Զգացումների լեզվական քարտեզ․ ինչո՞ւ են «սերը» և «զայրույթը» աշխարհում տարբեր կերպ են ընկալվում

Զգացումների լեզվական քարտեզ․ ինչո՞ւ են «սերը» և «զայրույթը» աշխարհում տարբեր կերպ են ընկալվում

Մենք սովոր ենք մարդկային զգացումները ընկալել որպես ունիվերսալ։ Թվում է ակնհայտ, որ Փարիզում ապրած ուրախությունը նույնն է, ինչ Տոկիոյում, իսկ անգլիացու զայրույթն իր էությամբ ոչնչով չի տարբերվում հայի զայրույթից։ Բառարանները ևս ամրապնդում են այս համոզմունքը՝ առաջարկելով պարզ և առաջին հայացքից ճշգրիտ համարժեքներ․ օրինակ՝ անգլերեն love բառը հեշտությամբ թարգմանվում է որպես հայերեն «սեր» կամ հունգարերեն «szerelem»։ Սակայն թարգմանության արտաքին պարզության ներքո թաքնված է անհամեմատ ավելի բարդ պատկեր։ Առաջանում է օրինաչափ հարց՝ արդյո՞ք տարբեր լեզուներում նույն բառերի հետևում իրականում ընկած են նույն ներքին ապրումները։

Այս հարցին պատասխանելու փորձ են կատարել գիտնականները «Science» ամսագրում հրապարակված լայնածավալ հետազոտության շրջանակում։ Վերլուծելով աշխարհի գրեթե 2500 լեզուներ՝ հետազոտողները կազմել են մարդկային զգացմունքների յուրօրինակ «իմաստային քարտեզ» և հանգել այն եզրակացության, որ մարդկության հուզական աշխարհը զգալիորեն ավելի բազմազան է, քան ընդունված է կարծել։ Զգացմունքների վերաբերյալ մեր պատկերացումները մեծապես ձևավորվում են այն լեզվի միջոցով, որով մենք մտածում և հաղորդակցվում ենք, հետևաբար՝ նաև այն մշակույթի և պատմական փորձառության ազդեցությամբ, որին պատկանում է տվյալ հասարակությունը։

Տարբեր ժողովուրդների կողմից զգացմունքների գաղափարական ձևակերպումները հասկանալու նպատակով գիտնականները կիրառել են կոլեքսիֆիկացիայի մեթոդը։ Այս լեզվաբանական երևույթը առաջանում է այն դեպքում, երբ տվյալ լեզվում նույն բառը միաժամանակ օգտագործվում է մի քանի տարբեր հասկացություններ նշանակելու համար։ Օրինակ, եթե որևէ լեզվում նույն բառով անվանվում են և՛ «ջուրը», և՛ «ծովը», դա վկայում է այն մասին, որ տվյալ լեզվի կրողները այդ երևույթները ընկալում են որպես միմյանց շատ մոտ։ Նույն սկզբունքով լեզուն կարող է միավորել նաև ներքին ապրումները։ Այսպես, պարսկերենում «ænduh: բառը գործածվում է ինչպես «վիշտ», այնպես էլ «զղջում» նշանակելու համար, իսկ դարգիներենում «dard» բառը կարող է նշանակել թե՛ վիշտ, թե՛ տագնապ։ Վերլուծելով նմանատիպ հազարավոր համընկնումներ՝ գիտնականները ձևավորել են հուզական ասոցիացիաների բարդ ցանցեր և եկել են այն եզրակացության, որ զգացմունքները արտահայտող բառերի համար ֆիքսված, համընդհանուր նշանակություն գոյություն չունի։ Դրանց իմաստը կարծես «սահում» է մի մշակույթից մյուսը՝ փոխելով իր երանգներն ու փոխկապակցությունները։

Հատկապես հետաքրքիր է այն հանգամանքը, որ հուզական պատկերացումների միջև նմանությունները առավել հաճախ դիտվում են այն ժողովուրդների շրջանում, որոնք աշխարհագրական առումով միմյանց մոտ են բնակվում։ Միմյանց հարևան լեզվական համայնքները դարերի ընթացքում փոխադարձ շփումների մեջ են եղել, զբաղվել են առևտրով, կնքել են խառն ամուսնություններ և փոխառել գաղափարներ։ Արդյունքում նրանց աշխարհընկալումը, այդ թվում՝ զգացումների ընկալումը, աստիճանաբար մերձեցել է։ Հետազոտությունը ցույց է տվել, որ աշխարհագրական գործոնը հանդիսանում է «հուզական քարտեզների» նմանության ամենահզոր կանխատեսիչներից մեկը։ Միևնույն ժամանակ պարզվել է, որ գույների անվանումները, օրինակ՝ «կարմիր» կամ «կապույտ», ամբողջ աշխարհում զգալիորեն ավելի համընդհանուր են, քան զգացմունքների անվանումները, որոնք առավել զգայուն են մշակութային համատեքստի նկատմամբ։

Տարբերություններն առավել տեսանելի են դառնում, երբ դիտարկվում են կոնկրետ զգացումները։ Այսպես, թայ-կադայական լեզուներում տագնապը սերտորեն կապված է վախի հետ, մինչդեռ ավստրոասիական ժողովուրդների մոտ այն ավելի մոտ է վշտին և ափսոսանքին։ Նախսկադաղստանյան լեզուներում զայրույթը ասոցացվում է նախանձության հետ, իսկ ավստրոնեզիական լեզուներում՝ ատելության, և նույնիսկ հպարտության հետ։ Սերը որոշ ավստրոնեզիական լեզուներում անսպասելիորեն միահյուսվում է կարեկցանքի հետ։ Այս օրինակները հստակորեն ցույց են տալիս, որ անգամ առաջին հայացքից ակնհայտ թվացող զգացումները կարող են ունենալ լիովին տարբեր իմաստային միջավայրեր։

Հնդեվրոպական լեզուների կրողների համար, որոնց շարքին են դասվում անգլերենը, հայերենը, ռուսերենը և բազմաթիվ այլ լեզուներ, նույնպես բնորոշ է հուզական կապերի յուրահատուկ տրամաբանություն։ Այս լեզվական ընտանիքում հատկապես հստակ է արտահայտված զգացմունքների բաժանումը «հաճելի-ոչ հաճելի» սկզբունքի համաձայն։ Ուրախությունն ու երջանկությունը ձևավորում են սերտ իմաստային միություն, որին միանում են սերը և համակրանքը, մինչդեռ զայրույթը առավել հաճախ ընդգրկվում է ատելության և նախանձի հետ նույն խմբում։ Վիշտը, ափսոսանքը և կարեկցանքը ձևավորում են առանձին խումբ և հաճախ ասոցացվում են տագնապի և վախի հետ։ Այսպիսի կառուցվածքը արտացոլում է ոչ միայն լեզվի առանձնահատկությունները, այլև ներքին ապրումների մշակութային իմաստավորման ձևերը։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե նման լայն բազմազանությունը վկայում է մարդկության համար ընդհանուր հուզական հիմքի բացակայության մասին։ Սակայն հետազոտության արդյունքները ցույց են տալիս հակառակը։ Այս ամբողջ մշակութային բազմազանության խորքում թաքնված է միասնական կենսաբանական հիմք, որը բնորոշ է առանց բացառության բոլոր մարդկանց։ Աշխարհի բոլոր լեզուներում զգացումները տարանջատվում են առնվազն երկու հիմնարար չափանիշների համաձայն։ Առաջինը վալենտությունն է, այսինքն՝ հաճելի կամ տհաճ լինելու զգացումը։ Հենց այդ պատճառով ուրախությունն ու վախը գրեթե երբեք չեն անվանվում նույն բառով։ Երկրորդը ակտիվացման մակարդակն է, որն արտացոլում է օրգանիզմի գրգռվածության աստիճանը․ հանգիստ վիճակները հազվադեպ են միավորվում բուռն, իմպուլսիվ ապրումների հետ։ Այս չափանիշները կապված են գոյատևման հիմնական ֆիզիոլոգիայի հետ և նույնական են բոլոր մարդկանց համար՝ անկախ նրանց մշակույթից և լեզվից։

Այսպիսով, զգացմունքները կարելի է պատկերացնել որպես կենսաբանության և մշակույթի բարդ «կոկտեյլ»։ Կենսաբանությունը սահմանում է համընդհանուր շրջանակը՝ «հաճելի–տհաճ» և «ակտիվ–պասիվ» առանցքները, մինչդեռ մշակույթը, լեզուն և պատմական փորձառությունը այդ շրջանակը լցնում են կոնկրետ բովանդակությամբ՝ հաղորդելով նրան յուրահատուկ ձևեր և երանգներ։

Այս համատեքստում հարմար փոխաբերություն կարող է ծառայել LEGO կոնստրուկտորը։ Մոլորակի բոլոր մարդիկ ունեն նույնական մասնիկներ հավաքածու՝ կենսաբանական արձագանքներն ու հուզական հիմնական մեխանիզմները։ Սակայն յուրաքանչյուր հասարակություն այդ նույն տարրերից կառուցում է իր սեփական ձևերը։