Բժշկական մայր բուհում անցկացվեց սուր շնչառական վարակներին (ՍՇՎ) նվիրված կոնֆերանս, որի նպատակն էր համախմբել ոլորտի մասնագետներին՝ բարձրացնելու ՍՇՎ-ների կանխարգելման, վաղ ախտորոշման և արդյունավետ բուժման կարողությունները։
Սուր շնչառական վարակները շարունակում են մնալ հանրային առողջության կարևոր խնդիրներից, հատկապես մանկական տարիքային խմբում, որտեղ հիվանդացության և բարդությունների մակարդակն առավել զգայուն է։
Համաժողովը հնարավորություն տվեց ներկայացնել Հայաստանի առողջապահական համակարգում տիրող իրավիճակը, համաճարակաբանական միտումները, բուժման և կանխարգելման գիտական նոր մոտեցումները և կլինիկական աշխատանքում կիրառվող ժամանակակից գործիքները, վերլուծության տվյալներ։
Ներկայացվեցին հիվանդացության մակարդակը ըստ մարզերի, տարիքային խմբերի, խոսվեց համաճարակաբանական դիտարկման արդյունավետ համակարգերի մասին, որոնք թույլ են տալիս իրականացնել ճիշտ կանխատեսումներ և համապատասխան արձագանք ապահովել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը մեղմելու նպատակով:
Բացման խոսքով հանդես եկավ «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը՝ խոսելով «ՍՇՎ-ների համաճարակաբանական առանձնահատկությունները, տարածման ռիսկերը և կանխարգելման ուղղությունները» թեմայով:
«Սեզոնին համահունչ մեր այսօրվա թեման սուր շնչառական վարակների համաճարակաբանական դիտարկման առանձնահատկություններն ու կանխարգելումն է: Մեր միջոցառումն ավելի շատ նվիրվելու է գործնական բաղադրիչին: Այն ավելի մասնագիտական է լինելու: Խոսելու ենք տարբեր տարիքային խմբերի առանձնահատկությունների մասին, վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական դիտարկման մասին և կանխարգելման և արդյունավետության»,-նշեց Մերի Տեր-Ստեփանյանը:
Նրա փոխանցմամբ՝ բնակչության շրջանում ՍՇՎ-ների, գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպքերը հայտնաբերվում են ավագ և միջին բուժաշխատողների կողմից՝ համաձայն դեպքի ստանդարտ բնորոշումների:
Գրիպի կլինիկական չափանիշն է անձի մոտ այս կլինիկական ձևերից առնվազն մեկի առկայությունը՝ գրիպանման հիվանդություն, որի ախտանշաններն են՝ հազի կամ կոկորդի ցավի կամ անհամաչափ շնչառության հանկարծակի ի հայտ գալը և հետևյալ չորս համակարգային ախտանշաններից առնվազն մեկը՝ տենդ կամ բարձր ջերմություն, անհանգստություն, գլխացավ, մկանացավ:
ՍՇՎ, որի կլինիկական չափանիշն է` հիվանդությունը վարակով պայմանավորված լինելու մասին բժշկի եզրակացությունը և հետևյալ շնչառական ախտանշաններից առնվազն մեկի հանկարծակի ի հայտ գալը՝ հազ, կոկորդի ցավ, հևոց
քթահոսություն:
Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով՝ ՍՇՎ-ների պոպուլյացիոն (ընդհանուր), ուժեղացված և դետքային համաճարակաբանական դիտարկումն իրականացվում է հետևյալ կերպ՝
1) պոպուլյացիոն (ընդհանուր) համաճարակաբանական դիտարկումն իրականացվում է ամբողջ տարի, Հայաստանի Հանրապետության բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացված տվյալների հիման վրա,
2) ուժեղացված համաճարակաբական դիտարկումն իրականացվում է գրիպի անսովոր և անսպասելի դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով: Իրականացվում է աշուն-գարուն ժամանակահատվածում՝ ՍՇՎ-ների սեզոնի տվյալ տարվա 40-րդ շաբաթից մինչ հաջորդ տարվա 20-րդ շաբաթը (այսուհետ՝ ՍՇՎ սեզոն),
3) դետքային համաճարակաբանական դիտարկումն իրականացվում է ամբողջ տարի` ներառում է դիտարկման համակարգում ընդգրկված բժշկական կազմակերպությունների միջոցով:
«Հիմնական շերտը սուր շնչառական վարակներով հիվանդացության մինչև 18 տարեկանների խումբն է: Շարունակվում են շրջանառվել ռինովիրուս, բոկավիրուս, ադենովիրուս, տարագրիպեր»,-խոսելով «ՍՇՎ-ների կլինիկական դրսևորումները երեխաների մոտ, կլինիկական վարում, բուժում, դեպքերի քննարկումներ» թեմայով նշեց Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկաբուժության կլինիկայի բժիշկ Անահիտ Գրիգորյանը:
ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ, «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Զարուհի Գևորգյանը խոսեց «ՍՇՎ-ների լաբորատոր հետազոտության ալգորիթմը, նմուշառման ընթացակարգը», Հերացի» վերլուծական կենտրոնի առաջատար մասնագետ Կարո Փալայանը «ՍՇՎ-ների դեպքերի տվյալների հավաքագրման բազային ստեղծում ԵՊԲՀ համալսարանական կլինիկաներում» թեմայով:
«ՍՇՎ-ների կլինիկական առանձնահատկությունները, ախտորոշում, կլինիկական վարում, բուժում, դեպքերի քննարկումներ» թեմայով զեկույցը ներկայացրեց «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ Ալվարդ Հովհաննիսյանը:
«Հայաստանում բժիշկների գիտելիքները, վերաբերմունքն ու պրակտիկան մինչև 5 տարեկան երեխաների շրջանում ՍՇՎ-ների հայտնաբերման վերաբերյալ» զեկույցը ներկայացրեց Համաճարակաբանության ամբիոնի դասախոս Հայկ Կարապետյանը՝ ընդգծելով, որ 2024 թվականից ուսումնասիրվել է Հայաստանում բժիշկների գիտելիքը, վերաբերմունքը և գործելակերպը մարդու ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուսի հայտնաբերման և վարման նկատմամբ:
«Մեզ համար դա կարևոր էր՝ հասկանալու համար, թե պրակտիկ դաշտում ինչ իրավիճակում ենք: Ուսումնասիրվել են 4 մեծ հիվանդանոցում բժիշկների մոտեցումները, ստացված տվյալները, որոնք ամփոփված են իմ զեկույցում»,-նշեց նա:
Կազմակերպված անվճար կոնֆերանսը վերլուծական ստորաբաժանման հերթական, բայց այս տարի ոչ վերջին մասնագիտական քննարկումն էր:
Եվս երկու թեմատիկ հանդիպում-քննարկմամբ վերլուծական կենտրոնը կամփոփի բուժաշխատողների համար անցկացվող, սովորողների ու պրոֆեսորադասախոսական կազմի ակտիվ մասնակցությամբ 2025 թվականին նախատեսված միջոցառումները: