Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Տուբերկուլյոզն ավելի շատ կյանքեր է խլում քան մալարինան ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը

Տուբերկուլյոզն ավելի շատ կյանքեր է խլում քան մալարինան ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը

Տուբերկուլյոզը շարունակում է մնալ աշխարհում մահվան պատճառ հանդիսացող առաջատար վարակիչ հիվանդություններից մեկը՝ տարեկան խլելով 1,6 միլիոն մարդու կյանք և հսկայական ազդեցություն թողնելով ընտանիքների և համայնքների կյանքի որակի վրա: Այն ավելի շատ կյանքեր է խլում քան մալարինան, ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը:

«Հերացի» վերլուծականը շարունակում է վարակիչ հիվանդություններին նվիրված հրապարակումների շարքը:

«Տուբերկուլյոզը կանխարգելելի և բուժելի է, և, այնուամենայնիվ, հազարամյակներ շարունակ մարդկությանը պատուհասած այս հնագույն աղետը շարունակում է ամեն տարի տառապանքներ և մահ պատճառել միլիոնավոր մարդկանց»,-ասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Թեդրոս Գեբրեյեսուսը:

Հիվանդության հարուցիչը հայտնաբերվել է 1882թ. մարտի 24-ին, այնուհետև 1895թ. ռենտգեն ճառագայթման հայտնագործությունը թույլ տվեցին բժիշկներին առավել ճշգրիտ ախտորոշել հիվանդությունը և հետևել դրա ընթացքին, իսկ 1921թ. գիտնականները ստեղծեցին  տուբերկուլյոզի դեմ պայքարի վստահելի և արդյունավետ պատվաստանյութ, որը հակաբիոտիկների լայնածավալ կիրառման  հետ զուգահեռ հանդիսանում է տուբերկուլյոզի դեմ պայքարի ժամանակակից ու արդյունավետ միջոց:

Համեմատաբար նոր մարտահրավերներից է, դեղորայքակայուն տուբերկուլյոզը, որը շարունակում է մնալ հանրային առողջության հրատապ խնդիր՝ զգալի վնաս պատճառելով տուբերկուլյոզից տուժած անհատներին, համայնքներին և առողջապահական համակարգերին ամբողջ աշխարհում: Շուրջ կես միլիոն մարդ 2021թ. հիվանդացել է ռիֆամպիցին-դիմակայուն տուբերկուլյոզով, և, ցավոք, բուժում է ստացել 3 հիվանդացածներից միայն 1-ը:

Վերջին 20 տարիներին տուբերկուլյոզից մահացությունն ամբողջ աշխարհում կրճատվել է գրեթե 40%-ով, և ավելի քան 74 միլիոն մարդու հասանելի են դարձել  տուբերկուլյոզի բուժման բժշկական ծառայությունները: Այնուամենայնիվ, անցյալ տարի, հաղորդվել է տուբերկուլյոզով և դեղորայքակայուն տուբերկուլյոզով հիվանդացած մարդկանց թվի, ինչպես նաև մահացության աճի մասին, որը հավանաբար հանդիսանում է COVID-19 հետևանքներից մեկը:

Կայուն զարգացման նպատակների ծրագրի շրջանակում 2015թ. ՄԱԿ-ի անդամ երկրները պարտավորվել են մինչև 2030թ. վերջ տալ տուբերկուլյոզի գլոբալ համաճարակին, սակայն դա բավականին հավակնոտ նպատակ է:

Ցածր և միջին եկամուտ ունեցող շուրջ 30 երկրում տուբերկուլյոզը մինչև օրս բավականին տարածված հիվանդություն է, որի համար հիմնականում պատճառ են դառնում երկրներում առկա հանրային առողջության համար վտանգավոր այլ առողջապահական խնդիրներ, ինչպես օրինակ COVID-19 համաճարակը և դրա հետևանքները, զինված հակամարտությունները, սննդի անբավարար քանակը, կլիմայի փոփոխությունը, քաղաքական և տնտեսական անկայունությունը:

Առանձին ուշադրության է արժանի տարբեր հասարակություններում տուբերկուլյոզի հանդեպ առկա խարանը, որն էական խոչընդոտ է հանդիսանում մարդկանց համար, որպեսզի դիմեն իրենց անհրաժեշտ բուժումը ստանալու:

Թեև վերջին տասնամյակների ընթացքում ձեռք են բերվել զգալի արդյունքներ՝ հիվանդության նվազման հետ կապված, Հայաստանում շարունակում են տուբերկուլյոզի դեպքեր գրանցվել: Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022թ. Հայաստանում արձանագրվել է տուբերկուլյոզի 344 դեպք, որից 17-ը կազմել են մինչև 18 տարեկան երեխաները:  

Հարկ է նշել, որ 2017, 2018 և 2019 թթ. գրանցված դեպքերի (724, 641 և 454) համեմատ զգալի նվազում է դիտվում 2020 և 2021թթ., համապատասխանաբար՝ 302 և 272 դեպք:

Ամենաշատ դեպքերը գրանցվել են 2017թ.-ին՝ 724 դեպք, իսկ ամենաքիչը 2021թ.-ին՝ 272 դեպք: 2022թ.-ին շնչառական օրգանների տուբերկուլյոզի դեպքերի գրեթե 55%-ով նվազում է արձանագրվել՝ 2017թ.-ի հետ համեմատ:

Առողջապահության ոլորտի մասնագետները, միջազգային կառույցների ղեկավարությունները համարում են, որ անհրաժեշտ է ստեղծել ավելի լավ ախտորոշման միջոցներ, ավելի արագ ազդող հակաբիոտիկներ և իհարկե ավելի արդյունավետ պատվաստանյութեր, ինչպես նաև փոխել հասարակության վերաբերմունքը հիվանդության և հիվանդների հանդեպ:

Այսպիսի ներդրումների և համատեղ աշխատանքների միջոցով հնարավոր կլինի մոտ ապագայում տուբերկուլյոզը դարձնել բացառապես անցյալի փաստ: