Ժամանակակից հասարակության ժողովրդագրական խնդիրների լուծման հիմնական գործոններից է ընտանիքի և ամուսնության ինստիտուտի ամրապնդումը: Ժողովրդագրական ամենակարևոր գործընթացները տեղի են ունենում ընտանիքներում: Չափազանցություն չի լինի ասել, որ ընտանիքը բնակչության վերարտադրության գործընթացը կարգավորող հիմնական սոցիալական ինստիտուտներից մեկն է։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամուսնությունը, հազվադեպ բացառություններով, ստեղծում է պայմաններ կանոնավոր ապրելակերպի համար, նպաստում է ծնելիության մակարդակի բարձրացմանը և կյանքի միջին տևողության ավելացմանը:
Դեռ 1990թ.-ին հայտնի ընտանեկան ժողորվրադագիր Լեռի Բամպեսսն իր աշխատանքում բարձրաձայնած հարցին, թե ի՞նչ է կատարվում ընտանիքի հետ, եզրակացրել էր, որ ընտանիքները ենթարկվել են հեղափոխական փոփոխությունների, և այդ փոփոխությունները դժվար թե հակադարձելի լինեն:
Ժողովրդագրական առումով, ամուսնությունը, ամուսնալուծության և այրիության գործընթացների հետ համատեղ, որոշում է բնակչության ամուսնական կառուցվածքը և հանդիսանում է ընտանիքի ձևավորման, ծնելիության և բնակչության կառուցվածքի փոփոխության կարևոր գործոն: Ընդ որում` առավել կարևոր է առաջին անգամ ամուսնանալու գործընթացը, քանզի առաջին ամուսնությունները զբաղեցնում են ամուսնությունների ամենամեծ տեսակարար կշիռը և առավել արդյունավետ են երեխաների ծնունդների տեսանկյունից:
Աշխարհում 2021թ.-ի դրությամբ ամուսնության ամենաբարձր գործակիցները (տվյալ ժամանակահատվածում գրանցված ամուսնության դեպքերի թիվը 1000 բնակչի հաշվով) գրանցվել են Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում (10.0), Ֆիջիում (9.8), Եգիպտոսում (9.6): Ամենացածրն են եղել գործակիցները Քաթարում (1.4), Ֆրանսիական Գվինեայում (2.4), Պերուում (2.5): Նույն տարեթվի դրությամբ ամուսնալուծության ամենաբարձր գործակիցները (տվյալ ժամանակահատվածում գրանցված ամուսնալուծության դեպքերի թիվը 1000 բնակչի հաշվով) գրանցվել են Մալդիվներում (5.52), Ղազախստանում (4.6), ՌԴ-ում (4.4): Ամենացածրն են եղել Հնդկաստանում (0.01), Մոզամբիկում (0.04), Քենիայում (0.06): ՀՀ-ում նույն տարեթվին ամուսնալուծության գործակիցը կազմել է 1.5, որը տարածաշրջանի այլ երկրների համեմատ ամենացածրն է եղել (Վրաստան` 2.9, Իրան` 2.2, Թուրքիա` 2.1, Ադերբեջան` 1.7): Ամուսնության գործակիցը նույն տարեթվին, տարածաշրջանի երկրների համեմատ ՀՀ-ում նույնպես եղել է ամենացածրը` 5.1 (Իրանում` 7.5, Ադերբեջանում` 6.4, ՌԴ-6.3, Վրաստանում` 6.2, Թուրքիայում` 5.9):
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2011թ.-ի համեմատ, 2021թ.-ին Հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը նվազել է 12.9 %-ով (19706-ից մինչև 17165), և 39.1%-ով աճել ամուսնալուծությունների թվաքանակը (3188-ից մինչև 4434)։ Ամուսնությունների ընդհանուր թվի մեջ ամուսնալուծությունների տեսակարար կշիռը վերջին 10 տարում ավելացել է։ Եթե 2010թ.-ին ամուսնալուծությունները կազմում էին ամուսնությունների ընդհանուր թվի 16%-ը, ապա 2020թ.-ին այդ թիվը հասել է 26%-ի։ 2020թ.-ին ամուսնալուծվել է այդ տարի ամուսնացած զույգերից ամեն 4-րդը (2010թ.-ին ամուսնացածներից ամեն 6-րդ զույգը)։ Ամուսնալուծվածների 85%-ը չեն ունեցել երեխա, 8% ունեցել են 1 երեխա, իսկ 7%-ը` 2 և ավելի երեխաներ:
2022թ.-ի դրությամբ ՀՀ մարզերից ամուսնալուծության ամենաբարձր մակարդակ գրանցվել է Երևանում` յուրաքանչյուր 2.5 ամուսնությանը մեկ ամուսնալուծություն էր բաժին ընկնում: Ամուսնալուծությունների թիվը Երևանում վերջին 10 տարվա ընթացքում ավելացել է 19%-ով: Երևանին հաջորդում է Լոռին, որտեղ 3 ամուսնությանը բաժին է ընկնում 1 ամուսնալուծություն: Ամուսնալուծության մակարդակով ամենաբարվոքը Գեղարքունիքի մարզն է` 7 ամուսնությանը բաժին է ընկնում 1 ամուսնալուծություն:
Վերջին տարիներին ՀՀ-ում փոփոխվել է նաև ամուսնացողների և առաջին անգամ ամուսնացողների միջին տարիքը. թե' կանայք, թե' տղամարդիկ 3-4 տարով ավելի ուշ են ամուսնանում։ Օրինակ, 2003-2020թթ.-ին կանանց ամուսնանալու միջին տարիքը 24-ից դարձել է 28, իսկ տղամարդկանցը` 28-ից` 32 տարեկան: Մեծացել է նաև առաջին ամուսնության միջին տարիքը։ Տղամարդկանց դեպքում 1992-2021թթ. առաջին անգամ ամուսնանալու միջին տարիքը 25.8-ից դարձել է 31.2, կանանց դեպքում ՝ 22.6-ից 27.7։ Ընդ որում, այս բացասական միտումները գրեթե նույնն են թե' քաղաքային, թե' գյուղական բնակչության համար։
Բացի նշվածից, կանանց թե' առաջին ամուսնության միջին տարիքը, թե' ամուսնության միջին տարիքն ավելի բարձր է, քան առաջին անգամ մայրանալու միջին տարիքը։ Դա պայմանավորված է նրանով, որ վերջին տարիներին հաճախ ամուսնությունների գրանցումներն իրականացվում են երեխայի ծննդից հետո։ Չգրանցված ամուսնություններից ծնված երեխաների տեսակարար կշիռը 2011թ.-ի համեմատ ՀՀ-ում աճել է 3.5 անգամ (8.6%-ից մինչև 30.1% 2022թ.-ին):
Արտաամուսնական կապերից ծնված երեխաների բարձր տեսակարար կշիռը տպավորություն է ստեղծում, որ ժամանակակից պայմաններում գրանցված ամուսնության և ծնելիության մակարդակի միջև կապը համեմատաբար թույլ է: Այնուամենայնիվ, իրականում ակնհայտ կորելյացիա կա ամուսնության և ծնելիության գործակիցների դինամիկայի միջև: ՀՀ-ում 1990-2021 թթ.-ին ամուսնության և ծնելիության ընդհանուր ցուցանիշների դինամիկայի միջև կորելյացիոն գործակիցը կազմել է 0.81, այսինքն գրանցվել է ուժեղ կապ: 1990թ.-ից ՀՀ-ում ծնելիության ընդհանուր գործակիցը կրճատվել է 1,8 անգամ (22.7-ից մինչև 12.4 ծնված երեխա 1000 բնակչի հաշվով):
Ներկա պահին ՀՀ-ում իրականացվում են ընտանիքի, ամուսնության և ծնելիության աջակցության մի շարք պետական ծրագրեր: Իրականացվող ծրագրերի արդյունավետության գնահատման համար շատ կարևոր է անցկացնել երկրում ամուսնության, ամուսնալուծության գործընթացների մշտադիտարկում, ինչը թույլ կտա ժողովրդագրական և սոցիալական քաղաքականության ոլորտներում ընդունել ճիշտ կառավարչական որոշումներ: