ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի վերաբացումը հնարավորություն է ընձեռում առանձնացնել ուսանողների կրթական մասը, դասապրոցեսը և կլինիկական հատվածը:
Ակնաբուժության ամբիոնի նորընտիր վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Լիլիթ Ոսկանյանի խոսքով` նոր վերանորոգված, անհրաժեշտ սարքերով համալրված ամբիոնի վերաբացված մասը թույլ կտա ապագա բժիշկներին դասերի ընթացքում առցանց դիտել «կենդանի վիրաբուժություն», որը շատ կիրառվող և ուսուցողական գործընթաց է:
Ուսանողները կարող են, վիրասրահին միանալով, կախված նրանից թե դասախոսը, ամբիոնի ղեկավարը այդ պահին ինչ ուսումնական նյութ են ներկայացնում, հետևել վիրահատական ընթացքին:
Առցանց համակարգով ապագա մասնագետները հնարավորություն ունեն հետևելու նաև Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն դիմած (ամբիոնի կլինիկական բազաներից մեկն է) բուժառուների խորհրդատվություններին, հետազոտման ընթացքին:
«Բոլոր ուսանողները՝ յուրաքանչյուրն իր դասասենյակում, անցնում են համապատասխան ուսումնական նյութը: Դասախոսությունների համար ամբիոնում առկա է նաև դահլիճ, որը ևս հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Սա թույլ է տալիս նրանց առավել ինտերակտիվ ձևով ներգրավված լինել կլինիկական մթնոլորտում: Ամբիոնը վերջերս թարմացրել է նաև ուսումնական մուլյաժների քանակը, որոնց միջոցով սովորողներին ներկայացվում են աչքի տարբեր հիվանդություններ և դրանց վիրահատական ձևերը»,- մանրամասում է Լիլիթ Ոսկանյանը` հավելելով, որ կատարված նորարարություններն ու փոփոխություններն, առաջին հերթին, ուղղված են ուսումնական գործընթացի բարելավմանը և բացարձակապես հավասարեցված են աշխարհի լավագույն համալսարանների ակնաբուժության ամբիոնների աշխատանքներին:
Համալսարանական այս ամբիոնն արդեն գրեթե մեկդարյա պատմություն ունի, հիմադրվել է 1928 թվականին:
Վերաբացված ամբիոնում շարունակելու են տասնամյակների ընթացքում ձևավորված լավագույն ավանդույթները, որոնց ստեղծման գործում կարևոր դերակատարում ունի Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը: