Ուսանողական տարիների ձեռքբերումները նախանշում են ապագա բժիշկների մասնագիտական ուղին: ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող, «Վահան Արծրունու անվան» կրթաթոշակառու Սոնա Թունյանը սովորելու ընթացքում ընձեռված հնարավորությունից օգտվելով, հնարավորին շատ գիտելիքներ յուրացնելով՝ հավակնում է հետագայում դառնալ բարձր որակավորում ունեցող պահանջված մասնագետ:
«Քրտնաջան աշխատանքի արդյուքում առավելագույն միավորներով ընդունվեցի Բժշկական համալսարան: Դա պարտավորեցնող է, ստիպում է ավելի մեծ ջանքեր ներդնել և ձգտել հնարավորինս բարձր առաջադիմության: Համալսարանի տարբեր ամբիոններում ունեցել եմ գիտական ցեկույցներ ու հետազոտական աշխատանքներ։ Ուսումնառության տարիներին տպագրել եմ գիտական հոդված՝ «Շաքարախտը և պարօդոնտիտը» վերնագրով»,-նշում է ապագա բժիշկը, որը սովորելով Սիսիանի ավագ դպրոցի բնագիտական հոսքում՝ ձեռք է բերել համակողմանի գիտելիքներ, մասնակցել առարկայական օլիմպիադաների՝ մարզային և հանրապետական օլիմպիադաներում գրանցելով հաջողություններ քիմիա և կենսաբանություն առարկաներից, զբաղեցրել է մրցանակային տեղեր:
Անվանական կրթաթոշակառուի խոսքով՝ այդ ամենը, ինչպես նաև դպրոցի ավարտական ոսկե մեդալի արժանանալը լրացուցիչ խթան են հանդիսացել ուժերը փորձելու և բժշկական համալսարանի դիմորդ դառնալու հարցում:
Սոնա Թունյանը համոզված է՝ արդեն 100-ամյա պատմություն ունեցող բժշկական բուհում կազմված ուսումնական ծրագրերը լիովին կարող են հաղթահարելի լինել խիստ ծրագրավորված, ազնիվ աշխատանքի և ժամանակի ճշգրիտ կառավարման դեպքում:
«Երբեք հեշտ չի տրվում նման ահռելի ծավալի գիտելիքի յուրացումը, իսկ ընտրյալ պրոֆեսորադասախոսական կազմի երկար տարիների ստեղծագործ աշխատանքն օրինակ է, որ նվիրված աշխատելու դեպքում ուսանողը կարող է ոչ միայն գիտելիքներ ստանալ, այլև գրանցել հաջողություններ»,-նշում է ապագա բժիշկը, ում համար մոտիվացիա է նաև եղբայրը՝ Գեղամ Թունյանը, որը եղել է «Լևոն Օրբելու անվան» կրթաթոշակառու:
Սոնա Թունյանի համար պարտավորեցնող է «Վահան Արծրունու անվան» կրթաթոշակառու լինելը:
«Նման վաստակաշատ մարդու, ականվոր բժշկի անվան կրթաթոշակի արժանանալը մղում է պայքարել սեփական գիտելիքները նվիրված աշխատանքով համալրելու, բուհի ղեկավարության կողմից ընձեռված բարձր վստահությունն արդարացնելու համար»,-ընդգծում է ուսանողը, որը սովորում է նաև Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Հանրային առողջության» մագիստրատուրա, որտեղ նույնպես կրթաթոշակառու է։
Ապագա բժիշկը որոշել է մասնագիտանալ գինեկոլոգիայի բնագավառում և որպես կլինիցիստ ու հանրային առողջության մասնագետ նպաստել Հայաստանում անպտղության բարձր մակարդակի իջեցմանը։
«Ուսումնառության ընթացքում ծանոթացել եմ նաև Հայաստանի առողջապահական համակարգի առջև ծառացած խնդիրներին, որոնցից մեկը Հայաստանում անպտղության բարձր մակարդակն է: Առողջապահական համակարգը կուզեի տեսնել բարձր որակի ապահովագրական կառույցների հետ համագործակցության մեջ, որը կհանգեցներ թե՛ բուժական աշխատանքի որակի բարձրացմանը, թե՛ բժշկի ու պացիենտի լիարժեք իրավահարաբերություններին»,-շեշտում է բժշկական բուհի ուսանողը: Նա դինամիկ զարգացող բժշկագիտության բնագավառում մասնագիտական կայացման ճանապարհը հարթում է ամենօրյա աշխատանքի, մայր բուհից ստացած գիտելիքների պաշարի, պաբերաբար կազմակերպվող գիտական հավաքների, և առհասարակ գիտական նորությունների ուսումնասիրման շնորհիվ:
Ըստ նրա՝ բժշկի մասնագիտությունն ընտրած մարդը պետք է կարողանա ընկալել ուրիշի ցավը, կարեկցել և մյուսներից առավել տալ իր ջերմությունը, ներդնել մասնագիտական ունակությունները՝ համալիր և պատասխանատու որոշումներ կայացնելու համար: