Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հյուրն էր Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։
Այցը մեկնարկեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնից։ Բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանը և Կենտրոնի ղեկավար Հայկուհի Մինասյանը, ողջունելով հյուրին, ներկայացրին «Զինվորի տան» հիմնադրման պատմությունը և այդ գործում մեծ ներդրում ունեցած բարերարներին։
Առնակ Ավետիսյանը ծանոթացավ վիրավոր զինվորների վերականգնողական բուժմանն ուղղված գերժամանակակից սարքավորումներին՝ տեղում ականատես լինելով տղաների բուժման գործընթացին։
Արմեն Մուրադյանի խոսքով՝ մոտ 1000 վիրավոր զինծառայող Կենտրոնի շնորհիվ մասնագիտություն է ստացել, նրանցից 200-ն արդեն աշխատանք ունի Հանրապետության առաջատար կազմակերպություններում։
Բժշկական բուհի ղեկավարն ու «Զինվորի տան» տնօրենը տեսանյութի միջոցով ցույց տվեցին տղաների հաջողությունները տարբեր ոլորտներում՝ դասական պարերից մինչև ձեռագործ թիթեռների ցուցահանդես։
Շարունակելով այցը բժշկական համալսարանում՝ Առնակ Ավետիսյանը ծանոթացավ «ՔՈԲՐԵՅՆ» (COBRAIN) ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի գործունեությանը։ Ռեկտորը ներկայացրեց Seahorse կոչվող սարքը՝ հպարտությամբ ընդգծելով, որ այն տարածաշրջանում միակն է։
Շրջայց կատարվեց վերակառուցված և արդիականացված թանգարանում, նորաբաց լսարաններում, Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում։
Բուհի ղեկավարը ներկայացրեց այս պահին լայն թափով ընթացող շինարարական աշխատանքները, որոնք միտված են կրթական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը, ուսանողների համար հարմարավետ և ժամանակակից պայմանների ստեղծմանը։
Նշվեց, որ բուհի վարչական մասնաշենքի հարևանությամբ տեղակայված Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքն աճուրդով ձեռք է բերվել որպես սեփականություն։ Ռեկտորը ներկայացրեց շենքի հետագա շահագործման հետ կապված ծրագրերը։