Ծխախոտի օգտագործման ազդեցությունը կանանց և տղամարդկանց վերարտադրողական առողջության վրա

Ծխախոտի օգտագործման ազդեցությունը կանանց և տղամարդկանց վերարտադրողական առողջության վրա

Ծխախոտային կախվածությունը շարունակում է մնալ վերարտադրողական առողջության վատթարացման ամենատարածված և հաճախ թերագնահատված պատճառներից մեկը ողջ աշխարհում։ Չնայած կանխարգելման ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններին՝ միլիոնավոր տղամարդիկ ու կանայք շարունակում են ենթարկվել ծխախոտային ծխի թունավոր բաղադրիչների ազդեցությանը, նչը զգալիորեն վատթարացնում է նրանց վերարտադրողական առողջությունը և նպաստում անպտղության զարգացմանը։

Անպտղությունը սահմանվում է որպես հղիության բացակայություն՝ մեկ տարվա ընթացքում կանոնավոր և առանց հակաբեղմնավորիչ միջոցների սեռական հարաբերությունների պայմաններում։ Ըստ գնահատականների, այն  գրանցվում  է վերարտադրողական տարիքի յուրաքանչյուր վեցերորդ անձի մոտ։ Այս համատեքստում ծխախոտի օգտագործումը դիտարկվում է որպես կարևոր, վերահսկելի ռիսկի գործոն, որի վերացումը կարող է զգալիորեն բարելավել վերարտադրողական արդյունքները։

Բազմաթիվ համաճարակաբանական հետազոտություններ հաստատել են, որ ծխող կանանց շրջանում դիտվում է վերարտադրողական ֆունկցիայի զգալի նվազում։ Ծխախոտի օգտագործումը կապված է կանանց անպտղության առնվազն 13%-ի հետ։ Ըստ 12 հետազտություններ ներառող մեթավերլուծության տվյալների՝ ծխող կանանց մոտ անպտղության ռիսկը, ոչ ծխողների համեմատ, 1․6–1․9 անգամ ավելի բարձր է։

Ծխախոտի օգտագործումը նաև զգալիորեն նվազեցնում է հղիության հնարավորության,  հաջող ելքի, և կենդանի նորածնի ծննդաբերման հավանականությունը օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների, այդ թվում՝ արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ), կիրառման դեպքում։

Մեթավերլուծությունը  որը հիմնված էր ԱՄԲ առաջին 2314 ցիկլերի տվյալների վրա, ցույց է տվել կանանց ծխելու կարգավիճակի էական բացասական ազդեցությունը հղիության հավանականության վրա։ ԱՄԲ-ի ընթացքում ոչ ծխող կանանց մոտ հղիության հավանականությունը 1.5–1.8 անգամ ավելի բարձր է եղել, քան ծխողների մոտ (համապատասխանաբար՝ 21% և 14%)։

Պարզվել է նաև, որ ծխող կանանց հղիության  համար անհրաժեշտ է եղել գրեթե կրկնակի ավելի ԱՄԲ ցիկլեր՝ համեմատած ոչ ծխողների հետ։ ԱՄԲ-ի մեկ ցիկլում հաջող հղիության տեղի ունենալու հավանականությունը ծխող կանանց մոտ 34%-ով ավելի ցածր է, քան ոչ ծխող կանանց շրջանում։

Ծխախոտի օգտագործման բացասական ազդեցությունը հղիության հնարավորության վրա բացատրվում է նրանով, որ ծխող կանանց մոտ նկատվում է անտիմյուլլերային հորմոնի մակարդակի զգալի նվազում, ինչը արտացոլում է ձվաբջիջների պաշարի՝ խթանման համար հասանելի ֆոլիկուլների թվի, նվազումը։ Այս նվազումը հանգեցնում է հորմոնալ խթանման նկատմամբ ցածր արձագանքին, ինչի արդյունքում ֆոլիկուլների աճի համար պահանջվում է ավելի մեծ քանակությամբ գոնադոտրոպիններ։ Արդյունքում նվազում է խթանման արդյունքում ստացված ձվաբջիջների քանակը։ ԱՄԲ-ի ընթացքում ծխող կանանց մոտ ստացված ձվաբջիջների թիվը կարող է լինել մինչև 40% ավելի քիչ, քան ոչ ծխող կանանց մոտ։

Բացի այդ, ծխելը բացասաբար է ազդում ձվաբջիջների որակի վրա, ինչը արտացոլվում է նրանց բեղմնավորման և հղիության հաջողության հավանականության վրա, թե բնական ճանապարհով, և թե օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման դեպքում։

Ծխելը կապված է ավելի վաղ դաշտանադադարի, արտաարգանդայի (էկտոպիկ) հղիության  և վիժումների ավելի բարձր հաճախականության հետ։

Էլեկտրոնային սիգարետները և ծխախոտի տաքացման IQOS սարքերը համարվում են ավելի քիչ վնասակար, սակայն հետազոտությունները փաստում են, որ դրանք նույնպես ունեն վնասակար ազդեցություն։ Պարզվել է, որ նիկոտին օգտագործող կանանց (սովորական սիգարետներ, էլեկտրոնային սիգարետներ) շրջանում ԷԿՕ-ի արդյունքների միջև նշանակալի տարբերություններ չեն հայտնաբերվել՝ բոլոր ծխախոտի օգտագործման ձևերը բացասաբար են ազդել ձվաբջիջների քանակի և որակի վրա։

Տղամարդկանց մոտ ծխելը հանգեցնում է սպերմատոզոիդների ԴՆԹ-ի վնասման և, որպես հետևանք, բացասաբար է ազդում սերմնաբջիջի հիմնական պարամետրերի վրա՝ խտության, շարժունակության, ձևի և գենետիկական ամբողջականության վրա։

Ծխախոտի ծուխը պարունակում է մի քանի հազար թունավոր քիմիական մուտագենային նյութեր և կանցերոգեններ, այդ թվում՝ նիկոտին, կոտինին, բենզոպիրեն և ծանր մետաղներ, ինչպիսիք են կադմիումն ու պղինը։ Այս նյութերը մեծացնում են ակտիվ թթվածնային ձևերի (ԱԹՁ) քանակությունը, ինչը հանգեցնում է ԱԹՁ-ների և բնական հակաօքսիդանտային պաշտպանության անհավասարակշռության։ Սերմնաբջիջները հատկապես զգայուն են ԱԹՁ-ների քանակի ավելացման պատճառով առաջացած վնասին, քանի որ նրանց թաղանթներում պարունակվում են մեծ քանակի պոլիչհագեցած ճարպաթթուներ և ցածր է հակաօքսիդանտային ֆերմենտների խտությունը։

Մեթավերլուծության տվյալներով պարզվել է, որ ծխող տղամարդկանց մոտ օլիգոզոոսպերմիայի (սերմահեղուկում սերմնաբջիջների ցածր քանակ) ռիսկը 30%-ով ավելի բարձր է, քան ոչ ծխողների մոտ։ Ընդ որում հայտնաբերվել է, որ քիչ ծխող տղամարդկանց մոտ սերմնաբջիջների խտությունը նվազում է մոտ 13%-ով, իսկ շատ ծխողնորի մոտ՝ արդեն 24%-ով։

Ծխող տղամարդկանց մոտ սերմնաբջիջների մորֆոլոգիական խանգարումների (ձևի փոփոխության) միջին աճը կազմել է մոտ 2․4%, և դա վերաբերվում էր դրանց բոլոր հիմնական մասերին՝ գլխիկ, պարան և փոչ։ Մյուս հետազոտությունում ապացուցվել է սերմնաբջիջների շարժունակության նվազումը (աստենոզոոսպերմիա)։

Բացի այդ, ծխելը բարձրացնում է էրեկտիվ դիսֆունկցիայի ռիսկը և վատթարացնում այլ տղամարդկանց վերարտադրողական պաթոլոգիաների ընթացքը։ Օրինակ՝ ծխելու և վարիկոցելեի համակցության դեպքում օլիգոզոսպերմիայի ռիսկը 10 անգամ ավելի բարձր է, քան ոչ ծխող տղամարդկանց մոտ, ովքեր ունեն վարիկոցելե, և 5 անգամ ավելի բարձր, քան ծխող տղամարդկանց մոտ առանց վարիկոցելեի։

Սերմնաբջիջների ԴՆԹ-ի վնասումները նվազեցնում են ոչ միայն դրանց որակը և հաջող բեղմնավորման հնարավորությունը, այլև ազդում են պտղի վաղ զարգացման վրա՝ բարձրացնելով զարգացման խանգարումների և վիժումների ռիսկը։ Վնասված ԴՆԹ-ի փոխանցումը պտղին կարող է ազդել գեների աշխատանքի վրա և ծնված երեխայի առողջության վրա։

Այսպիսով, ծխախոտից հրաժարումը հանդիսանում է հիմնական առաջարկություններից մեկը այն կանանց և տղամարդկանց համար, ովքեր պատրաստվում են երեխա ունենալ կամ անցնում են անպտղության բուժում։

Հաշվի առնելով ծխելու և անպտղության միջև ապացուցված կապը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս, որ բժիշկները բոլոր ծխողներին, հատկապես հղիություն պլանավորող զույգերին, կարճատև (30 վայրկյանից մինչև 3 րոպե տևողությամբ) խորհրդատվություն տրամադրեն: