Դեկտեմբերի 12-ը առողջապահական ծառայությունների համընդհանուր հասանելիության միջազգային օրն է:
Հասարակության առողջության առաջնայնության հարցը բազմիցս քննարկվել է Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարձր մակարդակի նիստերում:
Դեռ 2012թ.-ին Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունվեց բանաձև, որը ուղղված էր ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին և կոչ էր անում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ նպաստելու երկրագնդի բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների մատչելիության բարձրացմանը։ Այս մոտեցումը ենթադրում էր հասնել այնպիսի զարգացման մակարդակի, երբ որակյալ բժշկական ծառայությունները՝ ներառյալ հիվանդությունների ախտորոշումը, կանխարգելումը և առաջադեմ բուժման մեթոդների կիրառումը, դառնային հասանելի լայն հասարակական շերտերի համար՝ անկախ նրանց սոցիալական և տնտեսական կարգավիճակից ու բնակության վայրից։
Անցել է 13 տարի, սակայն վերջին գլոբալ մոնիտորինգի տվյալների համաձայն, աշխարհի բնակչության մեծամասնությունը մինչ օրս զրկված է այս իրավունքից։
Չնայած նրան, որ 2000-2023թթ-ի ընթացքում բժշկական ծառայությունների մատչելիությունն ու որակը գնահատող համապարփակ առողջապահական ծածկույթի ինդեքսը (ՀԱԾԻ) (Service Coverage Index (SCI)) աճել է 54-ից մինչև 71 միավոր, և այն մարդկանց մասնաբաժինը, ովքեր ֆինանսական դժվարությունների են բախվում «անձնական գրպանից» կատարած մեծ առողջապահական ծախսերի պատճառով, նվազել է 34%-ից մինչև 26%, 2015 թվականից հետո առաջընթացը դանդաղել է, և նկատելի բարելավումներ գրեթե չկան։
2022-2023թ.-ին համաշխարհային առողջապահական ծախսերը շարունակել են աճել և գերազանցել 9․8 տրիլիոն ԱՄՆ դոլարը, սակայն այդ ծախսերի գրեթե 80%-ը բաժին է ընկել բարձր եկամուտ ունեցող երկրներին, որտեղ բնակվում է աշխարհի բնակչության 16%-ը:
ԱՀԿ 2025թ-ի զեկույցի համաձայն, ամբողջ աշխարհում մոտ 4,6 միլիարդ մարդ չունի լիարժեք հասանելիություն հիմնական բժշկական ծառայություններին, իսկ 2,1 միլիարդը ֆինանսական դժվարությունների է բախվում բժշկական օգնության համար վճարման ընթացքում։
Առողջապահության ոլորտում ֆինանսական դժվարությունները սահմանվում են այն դեպքում, երբ ընտանիքի «գրպանից» ուղղակի ծախսերը գերազանցում են նրա ազատ բյուջեի 40%-ը։ Հիմնական պատճառը դեղերի բարձր արժեքն է։ Երկրների 75%-ում դեղերի վրա ծախսերը կազմում են «գրպանից կատարած» բոլոր ծախսերի առնվազն 55%-ը, իսկ աղքատ բնակչության շրջանում՝ մինչև 60%։
Հայաստանում ՀԱԾ-ի ցուցանիշը կազմում է 69 միավոր, ինչը ցածր է տարածաշրջանի միջին մակարդակից (75), սակայն համադրելի է նույն եկամուտ ունեցող երկրների միջին արժեքի՝ 69 միավորի հետ։
2017–2020 թթ․ ընթացքում առողջապահական ծախսերը Հայաստանում աճել են 39.6%-ով, սակայն այդ աճը չի հանգեցրել բնակչության «գրպանից կատարվող» վճարումների նվազմանը։ Ընդհակառակը, առողջապահական ծառայությունների համար ուղղակի ծախսերի բեռնվածությունը վերջին տարիներին ավելի է խորացել։ Վերջին 13 տարվա ընթացքում անձնական միջոցներով կատարվող ծախսերի բաժինը ընդհանուր առողջապահական ծախսերում աճել է 45%-ով՝ 2022 թվականին հասնելով մոտ 80%-ի։ Սա ոչ միայն Եվրոպական տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշն է, այլև էականորեն գերազանցում է տարածաշրջանային միջինը՝ 28.7%։
2022թ.-ին առողջապահության ընթացիկ ծախսերի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը երկրում կազմել է 9.8%, ինչը 2.5 տոկոսային կետով պակաս էր նախորդ տարվա ցուցանիշից։ Պետական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 1.7%, մինչդեռ տնային տնտեսությունների գրպանից կատարվող ուղղակի վճարումները հասել են ՀՆԱ-ի 7.8%-ի։ Համեմատության համար՝ նման եկամուտ ունեցող այլ երկրներում պետական առողջապահական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի շուրջ 4%։
«Գրպանից կատարված» բարձր ծախսերը լուրջ հետևանքներ են ունենում բնակչության ֆինանսական պաշտպանության վրա։ Ըստ գնահատականների՝ ՀՀ բնակչության ավելի քան 16%-ի համար առողջապահական ծախսերը համարվում են կործանարար։ Սոցիալապես խոցելի խմբերը առավել զգայուն են այս բեռի նկատմամ։ 2020թ-ի հարցման տվյալների համաձայն՝ «ծայրահեղ աղքատ» խմբում հարցվածների 32.6%-ը, «աղքատ» խմբում՝ 19.6%-ը, իսկ «ոչ աղքատ» խմբում՝ 7.9%-ը որպես բուժօգնությունից հրաժարվելու հիմնական պատճառ նշել են ֆինանսական միջոցների բացակայությունը։
Բարձր անձնական վճարումների հիմնական պատճառը առողջապահության պետական ծախսերի սահմանափակ չափն է, ինչպես նաև առողջապահական ծառայությունների սահմանափակ փաթեթը։ Պետության կողմից առաջարկվող հիմնական ծառայությունների փաթեթից օգտվում է բնակչության միայն 38%-ը։ Մնացած 62%-ը ստիպված է իր գրպանից վճարել հիվանդանոցային բուժման, ախտորոշիչ քննությունների և դեղերի մեծ մասի համար։
Առողջապահական համընդհանուր ծածկույթի ապահովման կարևոր նախապայման է առաջնային բուժօգնության զարգացումը և պետական ֆինանսավորման բարձրացումը։ Սակայն 2022 թ․ դրությամբ առաջնային բուժօգնության ծախսերի ընդամենը 42%-ն է ֆինանսավորվել պետական բյուջեից, ինչը սահմանափակում է պարտադիր և կանխարգելիչ ծառայությունների հասանելիությունը բնակչության համար։
Այս իրավիճակում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը դառնում է ռազմավարական գործիք՝ բժշկական օգնության մատչելիությունը բարձրացնելու և բնակչության վրա ֆինանսական բեռը նվազեցնելու նպատակով։
2021 թվականին Հայաստանի կառավարությունը ներկայացրեց օրենսդրական փաթեթի նախագիծ՝ համընդհանուր ապահովագրության համակարգի փուլային ներդրման մասին։ Համակարգի հիմքը կազմելու է հիմնական ապահովագրական փաթեթը, որը կներառի հիվանդությունների կանխարգելում, ամբուլատոր և ստացիոնար բուժօգնություն, դեղորայքի և բժշկական պարագաների ապահովում։ Ֆինանսավորումը իրականացվելու է ֆիզիկական և իրավաբանական անձանց ապահովագրական վճարներից, ինչպես նաև պետության միջոցներից, ընդ որում, սոցիալապես խոցելի խմբերի համար նախատեսված են սուբսիդավորման մեխանիզմներ։
Ընդհանուր անցումը համակարգին կկատարվի փուլային եղանակով և կավարտվի 2029 թվականին։ Առաջին փուլը կմեկնարվի 2026 թվականին և կընդգրկի մոտ 1,7 մլն մարդ։ Պետությունը ամբողջությամբ ֆինանսավորելու է ապահովագրական վճարները 18 տարեկանից ցածր քաղաքացիների, 65 տարեկանից բարձր անձանց, հաշմանդամություն ունեցող մարդկանց, ինչպես նաև սոցիալական խոցելիության բարձր մակարդակ ունեցող ընտանիքների համար։ Համակարգում ընդգրկվելու են նաև 200 000 դրամից ավելի եկամուտ ունեցող քաղաքացիները՝ սուբսիդավորման մեխանիզմի կիրառմամբ։
Երկրորդ փուլը կկատարվի 2027 թվականին՝ ընդգրկելով պաշտոնապես զբաղված քաղաքացիներին, որոնց եկամուտը մինչև 200 000 դրամ է, իսկ 2028–2029 թվականներին համակարգը կընդգրկի բնակչության մնացած խմբերը՝ ուսանողներ, գյուղատնտեսական աշխատողներ, գործազուրկ քաղաքացիներ և այլ խմբեր։ Տարեկան ապահովագրական փաթեթի արժեքը կազմելու է 129 600 դրամ։
Կանխատեսվում է, որ համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը կբարձրացնի բժշկական օգնության մատչելիությունն ու որակը, կկրճատի ֆինանսական պատճառներով բժշկական ծառայություններից հրաժարվող անձանց թիվը, կնվազեցնի աղքատության մակարդակը և կբարելավի հանրային առողջության հիմնական ցուցանիշները, ներառյալ կանխատեսվող կյանքի տևողության աճը։