Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի՝ 1996 թվականի հնդիկ շրջանավարտ Դարմիշտա Սետին 28 տարի անց հուզմունքով է ոտք դնում հարազատ բուհ, որի յուրաքանչյուր դասախոս, առարկա, դասասենյակ վառ է նրա հիշողության մեջ։
Հայաստանը դարձավ նրա երկրորդ հայրենիքը, բժշկական կրթությունը նոր իմաստ հաղորդեց նրա կյանքին, քանի որ բժշկագիտությունը, նրա համոզմամբ, ամենամարդասիրական մասնագիտությունն է։ Հենց այստեղ՝ Երևանում, 17-ամյա Դարմիշտան հանդիպեց իր առաջին և միակ սիրուն՝ այդ ժամանակ Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանող ապագա ամուսնուն։
Շրջանավարտը կյանքի կարևորագույն նպատակներից մեկն էր համարում վերադարձի այցը բժշկական համալսարան, որի ընթացքում էլ մեծագույն հպարտությամբ պատմում է մասնագիտության ընտրության, մեր երկրում անցկացրած տարիների, ամուսնու հետ ծանոթության մասին, կիսվում արտասահմանցի ուսանողներին ուղղված խորհուրդներով։
Վարժ հաղորդակցվելով ռուսերեն և անգլերեն` նա թեպետ հայերեն չի հասկանում, բայց իրեն շատ լավ է զգում հայկական միջավայրում:
– Ինչո՞ւ ընտրեցիք բժշկի մասնագիտությունը և Հայաստանը հետագա կրթության համար։
– Ծնվել եմ Հնդկաստանում, մանկության տարիներից հակվածություն եմ ունեցել դեպի գիտությունը։ Դպրոցում լավ էի սովորում։ 1988 թվականին ավարտեցի միջնակարգ դպրոցը և որոշեցի ստանալ բժշկական կրթություն: Այն ժամանակ Խորհրդային Միությունում պետք էր հանձնել Հնդկաստանի բժշկական խորհրդի որոշ քննություններ, իսկ հետո կարելի էր գնալ այնտեղ՝ բժշկական համալսարանի քննություններին մասնակցելու համար։ Ես ընդունվել էի Հնդկաստանի բժշկական համալսարաններից մի քանիսը, բայց հաջողությամբ հանձնել էի նաև Խորհրդային Միությունում ուսանելու համար նախատեսված քննությունները։ Հայրս այն ժամանակ քաղաքականությամբ էր զբաղվում, ուստի որոշակի կապեր ուներ, որոնց շնորհիվ հնարավորություն ստացա գալ Ռուսաստան։ Մոսկվա հասանք 1989 թվականի սեպտեմբերի 1-2-ին: Այստեղ պետք է որոշվեր, թե որ քաղաք կուղարկեն ինձ` սովորելու: Իսկ դրանից մեկ տարի առաջ Հայաստանում ավերիչ երկրաշարժ եղավ: Ամեն ինչ ցուցադրվում էր հեռուստացույցով․ ահավոր էր: Մոսկվա հասնելուն պես մեզ ասացին, որ պետք է գնամ Երևան։ Այսպիսով, ճակատագիրն ուներ իր ծրագրերը։ 3 օրում գնացքով Մոսկվայից Երևան հասանք, կայարանում մեզ դիմավորեցին և տարան Ավան, որտեղ մոտ մեկ տարի անցա ռուսերենի նախապատրաստական դասընթացներ։
Հաջորդ տարի մեզ տեղափոխեցին Զեյթունի հանրակացարան․ հիշում եմ՝ վեցերորդ կորպուսն էր, որտեղ էլ ես մնացի հետագա վեց տարվա ընթացքում։ Առաջին կուրսում սկսեցինք ուսումնասիրել անատոմիա: Հիշում եմ՝ մեր դասախոսն այն ժամանակ Գոհար Պետրոսովնան էր, կարծում եմ, որ նա լավագույն դասախոսներից էր, որովհետև մինչ այսօր պարզ հիշում եմ նրա մատուցած գիտելիքը: Հիմքը շատ ամուր էր դրված։ Ես ի սկզբանե հետաքրքրված էի ուսումնառությամբ: Կային որոշ առարկաներ, որոնք մի փոքր դժվար էին տրվում, բայց, ընդհանուր առմամբ, լավ էի սովորում:
Հիշում եմ՝ Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ Միխայիլ Աղաջանովը շատ խիստ էր. Մի անգամ սպիտակ խալաթ չէի հագել, սպիտակ վերնաշապիկ էի հագել և շատ էի անհանգստանում, որ նա դա չտեսնի։ Նա միշտ ցանկանում էր, որ իր ուսանողները դասախոսությունների ժամանակ կրեն սպիտակ խալաթ։
Ինչու՞ ընտրեցի բժշկի մասնագիտությունը. այն ժամանակ Հնդկաստանում ընդունված էր 2 մասնագիտություն՝ բժշկի և ինժեների։ Մեր օրերում ամեն ինչ փոխվել է. մարդիկ շատ տարբեր մասնագիտություններ են ընտրում, և դա շատ լավ է: Այնուամենայնիվ, չեմ ափսոսում, կարծում եմ, որ ընտրել եմ ամենամարդասիրական ոլորտը։ Երևանի պետական բժշկական ինստիտուտում ստացած գիտելիքն օգնեց ինձ հետագա կարիերայում: Դրանք իմ կյանքի ամենահրաշալի վեց տարիներն էին:
Շատ տպավորված եմ հայկական մշակույթով: Հայաստանն այնքան գեղեցիկ, հյուրընկալ երկիր է։ Ես ապրել եմ աշխարհի տարբեր ծայրերում՝ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Հնդկաստանում և Աֆրիկայում, բացի Հարավային Ամերիկայից, ապրել եմ բոլոր մայրցամաքներում, բայց պետք է ասեմ, որ Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, Հայաստանը չքնաղ վայր է՝ շատ հյուրընկալ մարդկանցով և հիանալի սննդով, հնագույն մշակույթով: Այն Եվրոպայի և Ասիայի զարմանալի համադրությունն է: Ավարտելուց հետո մենք այցելեցինք տեսարժան վայրերից մի քանիսը՝ հիանալով դրանցով:
– Գիտեմ, որ Ձեր ամուսնու հետ ծանոթացել եք այստեղ՝ Երևանում։ Խնդրում եմ, պատմե՛ք ձեր սիրո պատմությունը:
– Մենք ռուսաց լեզվի դասընթացներ էինք անցնում Ավան վարչական շրջանում: Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողները ևս այն ժամանակ ապրում էին Զեյթունում։ Ավագները գալիս էին Ավան։ Առաջին անգամ ապագա ամուսնուս հանդիպեցի հենց այդտեղ։ Սկզբում ես նրան չէի սիրում, նա շատ հումորասեր էր, իսկ ես այն ժամանակ շատ լուրջ էի, նպատակասլաց: Այնպես որ դա սեր չէր առաջին հայացքից։ Չէի ուզում նորից հանդիպել նրան, բայց ամեն ինչ ճակատագրի ձեռքում է։ Ինչ-ինչ պատճառներով մենք նորից հանդիպեցինք: Սկզբում դա սիրահարվածություն էր, ոչ թե սեր, մենք սկսեցինք ավելի հաճախ հանդիպել: Այն ժամանակ ես չէի մտածում երկարաժամկետ հարաբերությունների մասին, և մենք պարզապես հանդիպում էինք ամիսը՝ մեկ անգամ, նույնիսկ լինում էին ամիսներ, որ չէինք հանդիպում: Պոլիտեխնիկական ինստիտուտում նա մեքենաշինություն էր սովորում, ինձնից 3 տարով մեծ է։ 1994-ին նա ավարտեց համալսարանը, մեկնեց Հայաստանից և աշխատանքի անցավ Հնդկաստանում։ Հնդկաստանից նա ինձ բացիկներ և նվերներ էր ուղարկում․ մեր հարաբերություններն աստիճանաբար լրջացան: Ես վերադարձա Հնդկաստան 1995 թվականին՝ մեկ տարվա պրակտիկայի համար, ավարտեցի պրակտիկան Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում: Բայց հետո՝ 1996-ին, երբ պատրաստվում էի ավարտել պրակտիկան ու վերադառնալ Երևան՝ պետական քննություններին մասնակցելու, մեր ընտանիքները ծանոթացան և ընդհանուր լեզու գտան միմյանց հետ, ինչ-որ կերպ ամեն ինչ շատ լավ ավարտվեց. մենք նշանվեցինք: Վերադարձա Երևան, հանձնեցի քննություններս, մեկնեցի Հնդկաստան, հետո նա աշխատանքի անցավ արտասահմանյան ընկերությունում։ Նա մեկնեց երկրից, բայց մենք արդեն նշանված էինք, ապա մեր ամուսնության օրը որոշվեց, և ամուսնացանք 1998 թվականի փետրվարի 7-ին։ Դրանից հետո նա շատ էր արտագնա աշխատանքի մեկնում, ես ավելի շատ ժամանակ էի անցկացնում Հնդկաստանում՝ աշխատելով հիվանդանոցում։ Օրդինատուրայի տարիներին հնարավորություն ունեցա Հնդկաստանի պետական տարբեր հիվանդանոցներում աշխատելու: Հետո ես միացա նրան Նիգերիայում և սկսեցի աշխատել այնտեղ՝ որպես բժիշկ: Մենք միասին հիանալի ժամանակ էինք անցկացնում։ 2002 թվականին ծնվեց իմ տղան, և կարծում եմ, որ մեր ընտանիքն արդեն ամբողջական էր: Այնուհետև տեղափոխվեցինք Միացյալ Նահանգներ, որտեղ ես ավարտեցի Հանրային առողջության ասպիրանտուրան Նյու Ջերսիի բժշկության և ստոմատոլոգիայի համալսարանում: Դրանից հետո հնարավորություն ունեցա աշխատելու ոչ միայն նույն բժշկական համալսարանում, այլև Նյու Յորքի համալսարանի Լանգոն բժշկական կենտրոնում։ Ապա ամուսնուս աշխատանքի պատճառով տեղափոխվեցինք Նորվեգիա։ Այստեղ միացա միջազգային առողջապահական մի կազմակերպության՝ որպես կամավոր: Այնուհետև մենք հանգեցինք այն որոշմանը, որ պետք է մշտական բնակություն հաստատենք որևէ տեղ, քանի որ մեր որդին մեծանում էր․ տեղափոխվեցինք Կանադա։ Այստեղ ես կիրառեցի ոչ միայն ԵՊԲՀ-ում ձեռք բերած հմտություններս, այլև տարբեր մայրցամաքների հիվանդանոցներում աշխատանքի արդյունքում ձեռք բերված փորձառությունը: Ներկայումս աշխատում եմ Կանադայի առողջության առաջնային պահպանման ոլորտում։
– Կհիշե՞ք Երևանում Ձեր ուսումնառության տարիները։
– Այս ընթացքում երբեք չեմ մոռացել Երևանում անցկացրած իմ տարիները: Երբեմն ամուսնուս հետ օգտագործում ենք ռուսաց լեզուն ինչ-որ «գաղտնի» խոսակցությունների համար (ժպտում է – հեղ․)։ Այս մի քանի բառը, մի քանի նախադասությունը միշտ մնում են մեզ հետ, դրանք միայն մերն են: Ես եկա այստեղ որպես 17-ամյա միամիտ աղջիկ, որն այստեղ հասունացավ և կայացավ: Հայաստանն այդ ժամանակ ԽՍՀՄ կազմում էր, որն աստիճանաբար փլուզվում էր։ Կարծում եմ՝ ամենավատ ժամանակը 1991-92 թվականներն էին, երբ լույս չկար, ջուր չկար։ Իմ սենյակում ջերմաստիճանը -7 էր, և ես պատրաստվում էի ինֆեկցիոն հիվանդությունների վերաբերյալ քննությանը։ Հիշում եմ, որ ձեռնոց էի հագնում, գլխարկ էի դնում, օգտագործում էի բոլոր մորթյա վերարկուները, վերմակները և մոմի լույսի տակ նստած՝ սովորում էի: Այդ քննությունից ստացա ամենաբարձր գնահատականը՝ «գերազանց»։ Շատ դժվար ժամանակներ էին․ սնունդ համարյա չկար, հացը կտրոնով էր։ Հանրակացարանում ամիսներով լույս, ջուր չկար։ Այդ երիտասարդ տարիքում նման էքստրեմալ պայմաններն ինձ կոփեցին կյանքում։ Ես դարձա ավելի ուժեղ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես:
Հիշում եմ, երբ դուրս էինք գալիս փողոց, տաքսիները կանգնում էին մեզ մոտ և երգում էին․ «Ջիմմի, Ջիմմի», վարորդները մեզ հետ խոսում էին այն ժամանակ հայտնի հնդիկ դերասանների և դերասանուհիների մասին: Ոմանք մեզնից գումար չէին վերցնում, նույնիսկ հրավիրում էին իրենց տուն, որտեղ մենք շատ համեղ ճաշում ու ընթրում էինք։ Հիշում եմ Երևանի թարմ մրգերն ու բանջարեղենը. այդ համերը ես մինչ այժմ ոչ մի այլ տեղ չեմ զգացել: Ես բուսակեր էի, երբ եկա Երևան, առաջին անգամ միս (հավի) կերա Երևանում։ Այստեղ ես սովորեցի հոգ տանել իմ մասին: Կարծում եմ՝ այս ամենն ինձ ավելի լավը դարձրեց կյանքում:
Այս տարիների ընթացքում ներսումս ինչ-որ ձայն ինձ միշտ ասում էր՝ պետք է վերադառնամ Երևան, պետք է գամ բժշկական համալսարան։ Իրականում դեռ անցյալ տարի ամուսնուս հետ որոշել էինք գալ Երևան՝ նշելու մեր ամուսնության 25-ամյակը։ Բայց, ցավոք, ընտանիքում դժբախտություն տեղի ունեցավ։ Ստիպված եղանք վերջին պահին չեղարկել մեր ուղևորությունը։ Բայց այս տարի ես հնարավորություն ունեցա գալ Երևան Եվրոպայում աշխատանքային կոնֆերանսից հետո: Հիշում եմ, երբ վայրէջք կատարեցի Երևանի օդանավակայանում, արտասվում էի, քանի որ չէի հավատում, որ 28 տարի հետո վերադառնում եմ։ Ամբողջ թռիչքի ընթացքում, չնայած մթությանը, ես արթուն էի, որովհետև ոչինչ չէի ուզում բաց թողնել։ Անկեղծորեն եմ ասում․ նույնիսկ այն պահին, երբ մտա բժշկական համալսարանի շենք, լաց էի լինում անվտանգության աշխատակցի մոտ։
Այնքան հիշողություններ վերածնվեցին մտքումս: Հիշում եմ մեր դասախոսությունները․ դրանցից մեկի ժամանակ ես այնքան քնատ էի, որ դասախոսներից մեկը բղավեց ինձ վրա, բայց նույնիսկ այդ բղավոցի մեջ այնքան սեր և հոգատարություն կար։ Փորձելով ի մի բերել հիշողություններս՝ անցա բժշկական համալսարանի յուրաքանչյուր հարկով: Հանդիպեցի Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանին, որն այն ժամանակ մեր դեկանն էր։ Ես գտա լուսանկարներ, որոնք արվել էին իմ կուրսընկերների կողմից, լուսանկարներից երկուսում գտա երիտասարդ Երվանդ Սահակովիչին։ Իհարկե, նա հիմա էլ երիտասարդ տեսք ունի, բայց այն ժամանակ մի փոքր ավելի երիտասարդ էր։ Եվ սկսում ես հասկանալ, թե ինչպես անցան այդ թանկ 28 տարիները։ Հետո սկսում ես գիտակցել, թե որքան կարևոր է ապրել լիարժեք կյանքով: Միշտ ցանկացել եմ վերադառնալ, կարծում եմ՝ օրհնված եմ։ Համալսարանը ոչ միայն կարիերա տվեց ինձ, այլև նպաստեց իմ կայացմանը:
– Ի՞նչ խորհուրդ կտաք արտասահմանցի ուսանողներին, որոնք այս պահին բժշկական համալսարանում են սովորում։
– Նույնիսկ եթե սխալներ եք թույլ տալիս, փորձե՛ք սովորել դրանցից։ Փորձե՛ք վերանայել անցյալը և ապրել կյանքի յուրաքանչյուր պահը, քանի որ այն չափազանց կարճ է: Անկեղծ ասած՝ երբեք չեմ զգացել, որ այդքան «ծեր» եմ, բայց գալով այստեղ՝ հասկացա, որ 28 տարին շատ երկար ժամանակ է. եկել է մի ամբողջ նոր սերունդ։
Մենք միշտ շտապում ենք դեպի ապագա, բայց չենք ապրում ներկայով։ Ապրե՛ք ներկայով, որովհետև ներկան է որոշելու ապագան:
Իմ ընկերներից ոմանք կանոնավոր կերպով չէին սովորում: Հիշում եմ՝ նրանք ինձ մոտ էին գալիս ավարտական քննությունից մեկ օր առաջ և ասում էին. «Խնդրում եմ, խնդրում եմ, օգնի՛ր»: Նրանցից երեք-չորսը շրջապատում էին ինձ, իսկ այդ ընթացքում ես արդեն երկրորդ անգամ վերանայում էի նյութը, ընդամենը մի քանի նշում էի անում նոթատետրում, նրանք կրկնօրինակում էին դա, սովորում էին ու «բավարար» ստանում։ Այն ժամանակ ինձ ասում էին «отличница»:
Ամենակարևոր պատճառը, որ դուք եկել եք բժշկական համալսարան, սովորելն է, մնացած ամեն ինչ երկրորդական է։ Վայելե՛ք կյանքը, կազմակերպե՛ք երեկույթներ, սակայն համոզված եղե՛ք, որ կյանքում լուրջ և անդառնալի սխալներ թույլ չեք տալիս: Թող կրթությունը ձեզ համար լինի առաջին տեղում: Բժշկականում դասախոսները բռնում էին մեր ձեռքն ու ասում․ «Արի՛ դասախոսություններին»։ Հավատացե՛ք, ժամանակը երբեք չի վերադառնում, շատ սովորե՛ք և աշխատե՛ք դասերից շատ չբացակայել։
Հիշում եմ, երբ ավարտեցի համալսարանը, նկարս տպագրվեց հնդիկ շրջանավարտների երկրորդ սերնդի մասին պատմող թերթում։ Բուհից նաև անգլերենով նամակ էին ուղարկել ծնողներիս, որում ասվում էր. «Երևանի պետական բժշկական համալսարանը շնորհակալ է ձեզ նման ջանասեր դստեր դաստիարակության համար․ նա Հնդկաստանի արժանապատիվ քաղաքացի է, որը բարձր առաջադիմությամբ ավարտեց համալսարանը»: Հիշում եմ, երբ վերադարձա Հնդկաստան, հայրս այնքան հպարտ էր: Ես պահպանել եմ այդ նամակը։ Դա պարզապես թղթի կտոր չէ, դա թուղթ է, որը խոսում է մարդու բնավորության մասին: Այնպես որ, երբ գալիս եք այստեղ սովորելու, ոչ միայն ըստ արժանվույն դրսևորե՛ք ձեզ որպես ձեր երկրի քաղաքացի, այլև բարի համբավ բերե՛ք այն երկրին, որը ձեզ ընդունել է:
Հարցազրույցը` Տաթևիկ Ղազարյանի
Լուսնակարները` ԵՊԲՀ շրջանավարտի անձնական արխիվից