Սիրիահայ ապագա բժիշկը հայրենիքում բժշկությունը զարգացնելու ծրագրեր ունի

Ազգությամբ հայ, բայց արտերկրում ծնված շատ երիտասարդներ բժշկական կրթություն ստանալու հարցում ընտրում են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական համալսարանը: Արտերկրից Հայաստան եկած ապագա բժիշկները դառնում են երկու երկրի մշակույթները կրողները, տարածողները և ներկայացնողները:

ԵՊԲՀ շրջանավարտ Կարապետ Պարսումեանը ծնվել և մեծացել է Սիրիայի Հալեպ քաղաքի հայաշատ թաղամասերում: Մինչև 6-րդ դասարան, սովորել է Ազգային Հայկազյան վարժարանում, իսկ հետո ուսումը շարունակել «Քարեն Եփփէ» ազգային ճեմարանում:

«Սիրիական պատերազմի պատճառով 2012-ին ուսումս կիսատ թողեցի Ճեմարանում և ընտանիքով տեղափոխվեցինք ավելի ապահով շրջան Սիրիայի ծովեզերեքի մասը, ստիպված լինելով ուսմանս մնացած 3 տարիները շարունակել արաբական դպրոցում՝ լինելով միակ հայ ուսանողը 500 աշակերտի մեջ: Սիրիայում ավարտելով 12-րդ դասարանը՝ 2015-ին առանց մեկ րոպե հապաղելու պատրաստեցի անհրաժեշտ փաստաթղթերս և տեղափոխվեցի միշտ երազած իմ հայրենիք՝ Հայաստան»,-պատմում է ապագա բժիշկը:

Կարապետ Պարսումեանը խոստովանում է, որ սկզբում ցանկացել է գնալ մորեղբոր ճանապարհով և դեղագետի մասնագիտությունն ընտրել, հետո փոխել է որոշումը:

«Երբ մտա նախապատրաստական բաժին մեր համալսարանում, նկատեցի, որ այնքան էլ քիմիայի սիրահար չեմ, ինձ ավելի հետաքրքիր էին բժշկական թեմաները, դրա համար որոշեցի բժիշկ դառնալ: Կյանքում չեմ զղջացել Հայաստան տեղափոխվելիս, երիտասարդական տարիներիս ամենալավ օրերն անցկացրել եմ Հայաստանում, Հայաստանը իմ տունն է և չեմ ուզում ուրիշ տեղ գնալ»,-շեշտում է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի շրջանավարտը:

Որպես նեղ մասնագիտացում, հավանաբար, կընտրի վիրաբույժի ճանապարհը:

«Դեռ վերջնական չեմ որոշել, բայց վիրահատարանում աշխատանքը ինձ դուր է գալիս և, կարծում եմ, հենց «այդ սիրտը ունեմ», որպեսզի կարողանամ հիվանդին վիրահատել»,- նշում է Կարապետը:

Նա հավելում է, որ շատ հպարտ է՝ բժշկական համալսարանում սովորելու համար:

«100-ամյա պատմությամբ, ուժեղ համազգային կապերի շնորհիվ բուհը մեզ տալիս է գիտելիք, կրթություն, որը ընդունված է առաջատար գրեթե բոլոր երկրներում: Բժշկական մայր բուհը նոր ընկերական շրջապատ ստեղծելու մեծ հնարավորություն է տվել, ծանոթացրել է շատ սիրելի և ազնիվ մարդկանց հետ, որոնք հմուտ և աշխատասեր մասնագետներ են ոլորտում, և իրենք իմ մեջ արթնացրել են սերը բժշկության հանդեպ»,-նշում է ապագա բժիշկը:

 Կարապետ Պարսումեանը բժշկի կերպարը ստեղծելու իր սկզբունքն ու մոտեցումն ունի:

«Բժիշկը ամենաառաջինը պետք է լավ սովորություններ կրող անձ լինի, այսինքն ՝ պետք է չծխի, ալկոհոլ չօգտագործի, զբաղվի ակտիվ սպորտով՝ իր հիվանդներին օրինակ ծառայելու համար: Պետք է նաև հասկանա հիվանդին, բացատրելով նրան շատ հանգիստ՝ ինչ պետք է անել՝ առողջական վիճակը բարելավելու համար: Եվ ամենակարևորը՝ բժիշկը պետք է աշխատանքին մոտենա սառնասրտորեն և անհրաժեշտ պահին ամենայն պատասխանատվությամբ հստակ որոշում կայացնի»,-եզրափակում է հայրենադարձ ապագա մասնագետը: