում, վերջին տարիներին ազգային պատվաստման ծրագրի ցուցանիշը բարձրացել է մինչև 95%: Այս ցուցանիշը, նրա խոսքով, նշանակում է, որ կա բացարձակ վստահություն պատվաստումների գործընթացի հանդեպ: «Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ նշելով 70-75% դեպքերը, որոնք կանխել ենք պատվաստումների միջոցով, որոնք բաժին էին հասնելու ամենախոցելի խմբերին` երեխաներին, ծերերին, ուղեկցող հիվանդություններ ունեցող անձանց, մենք պետք է հանրամատչելի կերպով բնակչությանը ներկայացնենք նաև տնտեսական հնարավորությունները և ցուցանիշները:

Այսօր խոսելիս կուզենայի, որ մեր ապագա շրջանավարտները,  երիտասարդ բժիշկները, օժտված լինելով գիտելիքով, երբևէ չվախենան, չվարանեն սկզբունքային դիրքորոշում հայտնել այն դեպքերում, երբ խորապես հասկանում են դրա հետևանքները: Չհիվանդացածները չեն կարող գնահատել հուզական դաշտում այն մեծ խնդիրներրը, որոնք բաժին են հասնում բոլոր այն ընտանիքներին, որոնք անցնում են այդ փորձությունով: Պետք է նշել, որ այս հիվանդությունից բարդություններն ունենում են ճակատագրական նշանակություն, որոնք կարող են ավարտվել մարդկային կորուստներով», – շեշտեց Արմեն Մուրադյանը:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը շեշտեց, որ մասնագիտական հանրության համար գաղտնիք չէ, որ  ցանկացած հիվանդություն շատ ավելի դյուրին է կանխարգելել, քան հետո պայքարել հետևանքների դեմ:

«Սեզոնային գրիպը հիվանդություն է, որը մշտադիտարկման, պանդեմիկ պոտենցիալի հաշվարկման կարիք ունի: Պատահական չէ, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում  իրականացվում է համաճարակաբանական հսկողություն սեզոնային վարակների նկատմամբ, որի նպատակն է ժամանակին  հասկանալ իրավիճակը և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, քանի որ գրիպը, հանգեցնելով բավականին մեծ թվով հիվանդացության, բերում է  առողջապահական  համակարգի ծանրաբեռնվածության աճի` առաջացնելով նաև տնտեսական հետևանքներ», – ասաց նա` կարևորելով համագործակցությունը հայաստանյան և միջազգային գործընկերների հետ:

Task Force for Global Health կազմակերպության ներկայացուցիչ Կառա Տյուփսն իր ելույթում նկատեց. «Ինձ համար մեծ պատիվ է վերջապես անձամբ լինել այստեղ՝ Հայաստանում սեզոնային գրիպի դեմ պատվաստման ծրագրի մասին այդքան շատ լսելուց հետո: Վերջին տարիների մեր առաջնահերթություններից մեկը եղել է աջակցություն ցուցաբերել այն երկրներին, որոնք ցանկանում են գնահատել սեզոնային գրիպի դեմ պատվաստման ծրագրի ազդեցությունը թե՛ առողջապահական համակարգի, թե՛ ընդհանուր բնակչության վրա: Ահա թե ինչպես է ստեղծվել այս նախագիծը ձեր երկրում: Մենք հաճախ ենք օգտագործում Հայաստանը` որպես հաջողության օրինակ այս ոլորտում՝ սեզոնային գրիպի կանխարգելման ծրագրի գործընթացում գրանցված առաջընթացի պատճառով: Հայաստանն առաջին գործընկեր երկիրն էր, որը դա արել է սկզբից մինչև վերջ: Մեծ ջանքեր են պահանջվում, և ես ուզում եմ շնորհավորել ձեզ բոլորիդ այն ծանր աշխատանքի համար, որը հանգեցրել է ցանկալի արդյունքի: Ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵՊԲՀ-ին՝ մեզ հյուրընկալելու և մեր նախագծերին աջակցելու համար»:

Գիտաժողովի շրջանակում կներկայացվեն Հայաստանում 2017–2024 թվականներին իրականացված սեզոնային գրիպի պատվաստումների ծրագրի գնահատման հիմնական արդյունքները։ Հետազոտությունն իրականացվել է PIVI-ի, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (US CDC) և Երևանի պետական բժշկական համալսարանի համագործակցությամբ։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանում սեզոնային գրիպը շարունակում է պահպանել զգալի հիվանդացություն. մեկ սեզոնի ընթացքում միջին հաշվով արձանագրվել է 15,653 թեթև և միջին ծանրության դեպք:

Պատվաստումների ծրագրի ազդեցության գնահատումը ցույց է տվել, որ միայն երեխաների շրջանում մեկ սեզոնի ընթացքում միջինում կանխվել է շուրջ 2,440 հիվանդության դեպք, իսկ կանխված դեպքերի 75–85%-ը բաժին է ընկել երեխաներին և ուղեկցող հիվանդություններ ունեցող անձանց։ Կանխված դեպքերի առավելագույն թիվը արձանագրվել է 2022–2023 սեզոնին՝ կազմելով մոտ 8,600 դեպք։

Տնտեսական գնահատման համաձայն՝ պատվաստումների ծրագրից ստացված օգուտները զգալիորեն աճել են վերջին տարիներին։ Բժշկական ծախսերի խնայողություններից և կանխված աշխատանքային կորուստներից ստացված տնտեսական օգուտները աճել են ավելի քան չորս անգամ:

Հատկանշական է, որ երեխաների շրջանում ներդրված յուրաքանչյուր 1 ԱՄՆ դոլարի դիմաց վերադարձը կազմել է մինչև 3.17 ԱՄՆ դոլար, ինչը փաստում է պատվաստումների բարձր արդյունավետությունն ու տնտեսական նպատակահարմարությունը։

Սոցիալական արդյունքների գնահատումը ցույց է տվել, որ բնակչությունը բարձր է գնահատում պատվաստումների ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական օգուտները՝ հիվանդությունից խուսափումը, ընտանիքի անդամների պաշտպանությունը, վարակման հետ կապված անհանգստության նվազեցումը և առողջ համայնքների ձևավորումը։

ԱՆ ՀՎԿԱԿ ներկայացուցիչներ Եվգենյա Խաչատրյանը և Նաիրա Խաչատրյանը հաջորդաբար հանդես եկան «Հայաստանում սեզոնային գրիպի համաճարակաբանական հսկողություն. մարտահրավերներ և քաղված դասեր» և «Սեզոնային գրիպի իմունականխարգելումը Հայաստանում. մարտահրավերներ և քաղված դասեր» զեկույցներով:

TFGH խորհրդատու Գայանե Սահակյանը ներկայացրեց Հայաստանում սոցիալական ներդրումների վերադարձի (SROI) հետազոտության ընդհանուր նկարագիրը: Բժշկական բուհի Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը մասնակիցների դատին հանձնեց Հայաստանում գրիպի պատվաստման սոցիալական արդյունքների սահմանման և գնահատման մեթոդաբանությունը: Սկսելով դրա նախապատմությունից և հիմնավորումից` համալսարանական մասնագետը հանգամանորեն անդրադարձավ «Արժևորման խաղ»-ի մեթոդաբանությանը: Բացահայտելով, թե ինչու այն ընտրվեց` Մարինե Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանում այդ մեթոդաբանությունը կիրառվել է առաջին անգամ: Նա մանրամասնեց մեթոդաբանության համապատասխանեցումը Հայաստանին, ինչպես նաև հետազոտության իրականացման վայրերը և մասնակիցներին:

TFGH կազմակերպության ներկայացուցիչ Ստեֆանո Տեմպիան առցանց տեսակապով հանդես եկավ «Սեզոնային գրիպի բեռը Հայաստանի Հանրապետությունում» և «Գրիպի պատվաստման առող ջապահական նշանակությունը Հայաստանում․ իրական և հիպոթետիկ պատվաստումային արշավների մոդելավորում քաղաքականությունների մշակման համար» խորագրով զեկույցներով:

CDC ներկայացուցիչ Հիսու Ջուի զեկույցը վերաբերում էր Հայաստանում սեզոնային գրիպի պատվաստման ծրագրի ներդրումների վերադարձին․ մոդելահենք տնտեսական գնահատմանը, իսկ TFGH ներկայացուցիչ Կառա Տյուփսը խոսեց Հայաստանում գրիպի պատվաստման սոցիալական արդյունքների արժեքի մասին:

Միջոցառումը կամփոփվի Հայաստանում սեզոնային գրիպի կանխարգելման ապագա ռազմավարությունների վերաբերյալ պանելային քննարկմամբ, որին կմասնակցեն շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նշենք, որ հանրային առողջապահության, համաճարակաբանության, առողջապահության կառավարման և քաղաքականության ոլորտների մասնագետների, պետական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, հետազոտողների և շահագրգիռ այլ կողմերի մասնակցությամբ բժշկակական բուհում անցկացվող գիտաժողովը հավաստագրված է: