Դեկտեմբերի 8-ին լրանում է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արիստ (Արիստակես) Սարուխանի Ղազարյանի 80-ամյակը։
Փորձառու մասնագետն այսօր Հայաստանում ամենաերկար անընդմեջ աշխատող անեսթեզիոլոգներից է․ արդեն 53 տարի նա ապահովում է պացիենտների անվտանգ քունն ու վիրահատությունների անցավ ընթացքը։ Այդպիսի երկար ու անխափան ծառայությունը իսկական ռեկորդ է ոչ միայն մեր երկրի, այլև մասնագիտության միջազգային պատմության համատեքստում։
Կենսագրություն
Արիստ Ղազարյանը 1964–1970 թթ. ավարտել է բժշկական ինստիտուտն, այնուհետև 1970–1972թթ. անցել է զինվորական ծառայություն ԽՍՀՄ բանակում։
1972թ. ընդունվել է օրդինատուրա «Անեսթեզիոլոգիա, ռեանիմատոլոգիա և հեմոդիալիզ» մասնագիտությամբ՝ Կիրովի անվան ռազմաբժշկական ինստիտուտում (Լենինգրադ), իսկ 1973 թ. վերապատրաստվել է Մոսկվայի Պետրովսկու անվան վիրաբուժության ինստիտուտում։ 1972–1980 թթ. աշխատել է «Արմենիա» ՀԲԿ-ում որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և հեմոդիալիզի բժիշկ,
1981–2018 թթ. ղեկավարել է նույն հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի ծառայությունը։
2018 թվականից աշխատում է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ 2015թ. պարգևատրվել է Մ. Հերացու անվան մեդալով։
Սարուխան Ղազարյանի ընտանիքը աքսորվել է Սիբիր, երբ Արիստը ընդամենը 3–4 տարեկան էր։ Ընտանիքում մեծացել է ութ երեխայի մեջ՝ չորս եղբայրների և երեք քույրերի հետ։ Չնայած ծանր պայմաններին՝ դպրոցն ավարտել է ոսկե մեդալով, այնուհետև ընդունվել բժշկական ինստիտուտ և տեղափոխվել Հայաստան։
Քանի որ զինվորական ծառայությունն անխուսափելի էր, նա ընտրում է այնպիսի մասնագիտություն, որը կունենար զինվորական ամբիոն։ Անեսթեզիոլոգիայի ընտրությունը դարձավ ճակատագրական. ոլորտ, որին նա նվիրեց ամբողջ կյանքը։
Ուսման տարիներին հատկապես հետաքրքրված է եղել նեֆրոլոգիայով։ Այդ ժամանակ գործուղվել է հանրապետական հիվանդանոցի նոր ձևավորվող հեմոդիալիզի և անեսթեզիոլոգիայի բաժնում։ Շուտով նրան ուղարկում են Սանկտ Պետերբուրգ՝ վերապատրաստման, որտեղ էլ ստանում է խորքային գիտելիք ու հմտություններ։
Վերադառնալով՝ երկար տարիներ աշխատում է հանրապետական հիվանդանոցում՝ միաժամանակ ղեկավարելով նաև տվյալ բաժանմունքը:
Մասնագիտության մասին
Արիստ Ղազարյանը հաճախ է կրկնում անեսթեզիոլոգիայի անփոխարինելի բնորոշումը` «Անեսթեզիան ժամերի ձանձրույթ է և վայրկյանների սարսափ»։
«Ես սիրել եմ և սիրում եմ աշխատանքս։ Այն ինտելեկտուալ աշխատանք է, մենք պետք է բացարձակապես ամեն ինչ իմանանք՝ սրտաբանություն, թերապիա, վիրաբուժություն։ Վիրահատության գնացող պացիենտնեը բոլորն էլ տարբեր են, տարբեր խնդիրներով, տարբեր ուղեկցող հիվանդություններով։ Անեսթեզիոլոգից պահանջվում է մեծ գիտելիք»,- ասում է բժիշկը։
Աշխատանքը սկսել է այն տարիներին, երբ անեսթեզիան իրականացվում էր ընդամենը մի քանի տարրական սարքերի օգնությամբ։ Այսօր արդեն 80-ամյա բժիշկը շարունակում է աշխատել գերժամանակակից սարքավորումներով։
Բժշկության առաջընթացը, ըստ նրա, էապես հեշտացնում է անեսթեզիոլոգի աշխատանքը, նվազեցնում ռիսկերը և բարելավում վիճակագրությունը։
Արիստ Ղազարյանը շեշտում է՝ անեսթեզիոլոգիայի սխալները պետք է ուղղել անեսթեզիոլոգիայի միջոցով։ Եվ այդ ամենը հնարավոր է միայն թիմային, համագործակցված աշխատանքի շնորհիվ։
Դժվար իրավիճակներում, ասում է, միշտ պետք է դիմել գործընկերոջ օգնությանը․
«Ավագ մասնագետն այլ տեսանկյունից է նայում։ Միասին որոշումները ճիշտ են։ Անվտանգ անեսթեզիայի համար ամենակարևորը ճիշտ նախապատրաստումն է։ Ամեն պացիենտին պետք է անհատական նարկոզ»։
Ինչպիսի՞ն պետք է լինի լավ անեսթեզիոլոգը։
Բժիշկի կարծիքով՝ շատ կարդացած և անընդհատ ինքնակրթվող։
Տարբեր սերունդների հետ աշխատած բժիշկը նկատում է, որ այսօր երիտասարդ անեսթեզիոլոգները լավ պատրաստված են, և թեև հաճախ մտածում են, որ բավարար գնահատված չեն, իրականում Հայաստանում լավ աշխատող մասնագետը այստեղի պայմաններին համապատասխան բարձր վարձատրություն ունի։
Արտերկրում աշխատանքի մասին նշում է․
«Գերմանիայում բուժաշխատողները ծանրաբեռնված են, իսկ վարձատրությունը՝ միջին, մինչդեռ ԱՄՆ-ում բարձր է, բայց կա մեծ մրցակցություն։ Յուրաքանչյուր երկրում այս աշխատանքը իր դժվարությունն է»,- ասում է նա։
Ընտանիք
Արիստ Ղազարյանի որդին՝ Արա Ղազարյանը, նույնպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ է։ Հայրը պատմում է, որ որդուն երբեք չի կողմնորոշել իր ուղով, նույնիսկ ցանկանում էր, որ նա դառնար մանկաբարձ-գինեկոլոգ։ Սակայն որդին ինքն է ընտրել անեսթեզիոլոգիան։ Երկար տարիներ աշխատել են կողք կողքի, աշխատանքում որդու հանդեպ նա եղել է առավել խիստ, քան մյուսների։
Այսօր ընտանիքում դեռ չկա մասնագիտությունը շարունակող նոր սերունդ։
«Այս աշխատանքը պետք է անկեղծ սիրել այն ընտրելու համար»,- ասում է բժիշկը։
Այսօր
Արիստ Ղազարյանը շարունակում է իր ակտիվ կլինիկական աշխատանքը։
«Ես կաշխատեմ այնքան, որքան կզգամ, որ կարողանում եմ։ Աշխատանքը մոտիվացնում է։ Կոլեկտիվը երիտասարդ է, հաճելի է նրանց հետ աշխատելը։ Երիտասարդները երբեմն մտածում են, որ ամեն ինչ գիտեն, ավագները՝ ավելի շատ անվտանգության մասին են մտածում․ այս առումով մենք միմյանց լրացնում ենք»։
Կոլեգաները շնորհավորում են Արիստ Ղազարյանին ծննդյան խոսուն հոբելյանի առթիվ և մաղթում առողջ, երկար տարիների կյանք ու անվտանգ գործունեության շարունակականություն: