Զեկույցների մրցույթ՝ սրտաբանության ոլորտի առաջընթացի վերաբերյալ

Զեկույցների մրցույթ՝ սրտաբանության ոլորտի առաջընթացի վերաբերյալ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց զեկույցների մրցույթ՝ սրտաբանության վերջին նորությունների և ոլորտի առաջընթացի վերաբերյալ:

Միջոցառումը կազմակերպել էր ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի շրջանակում գործող սրտաբանական ընկերակցությունը, որի նախագահն է բուհի շրջանավարտ, ապագա սրտաբան Մերլին Ջորջը։

Սրտաբանական ընկերակցությունն ունի մոտ 280 անդամ և 25 մասնակցից բաղկացած Գործադիր կոմիտե:

«Մեր վերջին կարևոր ձեռքբերումն այն է, որ ԵՊԲՀ սրտաբանական ընկերակցությունն Ամերիկյան սրտաբանության քոլեջի կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես սրտաբանական հետաքրքրությունների խումբ: Այժմ դուք կարող եք գտնել բժշկական համալսարանը քոլեջի պաշտոնական կայքում: ԵՊԲՀ-ն տարածաշրջանում միակն է, որ հայտնվել է այս ցանկում։ Սա Սրտաբանական ընկերակցության անդամներին ավելի շատ հնարավորություններ կընձեռի՝ Միացյալ Նահանգներում ներկայացնելու և հրատարակելու հետազոտական աշխատանքներ և ավելին», – բացման խոսքում հայտնեց Մերլին Ջորջը:

Մրցույթն անցկացվում էր առաջին անգամ` հնարավորություն տալով մասնակիցներին գիտելիքի ստուգատես անցնել:

Ներկայացվեց 9 զեկույց։ Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրին 5-րդ կուրսի ուսանողներ Խուշբու Բհատնագարը և Ուդհայը:

Գնահատող հանձնաժողովում էին ԵՊԲՀ դասախոսներ Անի Ռափյանը և Նինա Մուրադյանը։