Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրվան (սեպտեմբերի 28) ընդառաջ «Հերացի» վերլուծական կենտրոնի կողմից նախաձեռնվել էր «Կծած վերքեր․ կանխարգելում, վիրաբուժական վարում, պատվաստում» թեմայով վարպետաց դաս՝ այս անգամ Արմավիրի մարզի բժիշկների շրջանում։
Հիվանդությունների և դրանց կանխարգելման վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը հանրային առողջության լրջագույն խնդիրների լուծումներից է։
Վարպետաց դասն անցկացվեց Արմավիրի մարզպետարանում համալսարանական փորձառու մասնագետների կողմից։
«Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը ներկայացրեց կատաղության տարածվածությունն աշխարհում, համաճարակաբանական առանձնահատկությունները՝ նշելով, որ աշխարհում ամեն տարի շուրջ 60 հազար մարդ մահանում է կատաղությունից։ Այն վիրուսային, զոոնոզ, բնական օջախային, կոնտակտային փոխանցման մեխանիզմով վարակ է։ Մարդու և կենդանու վարակումը կատարվում է կատաղությամբ հիվանդ կենդանու կողմից մաշկային ծածկույթների, հազվադեպ նաև լորձաթաղանթի կծման, քերծման կամ թքոտման դեպքում ուղղակի կոնտակտի միջոցով։ Մասնագետն ընդգծեց, որ կատաղությունը 100% մահացու հիվանդություն է։
Հայաստանում 95% դեպքերում կատաղության աղբյուր են հանդիսանում շները, սակայն նշանակություն ունեն նաև կատուները, կրծողները, իսկ որոշ երկրներում՝ նաև չղջիկները։ Շների կծած դեպքերը տարեկան բազմաթիվ վնասվածքների պատճառ են դառնում, ամենաբարձր ռիսկի խումբը երեխաներն են։
Վարակված կենդանիները հարուցիչն արտազատում են թքի միջոցով՝ սկսած գաղտնի շրջանի վերջին 7-10 օրվանից և ողջ հիվանդության ընթացքում։ Հայաստանում վերջին տարիներին ավելացել են կենդանիների կողմից տուժելու դեպքերը, ցավոք, արձանագրվել են նաև մահվան եզակի դեպքեր։
Պրոֆեսոր Տեր-Ստեփանյանն ընդգծեց կծած վերքերի դեպքում ձեռնարկվող հրատապ միջոցառումների կարևորությունը․ անհրաժեշտ է վերքը անմիջապես լվանալ հոսող ջրով և օճառով 15 րոպե տևողությամբ և շտապ դիմել բուժօգության՝ հետազդակային իմունականխարգելում իրականացնելու համար։
Կատաղության դեմ պատվաստանյութը կանխում է հիվանդության զարգացումը 96-98% դեպքերում։ Նա ներկայացրեց հակակատաղության պատվաստումների սխեմաները տարբեր իրավիճակներում։
Նշվեց նաև շների պատվաստման կարևորությունը։ Մասնագետը հավելեց, որ կատաղության դեմ պայքարը արդյունավետ է միջոլորտային համագործակցության դեպքում՝ «Մեկ առողջություն» հայեցակարգում։
Մասնագետն անդրադարձավ նաև փայտացման համաճարակաբանական առանձնահատկություններին և կանխարգելման միջոցառումներին։
Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ինֆեկցիոն կլինիկայի բժիշկ Ալվարդ Հովհաննիսյանը ներկայացրեց կատաղության կլինիկական առանձնահատկությունները, ինչպես նաև կենդանիների կողմից կծման դեպքում զարգացող հնարավոր այլ վարակները։ Զեկույցի շրջանակում ներկայացվեցին արտառոց և հետաքրքիր կլինիկական դեպքեր՝ ինչպես միջազգային, այնպես էլ սեփական պրակտիկայից։
Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի ասիստենտ Լիլիթ Առաքելյանը ներկայացրեց կատաղության տարբերակիչ ախտորոշումը նմանատիպ այլ հիվանդություններից, ինչպես նաև անդրադարձավ կատաղության վերաբերյալ միֆերին և իրական փաստերին։
Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի դոցենտ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի վիրաբույժ Կարեն Փափազյանը «Վերքերի վիրաբուժական մշակում» գործնական դասընթացի ընթացքում ևս մեկ անգամ շեշտեց կատաղություն հիվանդության վտանգավորությունը և դրա անխուսափելի մահվան ելքը, եթե ժամանակին չի կատարվում հետազդակային կանխարգելում։ Նա ներկայացրեց կենդանու կողմից կծած վերքի առաջնային մշակման առանձնահատկությունները և դրա կարևորությունը։
Վարպետաց դասը կրեդիտավորված էր և անցկացվել է անվճար, որի համար ավագ բուժաշխատողները կստանան 10 գործնական ՇՄԶ կրեդիտ։ Մարզաբնակ բուժաշխատողների համար դասընթացը նոր գիտելիք ձեռք բերելու լավ հնարավորություն էր։ Նախաձեռնությունը շարունակական է լինելու։