Բժշկական համալսարանը դեկտեմբերի 19-ին «Ճարպակալում. 21-րդ դարի հանրային առողջության մարտահրավեր» թեմայով կրեդիտավորված կոնֆերանսի շրջանակում համախմբել էր ավագ բուժաշխատողներին` ընտանեկան բժիշկներին, մանկաբույժներին, մանկական աղեստամոքսաբաններին և լյարդաբաններին, մանկական ներզատաբաններին, համաճարակաբաններին, կլինիկական ախտորոշման բժիշկներին, մանկական վիրաբույժներին, որովայնային վիրաբույժներին, երեխաների և դեռահասների հոգեբույժներին, հոգեբույժներին, հանրային առողջության և առողջապահության մասնագետներին, ինչպես նաև միջին բուժաշխատողներին` բուժքույրերին:
«Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանն բացման խոսքում ընդգծեց. «Եթե ուշադրություն դարձնենք աշխարհի բնակչության շրջանում ճարպակալման անհանգստացնող թվերին, ապա այն սերունդը, որին մենք կրթում ենք և այն սերունդը, որը վաղն աշխատելու է որպես բժիշկ, բախվելու է ճարպակալման և դրա հետևանքների հետ ավելի շատ, քան մենք ենք աշխատել այս խնդրի հետ: Այսօրվա կոնֆերանսը ոլորտի առաջատարների օգնությամբ փորձելու է ամփոփել ճարպակալման թե’ կանխարգելումը, թե’ հիմնահարցերը, թե’ համաճարակաբանությունը»:
Քննարկումը վերլուծական կենտրոնի ղեկավարի հետ միասին վարում էր Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Արտեմ Գրիգորյանը:
Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ելենա Աղաջանովան «Ճարպակալումը և 2-րդ տիպի շաքարային դիաբերի ռիսկը» խորագրով զեկույցի ընթացքում պարզաբանեց, որ ճարպակալման դեպքում խոսքը միայն էսթետիկայի մասին չէ: «Մենք արդեն գիտենք, որ այն հիվանդություն է, որը կապված է մի շարք այլ լուրջ հիվանդությունների հետ: Այսօր խոսում ենք անգամ շաքարային դիաբետի և ճարպակալման համավարակի (պանդեմիայի) մասին», – նշեց մասնագետը:
Ելենա Աղաջանովան ներկայացրեց ճարպակալման դասակարգումը: 2025 թվականին, նրա փոխանցմամբ, հրատարակվեց ճարպակալման միջազգային ատլասը: «2030 թվականին կանխատեսվում է, որ 3,3 միլիարդ մարդ աշխարհում կունենա ավելորդ քաշ և ճարպակալում», – հայտնեց նա:
Ճարպալակալումը, մասնագետի խոսքով, կապված է 200-ից ավելի տարբեր հիվանդությունների հետ, որոնց շարքում են շաքարային դիաբետը, սիրտ-անոթային հիվանդությունները, լյարդի ճարպային հիվանդությունները, ձվարանների պոլիկիստոզը և վերարտադրողական համակարգի այլ խնդիրները, քնի ապնոէն, տարբեր հոգեբանական և հոգեբուժական, նյարդաբանական խնդիրները:
Պրոֆեսոր Աղաջանովան ճարպակալման միջազգային ատլասից մեջբերեց վիճակագրական տվյալներ Հայաստանի մասին: Դրանց համաձայն` մեր երկրում բնակչության 58%-ն ունի ավելորդ քաշ, 26%-ը` ճարպակալում:
«Դիաբետ ունեցողների 85%-ն աշխարհում ունի ճարպակալում, ճարպակալմամբ պացիենտների 21%-ն արդեն ունի շաքարային դիաբետ, իսկ 10%-ը մոտակա տարիներին կունենա շաքարային դիաբետ», – հայտնեց նա:
2025թ. հունվարի 1-ի դրությամբ, նրա փոխանցմամբ, աշխարհում գրանցվել է 589 միլիոն դիաբետով պացիենտ, 635 միլիոնն ունեն արդեն ախտորոշված նախադիաբետ: Դիաբետ և ճարպակալում ունեցող պացիենտների բուժման վարման գործընթացում համալսարանական մասնագետը խորհուրդ տվեց, առաջին հերթին, սննդակարգի փոփոխությունը և ֆիզիկական ակտիվության ավելացումը: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ, նեոնատոլոգ Գոհար Մարգարյանի զեկույցը վերաբերում էր ճարպակալմանը երեխաների մոտ: «Մանկական ճարպակալումը համարվում է 21-րդ դարի առողջապահության գլոբալ մարտահրավերներից մեկը: Աշխարհում ավելի 340 միլիոն երեխա և դեռահաս ունի ավել քաշ կամ ճարպակալում: Ամենաբարձր ցուցանիշները` ԱՄՆ, Մերձավոր Արևելք և Եվրոպա: Հայաստանում 18-20% դպրոցականների մոտ նկատվում է ավել քաշի կամ ճարպակալման միտում` կապված նստակյաց կենսակերպի և սննդակարգի փոփոխության հետ», – նշեց մանկաբույժը:
Նա ներկայացրեց երեխաների շրջանում ճարպակալման համաճարակաբանությունը, երեխայի աճի գնահատման չափանիշները, ճարպակալման սահմանումը, պատճառաբանությունը, հոգեբանական հետևանքները, կառավարումը (բուժումը) և եզրափակեց ելույթը ծնողներին ուղղված խորհուրդներով, որոնց շարքում առանձնացրեց`
«Բարդ դեպքեր և խնդիրներ՝ բարիատրիկ վիրաբուժությունում» զեկույցը ներկայացրեց Որովայնային վիրաբուժության ամբիոնի վարիչ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի վիրաբուժության կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանը՝ խոսելով բարիատրիկ վիրաբուժության ոլորտում առկա բարդ դեպքերի և դրանց կառավարման հիմնախնդիրների մասին: Նա անդրադարձավ մասնագիտական գործունեության ընթացքում հանդիպած կլինիկական դեպքերին:
«Ներկայումս բարիատրիկ վիրաբուժությունը բավականին արագ քայլերով առաջ է գնում, և տարբեր կլինիկաներում կատարվում է վիրահատությունը, ոչ միայն Երևանում, այլև մարզային հիվանդանոցներում: Այս վիրահատության նկատմամբ հետաքրքրությունն օրեցօր ավելանում է, դարձել է լուրջ սոցիալական և բժշկական խնդիր», – ասաց նա:
Սուրեն Ստեփանյանը, խոսելով ավելցուկային քաշը նվազեցնելու լավագույն մեթոդների մասին, շեշտեց՝ լինելով վիրաբույժ` իր համար լավագույն մեթոդը ոչ վիրահատականն է։
«Առաջին հարցը, որ ես տալիս եմ ինձ մոտ եկած ավելցուկային քաշով մարդուն, հետևյալն է՝ արդյոք համոզված եք, որ պետք է գաք վիրահատության, դա ստամքոսի մի մասի անդառնալի կորուստ է, դա մարսողական համակարգի կառուցվածքի փոփոխություն է, որը հետագայում, հնարավոր է, այլևս չկարողանա վերադառնալ նախկին վիճակին: Լավագույն մեթոդը դիետան է, ռեժիմը, ֆիթնես մասնագետի հետ աշխատանքը», – հավելեց վիրաբույժը:
Նրա փոխանցմամբ՝ վիրահատական մեթոդին դիմում են հետևյալ դեպքերում՝ պահպանողական մեթոդների անարդյունավետություն, ճարպակալմանը ուղեկցող հիվանդությունների բուժման կամ վիճակի բարելավման նպատակով, բուժառուի նիհարելու քմահաճույք։
«Ճարպակալում. առողջության խթանում և կանխարգելում» թեմայով զեկույցը ներկայացրեց Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Արմեն Մկրտչյանը՝ խոսելով առողջ ապրելակերպի խթանման և ճարպակալման կանխարգելման հիմնական մոտեցումների մասին:
Նրա խոսքով՝ ճարպակալումը սահմանվում է որպես ճարպային հյուսվածքի աննորմալ կամ ավելցուկային կուտակում, որը կարող է վնասել առողջությանը։ Ճարպակալումը հիվանդություն է, որը ներառում է տարբեր ֆենոտիպեր։ Ճարպակալման առաջացումը կարող է պայմանավորված լինել մեկ կամ մի քանի պատճառներով կամ նպաստող գործոններով:
«Մարմնի զանգվածի ինդեքսով չպետք է առաջնորդվել: Մարմնի զանգվածի ինդեքսը ընդամենը սքրինինգային մեթոդ է և նշանակություն ունի հանրային առողջության տեսակետից: Ավելի պարզ տարբերակ կա՝ գոտկատեղի շրջագիծը, սրանով առաջնորդվելն ավելի ճիշտ է, քան մարմնի զանգվածի ինդեքով: Գոտկատեղի շրջագծի տրամաբանությունն այն է, որ ռիսկն է գնահատում, ինչն ինձ համար ավելի կարևոր է: Եթե գոտկատեղի շրջանը մեծ է 102 սմ-ից տղամարդկանց մոտ և 88 սմ-ից` կանանց շրջանում, շատ բարձր ռիսկ կա սիրտ-անոթային համակարգի խնդիրների և այլ մետաբոլիկ համախտանիշների արտահայտման», – ընդգծեց Արմեն Մկրտչյանը:
Բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս Նաիրա Ազատյանն անդրադարձավ ճարպակալման վարքային և հուզական գործոններին: Նա մասնավորեցրեց այն վարքային սովորությունները և հուզական վիճակները, որոնք հաճախ աննկատ ձևով նպաստում են ավելորդ քաշի առաջացմանը և պահպանմանը:
Ինչպես միջոցառման ընթացքում, այնպես էլ ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան, որի ժամանակ մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը և ստանալու մասնագիտական պարզաբանումներ։