Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Արե՛ք դա ճիշտ, դարձրե՛ք անվտանգ». պացիենտների անվտանգության համաշխարհային օրվա կարգախոսն է

«Արե՛ք դա ճիշտ, դարձրե՛ք անվտանգ». պացիենտների անվտանգության համաշխարհային օրվա կարգախոսն է

Սեպտեմբերի 17-ը պացիենտների անվտանգության համաշխարհային օր։ Այս օրվա հիմնական նպատակն է խթանել միջազգային համերաշխության գործողությունները՝ պացիենտների անվտանգությունը բարելավելու համար:

Այս տարի օրվա թեման է «Ախտորոշման բարելավում՝ պացիենտների անվտանգությունն ապահովելու համար «Արե՛ք դա ճիշտ, դարձրե՛ք անվտանգ» կարգախոսի ներքո` ընդգծելով ճիշտ և ժամանակին ախտորոշման էական նշանակությունը և կարևորությունը` պացիենտների անվտանգությունն ապահովելու և առողջության ցուցանիշները բարելավելու համար:

Ըստ ժամանակակից սահմանման՝ «Պացիենտի անվտանգությունը բուժօգնության գործընթացում կանխարգելելի վնասի բացակայությունն է և առողջապահության հետ փոխկապակցված անհարկի վնասի հավանականության նվազեցումն՝ ընդունելի նվազագույնի հասցնելը»: Հիվանդի անվտանգությունը բարձորակ բուժօգնության հիմնական բաղադրիչներից է:

Բուժման ընթացքում պետք է պահպանվի “Primum non nocere” (նախ՝ մի վնասիր) բժշկական էթիկայի հնագույն սկզբունքը: Բժշկական ծառայությունները չպետք է վնաս հասցնեն որևէ հիվանդի, սակայն առկա փաստերը վկայում են պացիենտների համար կանխարգելելի վնասների չափազանց բարձր բեռի մասին ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ բժշկական օգնություն ստացող յուրաքանչյուր 10 պացիենտից 1-ը վնաս է ստանում, ընդ որում,  պատճառած վնասի 50%-ը  կանխարգելելի է:  Տարեկան ոչ պատշաճ բժշկական օգնության հետևանքով աշխարհում 3 միլիոն մարդ է մահանում, ընդ որում, այդ դեպքերի մեծամասնությունը գրանցվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, սակայն խնդիրը արդիական է նաև զարգացած երկրների համար: Ըստ ԱՄՆ Բժշկության ինստիտուտի հրապարակած զեկույցի՝ երկրում բժշկական սխալների հետևանքով տարեկան 44.000-98.000 հիվանդ է մահանում։ Բժշկական սխալները, որպես մահվան պատճառ, մահացության սանդղակում 8-րդ տեղն են գրավում։ Մահացության մակարդակը բժշկական սխալներից 4․5 անգամ ավելի բարձր է, քան է ՄԻԱՎ-ից, 2․5 անգամ՝ կրծքագեղձի քաղցկեղից, և 2 անգամ՝ ՃՏՊ-ներից առաջացած մահերի դեպքերից։ Ոչ պատշաճ բուժօգնությունը զգալիորեն ծանրաբեռնում է առողջապահական բյուջեն՝ սպառելով բարձր եկամուտ ունեցող երկրներում առողջապահական ընդհանուր ծախսերի մինչև 12․6%-ը, ինչը տարեկան կազմում է մոտավորապես 878մլրդ դոլլար: Միայն ԱՄՆ-ում բժշկական սխալների պատճառով տեղի ունեցած տնտեսական կորուստները տարեկան կազմում են շուրջ 38 մլրդ դոլլար:  ԵՄ հիվանդանոցներում բժշկական սխալներից տարեկան տուժում է 15 միլիոն մարդ։ Յուրաքանչյուր տարի ԵՄ արբիտրաժային դատարաններ պացիենտների կողմից ներկայացվում է 10.000 բողոք, որոնցից 52% դեպքերում գրանցվում է բժշկական սխալ: Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում անապահով բժշկական օգնության պատճառով 100 հիվանդներից 4-ը  մահանում են։

Պացիենտներին վնաս հասցնելու հիմնական պատճառները հետևյալն են.

