Հոկտեմբերի 5-ին նշվում է ուսուցչի տոնը՝ մեկ անգամ ևս ընդգծելով մասնագիտության կարևորությունը: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր հաջողակ մարդու կայացման գործում մեծ է ուսուցչի դերը: Առողջ հասարակության, կրթության հիմքը դպրոցներում է: Կրթելը մասնագիտություն չէ, այլ՝ առաքելություն, որը մեծագույն պատասխանատվությամբ և մեծ նվիրումով ստանձնում է ուսուցիչը:
«Հերացի» ավագ դպրոցի բնագիտական առարկաների ամբիոնի կենսաբանության ուսուցչուհի Ռուբինա Հարությունյանը նշում է՝ թեև աշխատանքային գործունեության մեջ բազմաթիվ դժվարություններ կան, բայց դա ավելի ամուր է դարձնում յուրաքանչյուրին: «Դժվարություններ եղել են, երբ մտածել եմ նույնիսկ թողնել դասավանդելը, կոտրվել եմ, սակայն երեխաների աչքերի փայլը և ըմբռնելու, նորը բացահայտելու իրենց սպասումից ծագած կրակն ինձ օգնել են առաջ գնալ։ Երբ ինչ-որ չափով նպաստում ես իրենց երազանքների իրականացմանը կամ ներդրում ունենում իրենց ձեռքբերումներում, քեզ երբեմն հրաշագործ ես զգում։ Դա մի անբացատրելի զգացում է, որ մղում է քեզ միշտ լինել աշակերտներիդ կողքին, միասին քայլել ու հաղթահարել բոլոր խոչընդոտները, հասնել նպատակակետին»,-ասում է ուսուցիչը։
Նա վստահորեն նշում է , որ ուսուցչի հաջողության բանաձևը սիրո մեջ է. «Երբ սիրում ես աշակերտին, նրա մեջ տեսնում քեզ այդ տարիքում, հիշում, վերապրում քո իսկ զգացողություններն ու տագնապներն այդ տարիքում, սկսում ես իր աչքերով նայել շրջապատին և հասկանալ նրան։ Աշակերտին, որպես անձ, անհատատականություն ընդունելը, իմ կարծիքով, առաջնային հիմքն է այդ հարաբերություններում։ Դա ամենակարևոր քայլերից է դեպի ընկերություն ու փոխադարձ վստահություն»։
Ռուբինա Հարությունյանը սկզբում որոշել է գիտնական դառնալ, և առաջին քայլերն այդ ասպարեզում է կատարել. պաշտպանել է ատենախոսական թեզը ֆիզիոլոգիա մասնագիտությամբ։ Նրան միշտ հրապուրել է նոր թեմա բացատրելը, դիմացինի համար նոր ոլորտներ բացահայտելը։ «Դա ինձ մեծ բավականություն է պատճառում։ Դպրոց եկա անսպասելի, կարծես թե չծրագրավորած, սրտի կանչով։ Եկա ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց, հրապուրվեցի և աշխատում եմ այստեղ մինչև այսօր»,-հավելում է նա։
Կենսաբանության ուսուցչուհին համոզված է՝ ճիշտ չէ ասել, որ ուսումը և գիտելիքն արժեզրկվել են, պարզապես պետք է դրանք նոր սերնդին փոխանցել ժամանակակից մեթոդներով, հետաքրքրել նրանց ու կարողանալ պահել այդ հետաքրքրությունը՝ ավելի շատ շեշտը դնելով կիրառականի վրա։
«Մեր երեխաներին ուզում եմ տեսնել ավելի կայացած, հաջողակ, նպատակասլաց, մտածող, վերլուծող, պրպտող, կյանքի հմտություններով զինված, մոտիվացված և լավատես։ Սրտանց շնորհավորում եմ իմ սիրելի «Հերացի» ավագ դպրոցի ողջ անձնակազմին։ Բոլոր մանկավարժներին ցանկանում եմ, որպեսզի ավելի շատ բացահայտեն իրենց սաների մեջ մտածող տեսակը, արթնացնեն և զարգացնեն միայն դրականը։ Բավարարված և երջանիկ զգան իրենց այս դժվարին, բայց վեհ առաքելությունը կատարելիս։ Ուսուցիչ լինելը կոչում է»,-եզրափակում է նա։