Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Յուրաքանչյուր հայ պետք է նպաստի հայրենիքի բարեկեցությանը

Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության մասնագիտությամբ կլինիկական օրդինատոր Էդգար Հովսեփյանի մոտ բժշկի մասնագիտության հանդեպ սերն ու հետաքրքրությունը առաջացել է փոքր հասակից:

ԵՊԲՀ սովորողը  դիմածնոտային վիրաբուժությունը համարում է ամենահետաքրքիր մասնագիտացումներից մեկը, քանի որ կատարած աշխատանքը պետք է համապատասխանի ոչ միայն ֆունկցիոնալ, այլև էսթետիկ պահանջներին:

Պատերազմի օրերին նա եղել է Վարդենիսի կայազորային հոսպիտալում, մասնակցել է դիմածնոտային շրջանի վիրահատությունների, ինչպես նաև զբաղվել վիրավոր զինվորների տեղափոխմամբ:

«Խաղաղ պայմաններում կենտրոնանում ես միայն հիվանդի և աշխատանքի վրա: Պատերազմի ժամանակ երբ տեսնում ես այդքան ուժեղ տղաների, որոնք հանուն հայրենիքի հաղթել են մահվան վախը, պատասխանատվությունդ եռակի, քառակի անգամ շատանում է, և այդ պատասխանատվությունը ստիպում է քեզ, որպեսզի պինդ մնաս, կարողանաս լիարժեք կատարել առջևումդ դրված խնդիրները, և կապ չունի վիրաբույժ ես, թերապևտ, թե բուժքույր, աշխատում ես մեկը բոլորի, բոլորը մեկի համար: Իրավիճակի ողջ դժվարությունը երևում էր հիվանդանոցներում և հոսպիտալներում»,-նշում է կլինիկական օրդինատորը:

Էդգար Հովսեփյանի խոսքով՝ սովորել է ավելի շատ գնահատել կյանքի ամեն մի վայրկյանը. «Հասկացա, որ ամեն մի հայ պետք է ինքն իրեն հաշիվ տա, թե ինչ է անում հայրենիքի բարեկեցությանը նպաստելու և չվնասելու համար: Պետք է արժանի լինել ապրել այն հողի վրա, որի համար այդքան եղբայրներ կյանք տվեցին»:

Էդգարը բժշկի ամենակարևոր հատկանիշներից է համարում սերը մասնագիտության հանդեպ, ինչպես նաև կարևոր որոշումներ կայացնելու, արագ կողմնորոշելու կարողությունը: