Բժշկական համալսարանի շրիլանկացի ուսանողները տոնեցին ավանդական Սինգալյան Նոր տարին։
Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին ադրբեջանական վերջին սադրանքի հետևանքով զոհված հայորդիների վառ հիշատակը։
Ուսանողական հանրակացարանում կայացած միջոցառման ընթացքում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ողջունելով և շնորհավորելով ապագա բժիշկներին, նշեց․ որ իր համար մեծ պատիվ է շրիլանկացի ապագա բժիշկների հետ նշել նրանց ազգային տոնը։ «Գիտեմ, որ այսօր շատ կարևոր օր է ձեզ համար։ Շրի Լանկայում Նոր տարին կապվում է արևի լույսի հետ։ Այսօրվա շատ բարդ աշխարհում ձեր սերունդը ևս մեկ անգամ հաստատում է, որ ձգտում է դեպի լույսը։ Ցանկանում եմ, որ լույս լինի ձեր ընտանիքներում, ձեր երկրում», – մաղթեց բուհի ղեկավարը։
Միջազգային համագործակցության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը հայտնեց իր գոհունակությունը․ «Ուրախ ենք, որ դուք ձեր մշակույթը բերել եք մեր համալսարան, իսկ հայկական մշակույթը կտանեք ձեր երկիր։ Դուք կամուրջ եք Հայաստանի և Շրի Լանկայի՝ երկու բարեկամ երկրի միջև»։
Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի պետ Գայանե Ավետիսյանն ընդգծեց, որ բժշկական համալսարանը մի մեծ ընտանիք է, որի կարևոր անդամն են շրիլանկացի ուսանողները։
Օտարերկրացի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ռահուլ Անիլ Սետհին ապագա բժիշկներին մաղթեց հաջողություններ՝ կոչ անելով․ «Միշտ հիշե՛ք՝ ուր էլ գնաք, ձեզ հետ տանելու եք 100-ամյա պետական բժշկական համալսարանի հարուստ ժառանգությունը»։
Տոնական միջոցառումն ուղեկցվեց ազգային երգերի և պարերի ուրախ կատարումներով։