Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Ամեն տարի մարտի 24-ը նշվում է որպես տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր, որի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը տուբերկուլոզի առողջության, սոցիալական և տնտեսական կործանարար հետևանքների վերաբերյալ, ինչպես նաև ակտիվացնել միջոցառումները տուբերկուլոզի գլոբալ համաճարակը կանխելու համար: Ի դեպ, 1882թ.-ին այս օրը Ռոբերտ Կոխը հայտարարեց տուբերկուլոզի հարուցիչի հայտնաբերման մասին՝ ճանապարհ բացելով հիվանդության ախտորոշման և բուժման համար: Այս տարվա կարգախոսն է՝ «Այո՛, մենք կարող ենք վերջ տալ տուբերկուլոզին. պարտավորվե՛նք, ներդնե՛նք, ապահովե՛նք»: Այն հույսի, հրատապության և պատասխանատվության կոչ է և ընդգծում է տուբերկուլոզի՝ աշխարհի ամենամահաբեր վարակիչ հիվանդության վերացման հրատապ անհրաժեշտությունը:

Տուբերկուլոզը շարունակում է մնալ աշխարհում մարտահրավերային հիվանդություն՝ հանգեցնելով միլիոնավոր մարդկանց բժշկական, սոցիալական և տնտեսական խնդիրների: Այն հարուցվում է Mycobacterium tuberculosis բակտերիաներով և առավել հաճախ ազդում է թոքերի վրա: Վերջինս կարող է օդում պահպանվել մի քանի ժամ: Վարակը փոխանցվում է ակտիվ տուբերկուլոզով հիվանդներից օդակաթիլային մեխանիզմով, երբ նրանք հազում, փռշտում կամ թքում են: Հիմանկանում վարակվում են հիվանդների հետ երկարատև և հաճախակի շփվողները:

Չնայած կանխարգելմանը և բուժմանը՝ ամեն տարի 10 միլիոն մարդ հիվանդանում է տուբերկուլոզով, իսկ 1,5 միլիոնը՝ մահանում: Հարկ է նշել, որ տուբերկուլոզը ՄԻԱՎ-ով հիվանդների մահվան հիմնական պատճառն է:

Չնայած տուբեկուլոզը տարածված է ամբողջ աշխարհում՝ հիվանդների գրեթե կեսն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող 8 երկրում՝ Բանգլադեշ, Հնդկաստան, Ինդոնեզիա, Չինաստան, Նիգերիա, Պակիստան, Ֆիլիպիններ և Հարավային Աֆրիկա:

Գնահատվել է, որ ներկայումս երկրագնդի բնակչության մոտ մեկ քառորդը համարվում է տուբերկուլոզով վարակված՝ ներառյալ լատենտ ձևերը: Հատկանշական է, որ վարակվածների մեծ մասի մոտ հիվանդություն չի զարգանում: Նրանց մոտ կյանքի ընթացքում տուբերկուլոզով հիվանդանալու ռիսկը 5-10% է:

Տուբերկուլոզի նոր դեպքերի ցուցանիշն (100 000 բնակչի հաշվարկով) աշխարհում վերջին տարիներին բարձրացման միտում է ունեցել: 2020-2023թթ. ընթացքում այն բարձրացել է 4.6%-ով՝ 129՝ 2020թ. և 134՝ 2023թ., մինչդեռ 2010թ.-ից հետո յուրաքանչյուր տարի նվազել է 2%-ով մինչև 2020թ.: Աշխարհում 2023թ. արձանագրվել է 8.2 մլն նոր դեպք, որն ամենաբարձր դեպքերի թիվն է, 1990թ.-ից հետո, այն 15%-ով գերազանցել է նախահամավարակային շրջանը՝ 2019թ.՝ 7.1 մլն դեպք:

2023թ.-ին տուբերկուլոզի մահվան դեպքերը կազմել են 1.09 միլիոն ՄԻԱՎ բացասական մարդկանց շրջանում և 161 000՝ ՄԻԱՎ-ով հիվանդների շրջանում: 2022թ.-ին մահվան դեպքերը եղել են 1.32 մլն, 2021թ.՝ 1.40 մլն, իսկ նախահամավարակային շրջանում՝ 2019թ.՝ 1.34 մլն:

Ենթադրվում է, որ 2020-2023 թվականներին COVID-19-ի համավարակի հետ կապված խափանումները հանգեցրել են տուբերկուլոզից գրեթե 700 000 լրացուցիչ մահերի՝ համեմատած մինչհամաճարակային շրջանի հետ:

Եվրոպական տարածաշրջանում 2020թ.-ից սկսած՝ նկատվել է դեպքերի աճի միտում, գնահատվել է 229 000 տուբերկուլոզով հիվանդության դեպք (25/100000): Մահվան դեպքերը 2022թ.-ին կազմել են 18 000 ՄԻԱՎ բացասական անձանց շրջանում, ինչը 6%-ով գերացանցել է 2021թ.-ի դեպքերը:

Դիտարկումները վկայում են, որ Հայաստանում 2014թ.-ից հետո նկատվել է տուբերկուլոզի հիվանդացության նվազման միտում՝ 34.7-ից հասնելով մինչև 12.2 (100000 բնակչի թվով)՝ 2023թ.-ին: Կյանքում առաջին անգամ ախտորոշված ակտիվ տուբերկուլոզի դեպքերը 2023թ.-ին կազմել է 361, որից 72%-ը՝ թոքային տուբերկուլոզ: Ընդհանուր դեպքերի գերակշռող մասը՝ 70%, արձանագրվել է տղամարդկաց շրջանում, իսկ 30%-ը՝ կանանց: Դեպքերի 8%-ը (28 դեպք)՝ եղել են մինչև 18 տարեկանները:

Դեռևս 2015թ. ընդունվել է ԱՀԿ–ի «Տուբերկուլոզի վերացման գլոբալ ռազմավարությունը» 2020-2035թթ. համար, որի նպատակներն են` տուբերկուլոզի հիվանդացության զգալի նվազում 90%-ով, տուբերկուլոզի մահվան դեպքերի զգալի նվազում 95%-ով:

Համաշխարհային մակարդակով 2010-2019թթ. ընթացքում տուբերկուլոզով հիվանդների բուժման ծածկույթի կայուն բարելավումներ են եղել՝ 51%-ից մինչև 56% 2015թ.-ին և այնուհետև՝ 69%՝ 2019թ.-ին: COVID-19 համավարակի խափանումներն հանգեցրել են բուժման առաջընթացի կտրուկ շրջադարձի՝ 2020թ.-ին այն կազմելով ընդամենը 58%, սակայն 2023թ.-ին վերականգնվել է մինչև 75%: Մինչև 2027թ. նպատակադրվել է բուժման գլոբալ ծածկույթը հասցնել մինչև 90%-ի:

Մեկ այլ կարևոր խնդիր է հակատուբերկուլոզային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը՝ բուժման ռեժիմների ոչ պատշաճ նշանակման կամ պահպանման պատճառով: Բազմադեղակայուն տուբերկուլոզը (MDR-TB) ենթադրում է կայունության առնվազն երկու ամենաարդյունավետ հակատուբերկուլոզային դեղերի՝ իզոնիազիդի և ռիֆամպիցինի նկատմամբ: Լայն սպեկտրի ազդեցության հակաբակտերիային դեղերի նկատմամբ կայուն տուբերկուլյոզը (XLU-TB) ներառում է լրացուցիչ կայունություն ցանկացած երկրորդ շարքի ներարկային հակատուբերկուլյոզային դեղերի նկատմամբ (ամիկացին, կապրեոմիցին և կանամիցին): Եվրոպական տարածաշրջանում բազմադեղակայուն միկոբակտերիաների դեպքերի մակարդակը մնացել է անփոփոխ՝ գրանցելով տարեկան միջինը 1300 դեպք: Այս դեպքերի ավելի քան 20%-ում հայտնաբերվել է XLU-TB: Բազմադեղակայուն տուբերկուլոզով (MDR-TB) հիվանդների միայն 40-45%-ն է հաջող բուժման արդյունքներ ունենում: Հիվանդների գրեթե 40-50%-ը չի արձագանքում բուժմանը և մահվան ելք է ունենում:

Հարկավոր է շեշտել, որ տուբերկուլոզի առումով ռիսկի խմբում են. ՄԻԱՎ-ով հիվանդները, թմրամոլները, ալկոհոլամոլները, տուբերկուլոզով հիվանդի կոնտակտավորները, վերջին 2 տարում տուբերկուլոզով վարակվածները, տուբերկուլոզի շարունակական հսկողության ենթակա անձինք, դատապարտյալները, շաքարային դիաբետով հիվանդները, անձինք, որոնք ստանում են կորտիկոստերոիդային, ճառագայթային և ցիտոստատիկ բուժում, մշտական բնակության վայր չունեցող անձինք, միգրանտները, փախստականները, ծերանոցների, մանկատների և սոցիալական օգնության կազմակերպությունների բնակիչները, ստացիոնարներում թոքային ախտաբանությամբ բոլոր հիվանդները, քաղցկեղի որոշակի տեսակներով հիվանդները` լեյկեմիա, գլխի կամ պարանոցի շրջանում քաղցկեղ, մարմնի զանգվածի նվազում` նորմայից 10% և ավելի քաշի անկում ունեցող անձինք:

Կարևոր է ընդգծել տուբերկուլոզի կանխարգելման հիմնական ուղղությունները.

  • Տուբերկուլոզի դեպքերի վաղ հայտանբերում, դեղակայունության զգայունության թեստավորում, բոլոր հիվանդների, այդ թվում՝ դեղակայուն տուբերկուլյոզով, բուժում և հիվանդների աջակցություն:
  • Կոնտակտավորների զննում, հետազդակային դեղորայքային կանխարգելում:
  • Վերոնշյալ բարձր ռիսկի խմբի անձանց համակարգաված զննում. ցանկացած պատճառով բժշկական օգնության դիմելիս, հետազոտվում են նաև տուբերկուլոզին բնորոշ գանգատների առկայությունը բացահայտելու ուղղությամբ:
  • Տուբերկուլոզի/ՄԻԱՎ-ի դեմ պայքարի համատեղ միջոցառումներ և ուղեկցող հիվանդությունների բուժում:
  • Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման նպատակով բժշկական զննությունների իրականացում այն գործունեության ոլորտներում ընդգրկված անձանց շրջանում, ովքեր ենթակա են առողջական վիճակի պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:
  • Տուբերկուլոզի դեմ պատվաստում, որն իրականացվում է ԲՑԺ պատվաստանյութով նորածինների շրջանում՝ ծնվելուց հետո 48 ժամվա ընթացքում: Նշենք նաև, որ ծննդատանը չպատվաստելու դեպքում (հակացուցման առկայություն), այն տրվում է տարածքային պոլիկլինիկայում՝ մինչև 2 ամսականը առանց Մանթուի թեստի, իսկ 2 ամսականից մինչև 1 տարեկանը՝ Մանթուի բացասական թեստից հետո: