Մետաճանաչողական ծուլությունն ու հիշողության ատրոֆիան արհեստական բանականության դարաշրջանում

Մետաճանաչողական ծուլությունն ու հիշողության ատրոֆիան արհեստական բանականության դարաշրջանում

Գեներատիվ արհեստական բանականության արագընթաց զարգացման դարաշրջանում մարդկությունը բախվել է կառուցվածքային հիմնարար պարադոքսի․ որքան հզորանում են արտաքին ինտելեկտուալ օժանդակ համակարգերը, այնքան մեծանում է մարդու հիշողության համակարգերի ատրոֆիայի վտանգը։

Անցյալ դարի գրեթե ամբողջ ընթացքում դիտարկվում էր այսպես կոչված «Ֆլիննի էֆեկտը»՝ ամբողջ աշխարհում բանականության գործակցի (IQ) ցուցանիշների կայուն աճ՝ յուրաքանչյուր տասնամյակում մոտ 3 միավորով։ Սակայն 1970-ական թվականների կեսերից հետո ծնված սերունդների շրջանում զարգացած երկրներում այս միտումը անսպասելիորեն շրջադարձ է կատարել դեպի անկում։ Օրինակ՝ Նորվեգիայում մեկ սերնդի ընթացքում արձանագրվել է IQ-ի գրեթե յոթ միավորով նվազում, իսկ ԱՄՆ-ում վերջին քառասուն տարիների ընթացքում մեծահասակների բառապաշարի ծավալը, անկախ կրթական մակարդակից, յուրաքանչյուր տասնամյակում նվազել է 0.5–1.3 IQ միավորով։ Այս մտահոգիչ վիճակագրական տվյալները բժշկական և մանկավարժական համայնքներին ստիպում են վերանայել «ինչու՞ անգիր անել, եթե կարելի է որոնել համացանցում» ժամանակակից պարադիգման, որը, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, խաթարում է գիտելիքների ձևավորման կենսաբանական հիմքերը։

Խնդրի իրական խորությունը հասկանալու համար անհրաժեշտ է վերանայել «գիտելիք» և «հմտություն» հասկացությունների միջև ընդունված տարանջատումը։ Ուղեղի գործունեության տեսանկյունից դրանք նույն երևույթի երկու փոխլրացնող կողմերն են․ գիտելիքը պարզապես տեղեկատվության պահոց չէ, այլ նեյրոնային ցանցերում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների արդյունք, որոնք անվանվում են էնգրամներ։ Ուսուցման ընթացքում միաժամանակ ակտիվանում են նեյրոնների մի քանի խմբեր, որի արդյունքում ամրապնդվում են նրանց միջև կապերը և ձևավորվում են «սխեմաներ»՝ մտավոր կառուցվածքներ, որոնք նպաստում են աշխարհի ընկալմանը և կանխատեսումների ձևավորմանը։

Երբ տեղեկատվության պահպանման գործառույթը մշտապես փոխանցվում է արտաքին սարքերին, տեղի է ունենում այսպես կոչված «կոգնիտիվ բեռնաթափում», որը խաթարում է հիշողության կոնսոլիդացիայի գործընթացը և հանգեցնում մակերեսային սխեմաների ձևավորման, որոնք ի վիճակի չեն ապահովել քննադատական մտածողություն կամ խնդիրների ստեղծագործական լուծում։ Արդյունքում ուղեղում լիարժեք գիտելիքների փոխարեն պահպանվում են միայն «կենսաբանական ցուցիչներ», որոնք մատնանշում են տեղեկատվության գտնվելու վայրը՝ ստեղծելով կոմպետենտության վտանգավոր պատրանք՝ գիտելիքների ներքին կառուցվածքների փաստացի դատարկության պայմաններում։

Մարդու հիշողությունն աշխատում է երկու միմյանց լրացնող համակարգերի միջոցով՝ դեկլարատիվ և պրոցեդուրային։ Դեկլարատիվ համակարգը, որը կապված է հիպոկամպի գործունեության հետ, պատասխանատու է փաստերի և իրադարձությունների գիտակցված հիշման համար։ Այն սովորում է արագ, սակայն տեղեկատվության վերարտադրումը պահանջում է գիտակցական ջանք և ուշադրություն։ Պրոցեդուրային համակարգը, որը կապված է բազալ գանգլիաների հետ, հակառակը՝ դանդաղ է սովորում՝ բազմակի կրկնությունների միջոցով, սակայն ապահովում է մտածողության ավտոմատություն և ինտուիտիվ սահունություն։ Իրական փորձառությունը ձևավորվում է «պրոցեդուրալիզացիայի» փուլում, երբ տեղեկատվությունը դեկլարատիվ ձևից անցնում է պրոցեդուրայինին, այսինքն՝ հիպոկամպից տեղափոխվում է կեղևային ցանցեր և ավտոմատացվում բազալ գանգլիաների օգնությամբ։ Օրինակ՝ երեխան սկզբում դժվարությամբ է հիշում բազմապատկման աղյուսակը, սակայն վարժանքների արդյունքում սկսում է ակնթարթորեն վերարտադրել պատասխանը։ Եթե աշակերտը տարրական հաշվարկների համար մշտապես օգտվում է հաշվիչից, ապա այս անցումը չի իրականանում, քանի որ բազալ գանգլիաների նեյրոնային շղթաները չեն ստանում հմտության ավտոմատացման համար անհրաժեշտ կրկնվող վարժանքները։ Արդյունքում աշխատանքային հիշողությունը մնում է ծանրաբեռնված տարրական գործողություններով, ինչը սահմանափակում է բարդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ ճանաչողական ռեսուրսները։

Բացի այդ, հիշողության ամրապնդման գործընթացը պահանջում է ժամանակ և հատուկ նեյրոֆիզիոլոգիական պայմաններ, որոնք ժամանակակից կենսակերպի պայմաններում հաճախ խախտվում են։ Երբ մարդը բախվում է կարևոր կամ անսպասելի տեղեկատվության, հիպոկամպում առաջանում են այսպես կոչված «սուր ալիքներ–ալեծալքեր» (sharp wave ripples), որոնք վերարտադրում են վերջերս ստացված փորձը և նշագրում կարևոր իրադարձությունները երկարաժամկետ պահպանման համար։ Այս գործընթացը շարունակվում է հանգստի և քնի ընթացքում։ Սակայն, եթե ուսուցումից անմիջապես հետո մարդը դիմում է սմարթֆոնին, խաթարվում է նեյրոնային նշագրման այս կարևոր մեխանիզմը, ինչը խոչընդոտում է նյութի խորը յուրացմանը։

Օդաչուների մասնակցությամբ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ինտենսիվ վարժանքները կարող են ֆիզիկապես վերակազմակերպել ուղեղը․ փորձառու մասնագետների մոտ ուժեղանում են ֆունկցիոնալ կապերը կենտրոնական գործադիր ցանցի և ուղեղի պասիվ ռեժիմի ցանցի միջև, ինչի շնորհիվ ուղեղի ֆունկցիոնալ գործունեությունը դառնում է առավել կայուն և արդյունավետ։ Առանց նման «մարզման» ուղեղը մնում է սկսնակին բնորոշ ռեժիմում՝ ծախսելով մեծ քանակությամբ էներգիա այն խնդիրների վրա, որոնք փորձառու մասնագետը կատարում է գրեթե ավտոմատ կերպով։

Ուսուցման հիմքում ընկած է կանխատեսման սխալի նվազեցման մեխանիզմը, որը կարգավորվում է դոֆամիներգիկ համակարգի միջոցով։ Ուղեղը մշտապես կանխատեսումներ  է կառուցում է, և երբ իրականությունը չի համընկնում սպասումների հետ, դոֆամիներգիկ համակարգը ազդանշան է փոխանցում՝ պահանջելով գիտելիքների թարմացում։ Սակայն սխալի հայտնաբերման այս մեխանիզմը գործում է միայն այն դեպքում, երբ առկա են ուժեղ ներքին ակնկալիքներ, որոնք ձևավորվել են հիշողության և վարժանքի շնորհիվ։ Օրինակ՝ բուժքույրը, որը բազմապատկման աղյուսակը գիտի ավտոմատ մակարդակով, անմիջապես կնկատի դեղամիջոցի դեղաչափի հաշվարկման սխալը, քանի որ ուղեղը կարձագանքի թվային անհամապատասխանությանը։ Ներքին գիտելիքների բացակայության դեպքում անձը կարող է ցանկացած սխալ արդյունք ընդունել որպես ճիշտ, քանի որ նրա ուղեղը չունի համեմատության հուսալի հիմք։ Մտածողության շարունակական արտաքին պատվիրակումը մարդուն զրկում է ուսուցման բնական մեխանիզմներից, որոնք ձևավորվել են էվոլյուցիայի տարիների ընթացքում։

Ժամանակակից մանկավարժական մոտեցումները, այդ թվում կոնստրուկտիվիզմը և ինքնուրույն բացահայտման միջոցով ուսուցումը, երբեմն թերագնահատում են նյութի ուղղակի բացատրության և հիշողության մարզման կարևորությունը։ Նեյրոգիտության տվյալները ցույց են տալիս, որ ուսուցումը առավել արդյունավետ է, երբ սովորողը ճիշտ է կատարում առաջադրանքների մոտավորապես 85 տոկոսը։ Դժվարության այս մակարդակը համարվում է օպտիմալ․ առաջադրանքները բավարար չափով բարդ են ճանաչողական զարգացման համար, սակայն չեն առաջացնում գերծանրաբեռնվածություն կամ մոտիվացիայի կորուստ։

