Ընդլայնելով միջհամալսարանական գործակցությունը ֆրանսիացի գործընկերների հետ  

Ընդլայնելով միջհամալսարանական գործակցությունը ֆրանսիացի գործընկերների հետ   

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը Ֆրանսիայի Նիս քաղաքի Կոտ դ’Ազուր համալսարանի հետ առողջապահության ոլորտում միջազգային համագործակցության պայմանագրի շրջանակում սեպտեմբերի 22-ին հյուրընկալեց ֆրանսիացի գործընկերների մեծ պատվիրակությանը:

Այս պայմանագրի շնորհիվ արդեն մասնագիտական կատարելագործում է  անցել համալսարանական երկու բժիշկ` ուրոլոգ և սրտաբան,  2025 թվականի դեկտեմբերին նախատեսվում է որովայնային վիրաբույժի կատարելագործում, իսկ 2026 թվականին` ևս մեկ ռադիոլոգի և սրտաբանի:

Պաշտոնական այցով մեր երկրում գտնվող արտերկրի գործընկերներին, որոնք այցելեցին Զինվորի տուն, ողջունեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: 

Պատվիրակության կազմում էին «Sos-Armenie Côte d’Azur» ասոցիացիայի նախագահ Սամսոն Օզարարատը, փոխնախագահներ՝ Ֆրանսիայում՝ Կիրկոր Աժդերհանյանը, Հայաստանում՝ Սևակ Ավագյանը, Ասոցիացիայի ծրագրերի կոորդինատոր և միաժամանակ Կոտ դ’Ազուրի Հայկական ասոցիացիաների Համակարգող խորհրդի նախագահ Վահագն Մովսեսյանը, ինչպես նաև Նիսի քաղաքապետի ներկայացուցիչ Պիեռ Ֆիորին, Նիսի համալսարանական հիվանդանոցների ներկայացուցիչներ:

Բժշկական բուհի ղեկավարը, ներկայացնելով վերականգնողական այս կարևոր նշանակության կառույցի պատմությունը, նշեց, որ որպես խոսուն օրինակ ծառայել է  Փարիզի «Ինվալիդների» պալատը:

Ռեկտորը խոսեց նաև առաջին հիվանդանոցի ձևավորման ակունքների ու որպես բուժհաստատություն հայ ժողովրդի պատմության մեջ ունեցած անգնահատելի դերի մասին:

Արմեն Մուրադյանը հույս հայտնեց, որ ֆրանսիացի կոլեգաների հետ գործակցությունն առաջիկայում կզարգանա տարբեր ուղղություններով:

Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը շրջայցի ընթացքում հանգամանալից ներկայացրեց վերականգնողական կենտրոնի գործունեությունը, սոցիալական, մշակութային, բուժում ստացող տղաների զբաղվածությանն ուղղված ծրագրերը:

ԵՊԲՀ Պաթոլոգիայի ամբիոնի վարիչ,  Կլինիկական պաթոլոգիայի լաբորատորիայի ղեկավար  Փառանձեմ Խաչատրյանը նշեց, որ «Sos-Armenie Côte d’Azur» կազմակերպությունն  իր առաքելությունը կյանքի կոչելու համար ընտրում էր հենց ֆրանկոֆոն բժիշկների:

«Խոսքը գնում է, առաջին հերթին, բժիշկներին կրթելու, փորձի փոխանակման, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, առողջության բարելավմանն նպատակով պացիենտներին աջակցելու մասին: Կազմակերպության գործունեությունը լայնածավալ է բարեգործական մի շարք նախաձեռնությունների իրականացմամբ, հայաստանյան տարբեր գերատեսչությունների հետ համագործակցությամբ», – մանրամասնեց Փառանձեմ  Խաչատրյանը` հավելելով, որ պատվիրակության այցը  մասնավորապես Զինվորի տուն հնարավորություն ընձեռեց քննարկել մասնագետների վերապատրաստման, վերականգնողական բուժմանն աջակցելու հարցերը:

«Այս անգամ մեր պատվիրակության կազմում ունենք նաև պաթոլոգ պրոֆեսոր և նյարդավիրաբույժ պրոֆեսոր և հակված ենք խթանել միջհամալսարանական ուղղակի համագործակցությունը նաև այս բնագավառում», – ներկայացրեց «Sos-Armenie Côte d’Azur» ասոցիացիայի ծրագրերի համակարգող Վահագն Մովսեսյանը` հավելելով, որ կազմակերպությունը ստեղծվել է Սպիտակի երկրաշարժից  անմիջապես հետո՝ Նիս քաղաքում ապրող հայերի կողմից։ «Ասոցիացիան բազմաթիվ ու բազմապիսի ծրագրեր է իրականացրել և՛ Հայաստանում, և՛ Լեռնային Ղարաբաղում։ Բացի հումանիտար օգնությունից, ժամանակին` 90-ականներին, իրականացվել է նաև բժիշկների վերապատրաստում։ Մոտ 35 բժիշկ վերապատրաստվել է Նիսի հիվանդանոցերում․ նրանց թվում են այժմ Հայաստանում հայտնի շատ բժիշկներ», – նշեց Վահագն Մովսեսյանը։

Երևանն ու Նիսը, նրա փոխանցմամբ, արդեն 18 տարի քույր քաղաքներ են, սակայն տարիներ շարունակ այցերը զուտ պաշտոնական էին,  և միայն վերջին տարիներին առավելապես հաստատվեց համագործակցությունը ծրագրերի  տեսքով։

«Օրինակ, համալսարանական մասնագետների, մասնավորապես՝ Փառանձեմ Խաչատրյանի, ինչպես նաև համալսարանի Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանի հետ հանդիպելուց հետո շփումներն այս ոլորտում ակտիվացան, հուսով եմ՝ դրանք ավելի կխորանան, ու կկարողանանք բժշկական համալսարանի հետ նոր, ավելի լայն համագործակցություն սկսել։ Այս առումով շատ կարևոր եմ համարում այցը Զինվորի տուն․ միգուցե, ծրագրեր կմշակվեն նաև Զինվորի տանն աջակցություն ցուցաբերելու համար», – հույս հայտնեց Վահագն Մովսեսյանը։ Նա հիշեցրեց, որ համագործակցությունը բժշկական համալսարանի հետ մեկնարկել է 2023 թ սեպտեմբերից, երբ ստորագրվեց այս ոլորտում համագործակցության համապարփակ հնգակողմ և հնգամյա համաձայնագիրը, և հույս հայտնեց, որ տեսանելի արդյունքներ ունենալու դեպքում ծրագիրը կշարունակվի ավելի երկար:

Նիսի համալսարանական հիվանդանոցի Պաթոլոգիական անատոմիայի կենտրոնական լաբորատորիայի ղեկավար, Մոլեկուլային օնկոլոգիայի և պաթոլոգիայի բաժնի ղեկավար, Կոտ դ’Ազուր համալսարանի Բժշկական ֆակուլտետի միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Ֆաննի Բյուրել Վանդենբոսը, որն արդեն երկրորդ անգամ էր մեր երկրում, շատ տպավորված էր Զինվորի տուն կատարած այցով․

«Ամեն ինչ լավ կազմակերպված է վերականգնման համար, շենքը շատ գեղեցիկ է, հագեցած ամենաժամանակակից սարքավորումներով։ Մենք կարող ենք համագործակցել մանկական և մեծահասակների օրթոպեդիայի և վերականգնման ոլորտներում։ Յուրաքանչյուր այց իր հետ բերում է նորանոր մտքեր, և ես իմ գործընկերների հետ կքննարկեմ այս ոլորտներում գործակցության խորացումը»։

Կոտ դ’Ազուր համալսարանի Նյարդավիրաբուժության բաժնի ղեկավար, Նիսի համալսարանական հիվանդանոցի Նեյրոգիտության ծառայության ղեկավար, պրոֆեսոր Դենիս Ֆոնտենն առաջին անգամ էր Հայաստանում  և, ինչպես ինքը նկատեց, հաճույքով բացահայտում է մեր երկիրը։

«Միշտ էլ շատ հետաքրքիր է այցելել և ծանոթանալ այլ երկրների նյարդավիրաբուժական ծառայությունների գործունեությանը։ Ես հնարավորություն ունեցա ներկայացնելու իմ ոլորտը՝ ֆունկցիոնալ նյարդավիրաբուժությունը, որը նյարդավիրաբուժության մի ճյուղ է՝ նվիրված հիվանդությունների բուժմանն ըստ ախտանշանների, ինչպես, օրինակ,  Պարկինսոնի հիվանդությունը։ Ես մասնագիտացած եմ նաև քրոնիկ ցավի վիրաբուժական բուժման բնագավառում, որը Հայաստանում այնքան էլ զարգացած չէ։ Սա նույնպես կարող է դառնալ համագործակցության տիրույթ», – հավելեց ֆրանսիացի մասնագետը։ 

Նշենք, որ Զինվորի տանը հագեցած այցից հետո պրոֆեսորները հաջորդաբար «Հերացի» համալսարանական հիվանդանոցում հանդես եկան դասախոսություններով՝ «Գլխուղեղի ուռուցքները նյարդաբանական պրակտիկայում» և «Շարժողական խանգարումների համար ուղեղի խորը խթանում» թեմաներով, հայ գործընկերների հետ կիսվեցին իրենց փորձով և հմտություններով, պատասխանեցին մասնագետներին հետաքրքրող հարցերին։

Ֆրանսացի կոլեգաների դասախոսությունները համալսարանական լսարանի համար առաջինն էին, բայց նպատակ ունեն առավել լայն շրջանակների համար դառնալ շարունակական ու պարբերական: