Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Նորավարտ պարօդոնտոլոգը ստացած գիտելիքները կկիրառի ամենօրյա գործում

Նորավարտ պարօդոնտոլոգը ստացած գիտելիքները կկիրառի ամենօրյա գործում

2022-2023 ուսումնական տարում ԵՊԲՀ-ում առաջին անգամ հետբուհական կրթության բնագավառում ներդրվեց «Պարօդոնտոլոգիա» լրացուցիչ մասնագիտացումը:

Չորսամսյա մասնագիտական ծրագիրն իրականացվում է Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի Ստոմատոլոգիական և դեղագիտական մասնագիտական կրթության բաժնի կողմից:

Այս ուսումնական տարում լրացուցիչ մասնագիտացումն անցել և առաջինը համապատասխան վկայական է ստացել  Ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտ Տիգրան Հարությունյանը, որը կլինիկական օրդինատուրա է անցել Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնում:

Պարօդոնտոլոգիայի հանդեպ սերը Տիգրանի մոտ ձևավորվել էր հինգերորդ կուրսում, երբ առարկան անցնելիս հրապուրվել էր այս ուղղությամբ:

«Դեռևս ուսանողական տարիներին ծանոթանալով պարօդոնտոլոգիային սկսեցի շատ հետաքրքրվել և սիրել այն: Կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո մեկ տարի էր անցել, երբ ինձ ասացին, որ առաջիկայում կներդրվի «Պարօդոնտոլոգիա» լրացուցիչ մասնագիտացում և դրան մասնակցելու հնարավորություն կունենամ»,- ասում է մասնագետը:

Ընդգծում է, որ բժշկական բուհում ստացած գիտելիքները ծառայեցնելու է պրակտիկ գործունեությանը:

 

Ի՞նչ է պարօդոնտոլոգիան

Պարօդոնտոլոգիան ուսումնասիրում է ատամների բուժումը և կանխարգելումը: Պարոդոնտը ուսումնասիրում է ատամնալնդային բոլոր հյուսվածքները և օժանդակ կառույցները, ատամի արմատը և ատամը կապակցող ապարատը, ինչպես նաև դրանց վրա ազդող հիվանդություններն ու հանգամանքները։ Այդ թվում ներառում է լնդերը (gingiva), ալվեոլային ոսկորը, ցեմենտը, պերիօդոնտալ թելիկները։ Պարոդոնտոլոգիայի ամենատարածված հիվանդություններն են գինգիվիտը (լնդաբորբ), պարոդոնտոզը, պարոդոնտիտը:

«Պարօդոնտոլոգիա» լրացուցիչ մասնագիտացման շրջանակում նրան ուսուցանել են դասախոսներ Լուսինե Հարությունյանը և Մերի Ռաթևոսյանը` ծանոթացնելով հյուսվածքների հետ առնչվող այս ուղղության նրբություններին, փոխանցելով հմտություններ.

«Մեր օրերում պարօդոնտոլոգիան զարգանում է մյուս ոլորտների` իմպլանտոլոգիային զուգընթաց և ժամանակի ընթացքում առավել մեծ ուշադրություն է հատկացվում հիվանդությունների կանխարգելմանը, ատամի բնական տեսքի պահպանմանը, որովհետև սեփական ատամներին անկախ ժամանակակից պրոթեզավորման մեթոդներից ոչինչ չի փոխարինի»:

Այն ստոմատոլոգներին,  որոնք առաջիկայում ցանկություն կունենան մասնագիտանալ այս բնագավառում, խորհուրդ  է տալիս անպայման դիմել, կրթվել և հարստացնել գիտելիքները: