Սիրտանոթային հիվանդությունները (ՍԱՀ) շարունակում են մնալ բնակչության մահացության և հաշմանդամության առաջնային պատճառը: Սրտի համաշխարհային ֆեդերացիայի (ՍՀՖ) 2023թ․-ի զեկույցի համաձայն՝ 2021թ․-ին աշխարհում ՍԱՀ-ի հետևանքով 20,5 միլիոն մարդ է մահացել (մահվան բոլոր դեպքերի 33%-ը): Միայն Եվրոպայի տարածաշրջանում ՍԱՀ-ից ամեն օր 10 000 մարդ է մահանում։ 2021 թվականին ամբողջ աշխարհում ախտորոշված ՍԱՀ-ի դեպքերի թիվը կազմում էր 500 միլիոն։
«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` չնայած վերջին 30 տարվա ընթացքում ՍԱՀ-ից մահերի ընդհանուր թվի աճին (1990թ․-ին գրանցվել է 12,1 միլիոն մահ)՝ ըստ տարիքի ստանդարտացված մահացության ցուցանիշը նվազել է մեկ երրորդով (354.5/100 000-ից 1990 թվականին մինչև 239.9/ 100 000): Այնուամենայնիվ, այս առաջընթացը դանդաղել է վերջին տարիներին և անհավասար է տարածաշրջանների միջև: Ցուցանիշի մակարդակի նվազումը շատ ավելի արագ է եղել բարձր եկամուտ ունեցող երկրներում՝ համեմատած ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների հետ, որտեղ ՍԱՀ-ից մահերի դեպքերը կազմում են ամբողջ աշխարհում տեղի ունեցած ՍԱՀ-ից մահերի ավելի քան 80%-ը։ Ընդ որում՝ այդ երկրներում գերակշռում են ԱԱՀ-ից վաղաժամ մահվան դեպքերը: Վերջինս բացատրվում է նշված երկրներում բուժօգնության ցածր հասանելիությամբ, բնակչության ոչ առողջ ապրելակերպով:
ՍԱՀ-ից ըստ տարիքի ստանդարտացված մահացության ամենաբարձր ցուցանիշները գրանցվում են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում։
ՍԱՀ-ից մահացության մակարդակը տարբերվում է ոչ միայն ըստ երկրների, այլև երկրների ներսում՝ ըստ սեռի, էթնիկ պատկանելության և սոցիալ-տնտեսական կարգավիճակի։
Գլոբալ մասշտաբով՝ ՍԱՀ-ից ըստ ըստ տարիքի ստանդարտացված մահացության ցուցանիշը տղամարդկանց շրջանում ավելի բարձր է, համեմատած կանանց հետ (համապատասխանաբար 280.8/ 100 000 և 204.0/ 100 000)։
Այնուամենայնիվ, այս տարբերությունը համընդհանուր չէ բոլոր երկրներում:
Լոս Անջելեսում (ԱՄՆ) իրականացված պրոսպեկտիվ կոհորտային հետազոտության տվյալները, որտեղ ուսումնասիրվել է հայկական էթնիկ պատկանելության և ՍԱՀ-ի զարգացման ռիսկի միջև կապը, ցույց են տվել, որ հայկական էթնիկ պատկանելությունն անկախ ռիսկի գործոն է ՍԱՀ-ի զարգացման համար՝ նույնիսկ հաշվի առնելով ավանդական ռիսկի գործոնները:
Սրտի իշեմիկ հիվանդությունը (ՍԻՀ) և կաթվածը կազմում են ՍԱՀ-ից մահվան դեպքերի 85%-ը։ 2021թ-ին ՍԻՀ-ից և կաթվածից աշխարհում մահացել է համապատասխանաբար 9,1 և 6,6 միլիոն մարդ։
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում դիտվում է սրտի իշեմիկ հիվանդությունից վաղաժամ մահացության ամենաբարձր մակարդակը։
Չնայած վերջին չորս տասնամյակի ընթացքում աշխարհում դիտվող ՍԻ-ի տարածվածության և մահացության մակարդակների նվազման միտումներին՝ սրտային անբավարարության (ՍԱ) տարածվածության և մահացության մակարդակները շարունակում են մնալ բարձր: Համաձայն ԱՀԿ վիճակագրական տվյալների` ամբողջ աշխարհում ՍԻ-ի տարածվածությունը կազմում է շուրջ 23.3%: Հետազոտության տվյալները փաստում են, որ չախտորոշված ՍԻ-ի տարածվածությունը կազմում է մոտ 26.9%: Հիվանդությունը հիմնականում հանդիպում է 50 տարեկանից բարձր անձանց խմբում։ Այնուամենայնիվ, երիտասարդները նույնպես հիվանդության ռիսկի տակ են: Համաձայն բազմաթիվ հետազոտությունների տվյալների՝ <60 տարեկանների խմբում ՍԻ-ի տարածվածությունը կազմում է շուրջ 3.8%, մինչդեռ >60 տարեկանների մոտ՝ 9.5%: Իգական սեռի համեմատ, տղամարդկանց մոտ, հատկապես՝ երիտասարդ տարիքում, հիվանդությունը շատ ավելի հաճախ է հանդիպում, սակայն դաշտանադադարից հետո հիվանդության հանդիպման հաճախականությունը կանանց շրջանում որոշակիորեն հավասարվում է տղամարդկանց:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանի ՍԱԻ-ի ցուցանիշները համադրելի են միջազգային ցուցանիշների հետ: 2023թ.-ին հանրապետությունում ՍԱՀ-ի առաջնակի հիվանդացությունը կազմել է 2205.8/ 100 000: ՍԻՀ, ՍԻ և կաթվածի առաջնակի հիվանդացության ցուցանիշների մակարդակները եղել են համապատասխանաբար 536.0, 60.2 և 23.7՝ 100 000 բնակչության հաշվով։
2023 թ-ին ՍԱՀ-ից մահվան դեպքերը ՀՀ-ում կազմել են բոլոր մահվան դեպքերի 53.3%-ը։ ՍԱՀ-ի մահացության ցուցանիշի մակարդակը վերջին 5 տարվա ընթացքում որոշակիորեն բարձրանալով COVID-19 համավարակի հետ կապված, 2022-2023թթ․-ին նվազել է մինչև 2019թ-ի մակարդակը։ Նույն ժամանակահատվածում 62%-ով բարձրացել է մահացությունը ՍԻ-ից (27.4/100 000-ից 2019թ-ին մինչև 44.4/100 000 2023 թվականին)։
ՍԱՀ-ի հիմնական կառավարելի ռիսկի գործոնները շատ լավ հայտնի են՝ ծխելը, ալկոհոլի օգտագործումը, մեծ քանակությամբ աղի օգտագործումը, նստակյաց կյանքը, չբալանսավորված սննդակարգը, սթրեսը, մթնոլորտային օդի աղտոտվածությունը, մետաբոլիկ գործոնները (զարկերակային գերճնշումը, մարմնի զանգվածի բարձր ինդեքսը, դիաբետը, դիսլիպիդեմիան):
ՍԱՀ-ի գլոբալ բեռը նվազեցնելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս երկրներին իրականացնել հետևյալ քայլերը.