Երբ երեխայից ակնկալվում է, որ նա ինքնուրույն կհայտնաբերի բարդ մաթեմատիկական օրինաչափություններ՝ առանց հստակ բացատրության և ուղղորդման, անտեսվում են մարդկային մտածողության և հիշողության բնական սահմանափակումները։ Ուղեղը առավել արդյունավետ է յուրացնում բարդ գաղափարները, երբ ուսուցումը կազմակերպվում է փուլային և ուղեկցվում է նպատակային վարժանքով։ Այդպիսի ուսուցման ընթացքում ձևավորվում են կայուն մտածողական սխեմաներ, որոնք նպաստում են նոր տեղեկատվության ընկալմանը և հիշմանը։

ChatGPT-ի նման արհեստական բանականության օգնականների տարածումը հանգեցրել է «մետաճանաչողական ծուլության» երևույթի առաջացմանը։ Ուսանողների մասնակցությամբ իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր շարադրություններ գրելիս օգտագործել են արհեստական բանականություն, ներկայացրել են բարձր որակի աշխատանքներ, սակայն գիտելիքի հետագա գնահատման ընթացքում չեն ցուցաբերել առաջընթաց, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ունեցել են ավելի թույլ արդյունքներ։ Նրանք ընտրում էին նվազագույն դիմադրության ուղին՝ շրջանցելով հիշողությունից տեղեկատվության վերականգնման և ինքնաստուգման փուլերը, որոնք անհրաժեշտ են նեյրոնային կապերի ձևավորման համար։ Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ այն աշակերտները, որոնք մաթեմատիկայի վարժանքների ժամանակ օգտվել են GPT-ից, դասարանում ցուցաբերել են բարձր արդյունքներ, սակայն քննություններում ձախողվել են, երբ արհեստական բանականությունը հասանելի չի եղել։ Այսպիսով, արհեստական բանականությունը վերածվել է «հենակի», որը փոխարինում է նեյրոնային կառուցվածքների ձևավորման համար անհրաժեշտ ճանաչողական աշխատանքը և խաթարում է ուսուցման բնական գործընթացը։

Թվային դարաշրջանում ճանաչողական առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է հավասարակշռություն պահպանել արտաքին տեխնոլոգիական գործիքների օգտագործման և ներքին հիշողական համակարգերի զարգացման միջև։ Ռազմավարությունը պետք է հիմնված լինի ոչ թե տեխնոլոգիաներից հրաժարվելու վրա, այլ դրանք կիրառել մարդու ճանաչողական կարողությունները լրացնելու նպատակով։ Մանկավարժներն ու բժիշկները պետք է հիշեն, որ խորքային հետաքրքրությունն ու ինտուիցիան հաճախ զարգանում են աստիճանաբար՝ մասնագիտական կոմպետենտության աճին զուգահեռ։ Փաստային գիտելիքների համակարգված յուրացումից հրաժարվելը, հակառակ սպասումներին, կարող է խոչընդոտել երեխաների ուսուցմանը, քանի որ բավարար գիտելիքների բազայի բացակայության դեպքում դժվար է նույնիսկ տեղեկատվության որոնման ճիշտ հարցադրումը։ Նոր գիտելիքները առավել արդյունավետ են յուրացվում, երբ դրանք հիմնված են արդեն ձևավորված գիտելիքների վրա։

Վերջիվերջո, արտաքին աջակցությունից զերծ պայմաններում ինքնուրույն մտածելու կարողությունը հանդիսանում է մարդու ճանաչողական համակարգի հիմնական բաղադրիչը։ Մարդը առավել լավ է հիշում այն, ինչ ձեռք է բերվել ջանքերի և դժվարությունների հաղթահարման միջոցով, քանի որ այդ գործընթացն ամրապնդում է նեյրոնային կապերը և նպաստում պրոցեդուրալ հիշողության ֆիզիոլոգիական կոնսոլիդացիային։

Անձը առավել հաջողակ է այն ոլորտներում, որտեղ պարբերաբար իրականացվում է նպատակային վարժանք, և միայն այն գաղափարներն է հասկանում խորապես, որը կարողացել է ներգրավել իր մտավոր սխեմաների մեջ։ Այս գործընթացը ամրապնդում է թե դեկլարատիվ, թե պրոցեդուրալ գիտելիքները, ապահովելով տեղեկատվության կայուն և ինքնուրույն օգտագործման կարողություն։