Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բուժքույրական հավաքով և համալսարանականների զեկույցներով ամփոփվեց «Ձգտելով կատարելության» համագումարը

Բուժքույրական հավաքով և համալսարանականների զեկույցներով ամփոփվեց «Ձգտելով կատարելության» համագումարը

Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի՝ «Ձգտելով կատարելության» խորագրով համատեղ միջազգային բժշկական համագումարը սեպտեմբերի 29-ին ամփոփեց աշխատանքները։

Սեպտեմբերի 26-ին մեկնարկած միջոցառումն համախմբել էր բժշկագիտական տարբեր ոլորտների ներկայացուցիչների։

Կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի ղեկավար Արամ Հայրապետյանը ներկայացրեց «Հայաստանում բժիշկների հաջորդ սերնդի նախապատրաստման ընթացիկ մարտահրավերները» խորագրով զեկույցը։ Բժշկական համալսարանի ուսանողների 97%-ը, նրա խոսքով, շարունակում է կրթությունը կլինիկական օրդինատուրայում։ Անդրադառնալով աշխատաշուկայում ներգրավվածության մակարդակին՝ մասնագետը շեշտեց, որ ավարտելուց 1-3 տարի հետո սովորողների 75-80%-ն անցնում է աշխատանքի։

Ինչ վերաբերում է արտասահմանցի ապագա բժիշկների ցուցանիշներին՝ Արամ Հայրապետյանը տեղեկացրեց, որ նրանց 80%-ը հաջողությամբ հանձնում է անհրաժեշտ բժշկական քննությունն իր երկրում։

Համագումարի մասնակիցներին ներկայացվեց նաև ԵՊԲՀ ֆակուլտետների, «Հերացի» ավագ դպրոցի, համալսարանական հիվանդանոցների, ինչպես նաև սիմուլյացիոն կենտրոնների գործունեությունը։ «Բժշկական համալսարանում կրթություն է ստանում շուրջ 8000 ուսանող, որոնցից 2000-ն արտասահմանցի ապագա բժիշկներ են աշխարհի 33 երկրից», – նշեց Արամ Հայրապետյանը։ նա անդրադարձավ նաև բուհի միջազգային համագործակցությանը՝ մասնավորապես շեշտելով փոխանակման ծրագրերի կարևորոթյունը։

Խոսելով որակի ապահովման ներքին և արտաքին գործընթացների մասին՝ մասնագետը տեղեկացրեց, որ բուհը գտնվում է Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի կողմից ծրագրային միջազգային հավատարմագրման փուլում։ Ըստ Արամ Հայրապետյանի՝ առաջին կուրսեցիներն արդեն սովորում են միջազգային չափանիշներին համապատասխան կազմված կրթական ծրագրով։

Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի անհետաձգելի բուժօգնության կլինիկական պրոֆեսոր Հակոբ Աֆարյանը ներկայացրեց Միացյալ Նահանգներում բժշկի կայացման մասնագիտական ուղին։ Ըստ նրա՝ 4 տարի բժշկական դպրոցում և 3-7 տարի կլինիկական օրդինատուրայում կրթության ընթացքում սովորողը վերածվում է արդեն բժշկի։ «Ուսումնառության կարևորագույն երեք սյուներն են կրթությունը, վերապատրաստումը և գնահատումը», – ընդգծեց մասնագետը` շեշտելով ինքնակատարելագործման, միջանձնային, մասնավորապես՝ հաղորդակցման հմտություններին տիրապետելու և իրավասությունը պահպանելու կարևորությունը։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում Բուժքույրական սիմպոզիումն (Nursing Symposium in cooperation with Union of Nurses of Armenia) ամփոփեց «Ձգտելով կատարելության» խորագրով միջազգային բժշկական համագումարը։

Ավելի քան 250 բուժքույր մասնակցում էր Բուժքույրերի միավորման հետ համատեղ կազմակերպված միջոցառմանը։

Զեկույցով հանդես եկավ Բուժքույրերի միավորման նախագահ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բուժքույր, ԱՆ բուժքույրական խորհրդի նախագահ Գեղանուշ Ստեփանյանը՝ խոսելով բուժքրոջ աշխատանքի էթիկական ասպեկտների մասին։

Հաջորդ զեկուցողը՝ Սառա Աղաբեկյանը, խոսեց առողջապահության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների մասին, հատկապես կարևորվեց այժմ առաջարկվող վիրակապական նյութերը, դրանց առավելությունները։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-ինֆեկցիոնիստ, ԵՊԲՀ ինֆեկցիոն ամբիոնի դոցենտ Ալվարդ Հովհաննիսյանն անդրադարձավ վարակներին՝ սուր աղիքային, կարմրուկ, ինչպես նաև դրանց կանխարգելման և բուժման հարցերին։ Իսկ ԵՊԲՀ հիգիենիկ և հակահամաճարակային բաժնի պետ, Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Կարինե Պողոսյանը ներկայացրեց ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարի մեթոդները։

Զեկուցումներով հանդես եկան նաև արտասահմանից ժամանած մասնագետները, մասնավորապես՝ UCLA Health-ի նախկին տնօրեն, Ամերիկահայ բուժքույրերի միության նախագահ Սալպի Ակարագյանը խոսեց բուժքույրերի մասնագիտության հիմնասյուների, կրթական ծրագրերի, բարեփոխումների մասին, իսկ մասնագիտացած բուժքույր Նելլի Հակոբյանն անդրադարձավ բուժքույր-պացիենտ, բուժքույր-հարազատներ հարաբերություններում առկա ռիսկերին և մարտահրավերներին, որակի ապահովման մասնագետ Թոնի Գոնսալեսն էլ խոսեց բուժական ծառայություններում որակի վերահսկողության մասին։

Բանախոսների ընտրած զեկույցների թեմաներն արդիական էին և հետաքրքիր, ելույթներն ուղեկցվում էին ակտիվ հարցուպատասխաններով, քննարկումներով։

Սալպի Ակարագյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հիացած է հայ բուժքույրերի պատրաստվածությամբ, ակտիվությամբ, գրագիտությամբ։ «Այսօրվա բուժքույրը տարբերվում է, մեր բուժքույրերը մեծ առաջընթաց են ապրել, ուշի ուշով հետևում են, շատ գրագետ հարցեր տալիս, գիտելիքների հարուստ պաշար ունեն, սա միայն ուրախացնող է, նրանք չեն զիջում արտասահմանցի բուժքույրերին իրենց փորձով, հմտություններով», – ասաց Ամերիկահայ բուժքույրերի միության ղեկավարը։

Խոսելով բուժաշխատողների բարձրագույն կրթության հարցի մասին՝ Գեղանուշ Ստեփանյանը նշեց, որ առաջիկայում ԵՊԲՀ ղեկավարության հետ կքննարկվի բուժքույրական ֆակուլտետ ունենալու հնարավորությունը:

Գեղանուշ Ստեփանյանը կարևորեց քույրական գործի մասնագետների շարունակական վերապատրաստումը, ակտիվ մասնակցությունը տարբեր կոնֆերանսներին, հետաքրքրվածությունը և նոր գիտելիք ստանալու ձգտումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև արտերկրի գործընկերների հետ շփումները։

Հյուրերը նշեցին, որ պատրաստ են աջակցել բուժքույրական գործընթացում բարեփոխումներ իրականացնելու և իրենց փորձը շարունակաբար փոխանցելու հարցում։

Նշենք, որ քառօրյա միջոցառման ընթացքում բանախոսները քննարկեցին նաև աղետների բժշկությունը և դրա մարտահրավերները, կրծքագեղձի բուժման ոլորտում առաջընթացը, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման արդյունավետ մեթոդները, շագանակագեղձի քաղցկեղի բուժումը և մարտահրավերները, քաղցկեղով հիվանդների խնամքը, COVID-19 համավարակի անուղղակի հետևանքները մանկական առողջապահության ոլորտում, վարակիչ հիվանդությունների և դրանց հետևանքով առաջացած ճգնաժամերի կառավարումը, աչքի հիվանդությունների բուժման ոլորտում առաջընթացը, առողջապահության ոլորտում կիրառվող նորագույն տեխնոլոգիաները։