Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սրտի տրանսաորտալ փականի իմպլանտացիա Սարգիս Կիրամիջյանի մասնակցությամբ՝ «Հերացի» համալսարանական հիվանդանոցում. (տեսանյութ)

Սրտի տրանսաորտալ փականի իմպլանտացիա Սարգիս Կիրամիջյանի մասնակցությամբ՝ «Հերացի» համալսարանական հիվանդանոցում. (տեսանյութ)

ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայում իրականացվել է սրտի տրանսաորտալ փականի իմպլանտացիա (TAVI) ծանր աորտալ ստենտով հիվանդներին:

Համալսարանական թիմի հետ միասին, երկու միջամտություն է կատարել ԱՄՆ-ից Լոս Անջելեսի Կալիֆոռնիա նահանգի Cardiac STEMI Program Adventist Health White Memorial  հիվանդանոցային ցանցի ինվազիվ սրտաբանության սրտի փականային ախտահարումների ծրագրի ղեկավար բժիշկ Սարգիս Կիրամիջյանը, որը մեծ փորձ ունի աորտալ փականի տրանսկատետորային իմպլանտացիա (TAVI) միջամտությունների իրականացման ոլորտում:

«Վերահատության ընթացքում սրտի մեջ խողովակով փական է տեղադրվում: Այն կառուցված է մետաղից և կենդանու սրտի կաշվից: Վիրահատություն կատարվում է փակ: Այս հիվանդությունը կոչվում է աորտիկ փականի խցանում, հանդիպում է 70 տարեկանից բարձր անձանց 20 տոկոսի մոտ, այն դեղերով չի բուժվում: Կլինիկան ծանր է. ցավ կրծքավանդակում, հիվանդը դժվարանում է քայլել, շնչել, ունենում է գլխապտույտ, թուլություն: Նոր տեխնոլոգիան, որը կիրառվում է շուրջ 10 տարի, օգնում է լավացնել կյանքի որակը, պացիենտը հիվանդանոցում քիչ է մնում, շուտ է դուրս գրվում»,-նշում է Սարգիս Կիրամիջյանը՝ընդգծելով, որ ցանկանում է՝ Հայաստանում ևս կիրառվի այս տեխնոլոգիան, ջանքեր չեն խնայվում այն հետագայում համալսարանական կլինիկաներում կիրառելու համար:

Սրտաբան, Սրտաբանության ամբիոնի դասախոս Ցոլակ Սարգսյանը հավելում է, որ երկու օրվա ընթացքում կատարված միջամտութունները համալսարանական կլինիկայի անձնակազմի և սփյուռքահայ առաջատար բժիշկների սերտ համագործակցության հերթական դրսևորումն է. «Դրան նախորդել էր երկարատև նախապատրաստական աշխատանք: Մենք բավական լավ կազմակերպված թիմային աշխատանք ունեցանք, որի արդյունքը եղավ 75 և 80 տարեկան հիվանդների վիրահատությունների բարեհաջող ելքը»: Նշենք, որ պրոֆեսոր Համայակ Սիսակյանի ղեկավարած Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկան հանրապետության սրտաբանական առաջատար ծառայություններից է։ Այստեղ կիրառվող նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ ապահովվում է սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման բարձր որակ և արդյունավետություն: Կլինիկայի փորձառու և ճանաչում ունեցող բժիշկները մշտապես ձգտում են սիրտ-անոթային հիվանդությունների վերաբերյալ իրենց գիտելիքներն ու պատկերացումները խորացնել և լայնացնել գիտահետազոտական և կլինիկական աշխատանքների միջոցով: