Տուբերկուլոզը դեռևս առողջապահական մեծ բեռ է աշխարհի շատ երկրներում` լինելով կանխարգելելի և բուժելի հիվանդություն: Ամեն տարի տարեկան ավելի քան 10 միլիոն մարդ հիվանդանում, իսկ 1 միլիոն մարդ մահանում է տուբերկուլոզից: Միևնույն ժամանակ տուբերկուլոզը համարվում է առանձին վարակիչ հիվանդություններից մահվան առաջատար պատճառն աշխարհում: Համաձայն ԱՀԿ-ի գնահատման` 2024թ.-ին արձանագրվել է տուբերկուլոզով 10.7 մլն հիվանդության և 1.23 մլն մահվան նոր դեպքեր:
Հարկավոր է նաև ընդգծել, որ շատ երկրներում տուբերկուլոզով հիվանդացության բեռի նվազման միտում է նկատվում՝ հասնելով տարեկան 10-ից պակաս հիվանդության և 1 մահվան դեպքի` 100000 բնակչության հաշվով:
Ուստի, տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրը, որն ամեն տարի նշվում է մարտի 24-ին, ևս մեկ հնարավորություն է բարձրացնելու հանրության իրազեկվածությունը տուբերկուլոզի առողջական, սոցիալական և տնտեսական կործանարար հետևանքների վերաբերյալ, ինչպես նաև ակտիվացնել միջոցառումները մինչև 2030թ.-ը տուբերկուլոզի գլոբալ համաճարակը կանխելու համար: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ են բեկումնային գիտական զարգացումներ, այդ թվում` նոր պատվաստանյութի ստեղծում:
2026թ.-ի տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա թեման է` «Այո՛, մենք կարող ենք վերջ տալ տուբերկուլոզին»: Դա գործողության համարձակ կոչ է և հույսի ուղերձ երկրների կառավարությանը` ներքին և միջազգային ներդրումների ավելացման, ԱՀԿ-ի նոր առաջարկությունների և նորարարությունների արագ ներդրման, գործողությունների արագացման և սերտ բազմաոլորտ համագործակցության շնորհիվ`տուբերկուլոզի վերացումը հասանելի դարձնելու համար:
Այսպիսով, տուբերկուլոզը հարուցվում է Mycobacterium tuberculosis բակտերիաներով և առավել հաճախ ազդում է թոքերի վրա: Վերջինս կարող է օդում պահպանվել մինչև մի քանի ժամ: Վարակը փոխանցվում է ակտիվ տուբերկուլոզով հիվանդներից օդակաթիլային մեխանիզմով, երբ նրանք հազում, փռշտում կամ թքում են: Հիմնկանում վարակվում են հիվանդների հետ երկարատև և հաճախակի շփվողները:
Տուբերկուլոզը ՄԻԱՎ-ով հիվանդների մահվան հիմնական պատճառն է:
Չնայած տուբեկուլոզը տարածված է ամբողջ աշխարհում՝ հիվանդների գրեթե կեսն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող 8 երկրում՝ Բանգլադեշ, Հնդկաստան, Ինդոնեզիա, Չինաստան, Նիգերիա, Պակիստան, Ֆիլիպիններ և Հարավային Աֆրիկա:
Համաձայն «Հերացի» վերլուծականի տվյալների` հատկանշական է, որ վարակվածների մեծ մասի մոտ հիվանդություն չի զարգանում: Նրանց մոտ կյանքի ընթացքում տուբերկուլոզով հիվանդանալու ռիսկը ընդամենը 5-10% է:
Դիտարկումները վկայում են, որ Հայաստանում 2014թ.-ից ի վեր նկատվել է տուբերկուլոզի հիվանդացության նվազման միտում՝ 34.7-ից հասնելով մինչև 11.9 (100000 բնակչի թվով)՝ 2024թ.-ին: Կյանքում առաջին անգամ ախտորոշված ակտիվ տուբերկուլոզի դեպքերը 2024թ.-ին կազմել է 361, որից 71%-ը՝ թոքային տուբերկուլոզ: Ըստ սեռի և տարիքային խմբերի դեպքերի բաշխման ուսումնասիրությունը վկայում է, որ ընդհանուր դեպքերի գերակշռող մասը՝ 75%, արձանագրվել է տղամարդկաց շրջանում, իսկ 25%-ը՝ կանանց:
Գերակշռող դեպքերն արձանագրվել են 45-54 տարեկանների (19%) և 55-64 տարեկանների (23%) տարիքաին խմբերում: Դեպքերի 5%-ը (18 դեպք)՝ եղել են մինչև 14 տարեկանների շրջանում: Մասնագետների գնահատմամբ` այս դրական միտումը հստակ ճանապարհ է` հասնելու տուբերկուլոզի վերացման նպատակին:
Դեռևս 2015թ. ընդունվել է ԱՀԿ–ի «Տուբերկուլոզի վերացման գլոբալ ռազմավարությունը» 2020-2035թթ. համար, որի նպատակներն են`
Հարկ է ընդգծել, որ համաշխարհային մակարդակով 2010-2019թթ. ընթացքում տուբերկուլոզով հիվանդների բուժման ծածկույթի կայուն բարելավումներ են եղել՝ 51%-ից մինչև 56% 2015թ.-ին և այնուհետև՝ 69%՝ 2019թ.-ին: COVID-19 համավարակի խափանումները հանգեցրել են բուժման առաջընթացի կտրուկ շրջադարձի՝ 2020թ.-ին` կազմելով ընդամենը 58%, սակայն 2023թ.-ին վերականգնվել է մինչև 75%: Մինչև 2027թ. նպատակադրվել է բուժման գլոբալ ծածկույթը հասցնել մինչև 90%-ի:
Մեկ այլ գլոբալ մարտահրավեր է նաև հակատուբերկուլոզային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը՝ բուժման ռեժիմների ոչ պատշաճ նշանակման կամ պահպանման պատճառով: Եվրոպական տարածաշրջանում տարեկան գրանցվում է բազմադեղակայուն միկոբակտերիաների շուրջ 1300 դեպք: Բազմադեղակայուն տուբերկուլոզով հիվանդների միայն 40-45%-ն է հաջող բուժման արդյունքներ ունենում: Հիվանդների մոտ 40-50% -ը չի արձագանքում բուժմանը և մահվան ելք է ունենում:
Տուբերկուլոզի առումով ռիսկի խմբում ընդգրկված են. ՄԻԱՎ-ով հիվանդները, թմրամոլները, ալկոհոլամոլները, տուբերկուլոզով հիվանդի կոնտակտավորները, վերջին 2 տարում տուբերկուլոզով վարակվածները, տուբերկուլոզի շարունակական հսկողության ենթակա անձինք, դատապարտյալները, շաքարային դիաբետով հիվանդները, անձինք, որոնք ստանում են կորտիկոստերոիդային, ճառագայթային և ցիտոստատիկ բուժում, մշտական բնակության վայր չունեցող անձինք, միգրանտները, փախստականները, ծերանոցների, մանկատների և սոցիալական օգնության կազմակերպությունների բնակիչները, ստացիոնարներում թոքային ախտաբանությամբ բոլոր հիվանդները, քաղցկեղի որոշակի տեսակներով հիվանդները` լեյկեմիա, գլխի կամ պարանոցի շրջանում քաղցկեղ, մարմնի զանգվածի նվազում` նորմայից 10% և ավելի քաշի անկում ունեցող անձինք:
Կարևոր է ընդգծել տուբերկուլոզի կանխարգելման հիմնական ուղղությունները.
Հայաստանում առաջին անգամ ախտորոշված ակտիվ տուբերկուլոզի հիվանդացության շարժընթացը (2010-2024թթ.)