  • Դեղորայքի օգտագործման սխալներ. կանխարգելելի վնասի դեպքերի կեսը բաժին է ընկնում դեղորայքային բուժման ժամանակ հասցված վնասին, ընդ որում, այդ դեպքերի ավելի քան 25%-ը ծանր են և կյանքին վտանգ սպառնացող:
  • Վիրաբուժական օգնության ժամանակ թույլ տրված սխալներ, որոնք կազմում են պացիենտներին պատճառած վնասի 10%-ը, ընդ որում, դրանց մեծ մասը տեղի է ունենում վիրահատություններից առաջ և հետո: Ամեն տարի շուրջ 7 միլիոն պացիենտ տառապում է վիրաբուժական բարդություններից: Բարդ վիրաբուժական միջամտությունները պացիենտների 25%-ի մոտ առաջացնում են  բարդություններ:
  • Բժշկական միջամտությամբ պայմանավորված վարակները.Բժշկական օգնության ընթացքում վարակների փոխանցման հաճախականությունը ամբողջ աշխարհում կազմում է 0․14% և նպաստում է հոսպիտալացման տևողության երկարացմանը, հակամանրէային կայունության ձևավորմանը և տարածմանը, ինչպես նաև կանգարգելելի մահացությանը:
  • Սեպսիսը. Պարզվել է, որ ստացիոնար հիվանդների շրջանում սեպսիսի դեպքերի 23․6%-ը կապված է բժշկական օգնության ցուցաբերման հետ:
  • Ախտորոշման սխալներ. Նման սխալները տեղի են ունենում հիվանդների բժշկին դիմելու 5-20% դեպքերում:
  • Երակային թրոմբոէմբոլիա, որին բաժին է ընկնում հոսպիտալացումով պայմանավորված բարդությունների մեկ երրորդը:
  • Արյան փոխներարկման ժամանակ անվտանգության կանոնների խախտումը. Ըստ 62 երկրների տվյալների` արյան փոխներարկման ժամանակ առաջացած լուրջ ռեակցիաների հաճախականությունը կազմում է 12․2 դեպք000 փոխներարկվող արյան բաղադրիչների հաշվով:
  • Հիվանդների նույնականացման սխալներ. ըստ ԱՀԿ տվյալների` 2014-2017թթ.-ի ընթացքում տեղի ունեցած նշված 3326 միջադեպերից 12․3% դեպքերում գրանցվել են լուրջ հետևանքներ:
  • Պառկելախոցերը, որոնք առաջանում են հոսպիտալացված մեծահասակ հիվանդների մեկ տասներորդի մոտ և, չնայած արդյունավետ կանխարգելման մեթոդների առկայությանը, բացասական ազդեցություն են ունենում պացիենտների ֆիզիկական և հոգեկան առողջության վրա։
  • Դեղորայքի ներարկումների անվտանգության կանոնների խախտում. ըստ իրականացված հետազոտության արդյունքների` նշված պատճառով 2000-2010 թթ.-ին գրանցվել է պացիենտների վարակման 1․67 միլիոն դեպք հեպատիտ B-ով, 157.592- 315 120 դեպք՝ հեպատիտ C-ով և 16.939-33.877 դեպք ՄԻԱՎ-ով:

Պացիենտների, նրանց ընտանիքի անդամների և խնամողների ներդրումը շատ կարևոր է բժշկական օգնության անվտանգության ապահովման գործում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն պացիենտները, ովքեր ավելի շատ են հետաքրքրվում իրենց բուժման գործընթացով, հակված են ավելի լավ արդյունքների։

Բժշկական սխալների ռիսկը նվազեցնելու համար պացիենտներին խորհուրդ է տրվում՝

  • Հարցեր տալ, եթե կասկածներ կամ մտահոգություններ կան բուժման որևէ բաղադրիչի վերաբերյալ
  • Կասկածների դեպքում ստանալ երկրորդ կարծիքը բուժման տարբերակների մասին
  • Տեղեկացնել բժշկին ընդունվող բոլոր դեղերի մասին, ներառյալ առանց դեղատոմսի դեղերի և սննդային հավելումների
  • Տեղեկացնել բժշկին ընդունվող դեղորայքների պատճառով առաջացող ալերգիկ կամ այլ ոչ ցանկալի ռեակցիաների մասին, որոնք տեղի են ունեցել անցյալում կամ  ընթացիկ բուժման ժամանակ
  • Չդադարեցնել նշանակված դեղերի ընդունումը առանց բուժող բժիշկի հետ նախնական քննարկման
  • Պահպանել բժշկական պատմության սեփական պատճենը
  • Խորհուրդ է տրվում, որ տարեց մարդիկ այցելեն բժշկի՝ ընտանիքի անդամի ուղեկցությամբ, ով կարող է հարցեր տալ և հասկանալ պատասխանները:

Իրականացված հետազոտությունները վկայում են, որ բժշկական օգնություն ցուցաբերելիս պացիենտների հետ գործընկերային հարաբերությունները ապահովում են բուժման անվտանգության ավելի բարձր ցուցանիշներ։

Ուստի, ցուցաբերվող բուժօգնությունը պետք է լինի ուղղված դեպի պացիենտ՝ վերջինին ընդգրկելով բուժման վերաբերյալ որոշման կայացման գործընթացում` հաշվի առնելով նրա նախընտրությունները և ցանկությունները: