Թավրիզի բժշկական գիտությունների համալսարանի պատվիրակությունը բժշկական բուհում էր

Թավրիզի բժշկական գիտությունների համալսարանի պատվիրակությունը բժշկական բուհում էր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում էր Թավրիզի բժշկական գիտությունների համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Բահման Նագիպուրի գլխավորությամբ։

Բժշկական մայր բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանը կարևորեց իրանական պատվիրակության այցը՝ շեշտելով, որ նմանատիպ փոխճանաչման այցեր կազմակերպելու անհրաժեշտություն կա։

«Մեր աշխատանքները կարող են դառնալ ավելի արդյունավետ։ Տարիներ առաջ Իրանի առողջապահության նախարարի հետ համաձայնեցինք, որ երկկողմ պայմանավորվածությունները պետք է ունենան գործնական առաքելություն։ Շատ կարևոր էր նրա անձնական ներգրավվածությունը՝ որպես ակնաբույժ», – նշեց ռեկտորը։

Բահման Նագիպուրը մեծ գոհունակությամբ պատրաստակամություն հայտնեց նպաստելու հայ և իրանցի ուսանողների և դասախոսների փոխադարձ այցերին, ինչպես նաև համատեղ համաժողովների և գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը։

«Գիտական համագործակցությունը երկու համալսարանի միջև կնպաստի նաև բուհերի միջազգային մակարդակի բարձրացմանը։ Թավրիզում շատ հայեր են ապրում․ դա դրական ազդեցություն է թողնում երկու ժողովրդի միջև հարաբերությունների ամրապնդման վրա։ Իմ մասնագիտությունը՝ կարդիոանեսթեզիոլոգիա, անմիջականորեն կապ ունի Ձեր մասնագիտության հետ․ մենք մեկ թիմի անդամ ենք», – ընդգծեց Բահման Նագիպուրը՝ պաշտոնապես հրավիրելով ԵՊԲՀ ռեկտորին այցելել Թավրիզի բժշկական գիտությունների համալսարան։

Կարևորելով նոր կապերի հաստատումը բժշկագիտության ոլորտում՝ Արմեն Մուրադյանը հավելեց․ «Որպես վիրահատարանում փորձ ունեցող երկու մարդ՝ մենք միասին ավելի հեշտ կաշխատենք, իսկ ուսանողները կհամոզվեն, որ բժիշկների միջև սահմաններ չկան, առավել ևս, երբ այդ բժիշկները ներկայացնում են բարեկամ երկրներ»։

Իրանցի հյուրերը՝ Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի ուղեկցությամբ, շրջայց կատարեցին նաև ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում՝ ծանոթանալով տարածաշրջանում եզակի հնարավորություններով օժտված սարքավորումներին։