Ռազմաբժշկական, Ստոմատոլոգիական և Դեղագիտական ֆակուլտետներից անվանական կրթաթոշակի երեք հավակնորդի թեկնածությունը ներկայացվեց և արժանացավ Գիտական խորհրդի հաստատմանը բաց քվեարկությամբ։
2022-2023 ուսումնական տարում Ռազմաբժշկական ֆակուլտետի 5-րդ կուրսի կուրսանտ, շարքային Վիգեն Հովհաննիսյանը «Մերուժան Ստեփանյանի անվան», Ստոմատոլոգիական ֆալուլտետի 5-րդ կուրսի ուսանող Աննա Ստեփանյանը «Կառլեն Եսայանի անվան», իսկ Դեղագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Կիմա Պետրոսյանը «Էմիլ Գաբրիելյանի անվան» անվանական կրթաթոշակառու են:
Նիստի առանցքում էր ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանի` ուսումնական աշխատանքների տարեկան հաշվետվությունը:
Պրոռեկտորը Գիտական խորհրդի անդամների ուշադրությանը ներկայացրած «Համալսարանի կրթական ծրագրերի բարելավման մարտահրավերները բժշկական կրթության միջազգային չափորոշիչների համատեքստում» զեկույցում ուսումնական հիմնական ցուցանիշներից, սովորողների առաջադիմությունից, մինչև ակադեմիական շարժունակություն, դասախոսական կազմի որակական բնութագրեր, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական բարելավում հանգամանալից անդրադարձ կատարեց։
Լարիսա Ավետիսյանը խոսեց կրթական ծրագրերին ներկայացվող հիմնական պահանջներից։
Գրանցած հաջողություններին, անելիքներին և ծրագրերին անդրադառնալիս, նա ընդգծեց, որ որդեգրած կրթական բարեփոխումներն անհնար է պատկերացնել առանց յուրաքանչյուր ամբիոնի պատրաստակամության և պատասխանատվության, առանց աշխատակիցների ամենօրյա անմիջական ակտիվ մասնակցության։
Պրոֆեսոր Ավետիսյանը նշեց, որ ուսանողները պետք է ավելի շատ ընդգրկվեն հետազոտական աշխատանքներում՝ առավելագույնս օգտագործելով ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում ստեղծված հնարավորությունները։
Հնչեց կարծիք, որ ամբիոններում պետք է վերանայվեն դասագրքերը` միջազգային հեղինակավոր հրատարակությունները ևս ուսումնական գործընթացի հիմքում կիրառելով։
Լսելով զեկուցողին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն առանձնակի կարևորեց ամբիոնների երիտասարդացման հարցը` շեշտադրելով գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։ Քննարկվեցին ամբիոնների երիտասարդ, որակյալ կադրերով համալրման տարբերակներն ու մոտեցումները։
Գիտական խորհրդի անդամների կողմից զեկուցողին բազմաթիվ հարցեր հղվեցին, որոնք վերաբերում էին քննական թեստերին, ուսումնական գործընթացի առօրյա կազմակերպչական, այլ հարցերի:
Նիստի ընթացքում հարցադրումներից մեկը վերաբերում էր նաև մանկաբուժության թեմային։
Արմեն Մուրադյանի խոսքով` մանկաբուժության բնագավառում արդի է կադրերի երիտասարդացման և մանկաբուժության դպրոցի ստեղծման հարցը: Դաշտում լրջագույն բացերի լրացման ուղղությամբ բժշկական բուհի կողմից քայլեր են ձեռնարկվում։
ԵՊԲՀ ռեկտորն, ամփոփելով խոսքը, նշեց, որ վերջին 2-3 տարում ուսումնական գործընթացում, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, եղել են աննախադեպ իրավիճակներ, որոնց տրված լուծումները և ուսումնական գործընթացը հաջողությամբ է կազմակերպվել, ինչի առթիվ նա իր գոհունակությունը հայտնեց Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի աշխատանքից։
Ներկայացվեց ԵՊԲՀ «Ամբիոնների և դասախոսական կազմի մասին» կանոնակարգի լրացման նախագիծը:
Ուսումնական գրականության հաստատման, պրոֆեսորների և դոցենտների գիտական կոչումների շնորհման ներկայացման երաշխավորության, ինչպես նաև ընթացիկ այլ հարցերը նիստի օրակարգում էին: