Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մանկական տրավմատիզմին նվիրված համաժողով` մասնագետների լայն ընդգրկմամբ

Մանկական տրավմատիզմին նվիրված համաժողով` մասնագետների լայն ընդգրկմամբ

«Հերացի» վերլուծական կենտրոնի  հերթական միջոցառումը «Մանկական տրավմատիզմ, համաճարակաբանություն, վարում, կանխարգելում» թեմայով էր:

Անվճար հավաստագրված համաժողովը համախմբեց մասնագետներին` նպատակ ունենալով  բարձրացնել բուժանձնակազմի տեղեկացվածությունը մանկական վնասվածքների վերաբերյալ, նշել հիմնական տեսակները, դրանց տարածվածությունը, կանխարգելման և արագ արձագանքման մոտեցումները:

«Ուսումնական տարվան ընդառաջ մանկական տրավմատիզմը գալիս է առաջին պլան՝ հաշվի առնելով այն, որ դեպքերի մեծ մասը մենք գրանցում ենք սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Միացյալ Նահանգներում սեպտեմբերի առաջին շաբաթը նշվում է որպես մանկական տրավմատիզմի կանխարգելման ազգային շաբաթ, մենք այդ շաբաթվան ընդառաջ ենք գնում և փորձում ենք ձգտել այն հաջողություններին, որոնք գրանցել է Միացյալ Նահանգները», – նշեց «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ  Մերի Տեր-Ստեփանյանը՝ առանձնացնելով մանկական տրավմատիզմի հիմնական պատճառները՝ ճանապարհատրանսպորտային պատահարները, ջրահեղձությունը, այրվածքները, բարձրությունից վայր ընկնելը, թունավորումները, էլեկտրական հարվածները:

«Ես կցանկանայի ավելացնել նաև հոգեբանական տրավման, թեև այն թեմայի մեջ չի մտնում, սակայն այսօր հոգեբանական տրավման լուրջ գործոն է. եթե նայում ենք մինչև 18 տարեկանների շրջանում ինքնասպանությունների տոկոսը, այն բավական առաջատար է: Ավելացնեմ նաև սեռական բռնությունը, ըստ վիճակագրության՝ մինչև 18 տարեկան 9 աղջիկներից 1-ը ենթարկվում է սեռական բռնության, և 20 տղաներից մեկը նույնպես ենթարկվում է սեռական բռնության: Սա նույնպես ահազանգ է և ուշադրություն է պահանջում», – հավելեց նա:

 Մերի Տեր-Ստեփանյանը հորդորեց շատ զգոն լինել երեխաների նկատմամբ և հիշել, որ երեխան ամեն ինչ տեսնում է այլ կերպ, քան մեծահասակը, և եթե փորձենք աշխարհին նայել երեխայի աչքերով, մենք կտեսնենք` ինչպիսին աշխարհը պետք է լինի, ոչ թե այն ինչպիսին կա. երեխան աշխարհը տեսնում է ավելի գունավոր, ավելի լավը, քան այն կա:

«Թունավորումները` որպես մանկական տրավմատիզմի պատճառ» թեմայով զեկույցով հանդես եկավ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Մանյա Սարգսյանը:

Նա մանրամանորեն խոսեց վիճակագրությունից, թե ինչպիսի թունավորումներ են հաճախ լինում և կերակրափողի քիմիական այրվածքների մասին:

«Համալսարանական հիվանդանոցում մենք տարեկան ընդունում ենք մոտավորապես 700-800 թունավորման դեպք, որոնց 30 տոկոսը կազմում են դեղերից թունավորումները, 70 տոկոսը՝ ոչ բժշկական նյութերի ազդեցությամբ թունավորումները, օրինակ՝ տարբեր տեսակի գազերը, կենցաղային օգտագործման տարբեր նյութերը, բենզինը, մաքրող միջոցները և այլն: Ըստ տվյալների՝ մեզ մոտ գրանցվում է թունավորումների աճ, 2016-2017 թթ. մոտավորապես 500-600 դեպք էր գրանցվում, իսկ այսօր արդեն 700, 800 դեպք ենք ունենում», – նշեց մասնագետը:

Մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը ներկայացրեց թունավորումների ախտանշանները, ինչպես նաև կարևորեց այն հանգամանքը, որ նյութերից առաջացող թունավորումից հետո չի կարելի օգտագործել նոսրացնող հեղուկներ, չի կարելի փսխում առաջացնել.

«Ընդունված է, որ այդ երեխաներին պետք է տալ ջուր, կաթ, որպեսզի նոսրացնենք, սրա հետ կապված ոչ մի ապացուցված տվյալ չկա: Չի կարելի օգտագործել նաև ակտիվացված ածուխ, քանի որ ածուխը չի կլանի այդ մասնիկները և երկրորդ՝ այն կխանգարի հետազոտության ժամանակ»:

Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանը տեղեկացրեց, որ մանկական տրավմատիզմի խնդիրներով ամբիոնը զբաղվում է արդեն շուրջ 10 տարի։

«Հանրային առողջապահության մագիստրոսների հետ մենք ունենք համագործակցության լայն ծրագրեր եվրոպական և ամերիկյան համալսարանների հետ։ Մանկական տրավմատիզմի դեպքում շատ կարևոր է հասկանալ տեղային առանձնահատկությունները, առաջնային ռիսկերը և դրանց դեմ պայքարելու միջոցները», – ավելացրեց Արտաշես Թադևոսյանը։

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Սուսաննա Սահակյանը ներկայացրեց մանկական թունավորումների համաճարակաբանությունը։ Նրա հետազոտության արդյունքները ստացվել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի հետ համագործակցությամբ։ Ուսումնասիրության նյութը 2021-2022թթ․ 0-18 տարեկան երեխաների հիվանդության պատմագրերն էին։ Արձանագրվել է թունավորման 507 դեպք։ Թունավորումներից առավելապես տուժել են տղաները և նախադպրոցական (0-6 տարեկան) երեխաները․ 50% դեպքերում՝ Երևանից, 1/3-ը՝ ՀՀ այլ քաղաքներից, գյուղերից՝ ընդամենը 20%։

 «507 դեպքից 166-ը եղել են հենց դեղորայքային թունավորումներ, մյուս խոշոր խումբը կազմում են քիմիական միջոցներից թունավորումները։ Կենդանի խայթոցներից թունավորումները շատ ավելի փոքրաթիվ են եղել։ Եթե խոսենք թունավորման պայմանների մասին, մեծ հաշվով ստացվում է, որ 314 դեպքերում անուշադրության կամ ծնողի կողմից ինքնուրույն ու սխալ դեղորայքի օգտագործման հետևանքով է եղել։ Հետազոտության ընթացքում հետաքրքրվել ենք նաև, թե որտեղ և ինչ պայմաններով են պահվում դեղամիջոցները, քիմիական և կենցաղային նյութերը․ պարզ դարձավ, որ 180 ծնող պահում է դրանք անհասանելի դարակներում, շատերը՝ նկուղում, առանձին սենյակներում։ Մեզ զարմացրեց այն փաստը, որ ունեինք 7 ծնող, որոնք քիմիական նյութերը պահում էին հենց երեխայի սենյակում», – նշեց Սահակյանը։

Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ասիստենտ Լիլիթ Սարգսյանն անդրադարձավ մանկական հասակում գանգուղեղային տրավմաներին։

ԱՀԿ տվյալներով՝ տրավմատիզմը և բռնությունը երեխաների մահվան հիմնական պատճառն են ամբողջ աշխարհում։ Յուրաքանչյուր տարի այդ պատճառով մահանում է մոտ 950 հազար երեխա և դեռահաս։ Տղաների մոտ, մասնագետի խոսքով, վնասվածքներն ավելի հաճախ են հանդիպում, և դրանց հետևանքներն ավելի ծանր են, քան աղջիկների մոտ։ Հետազոտությունը կատարվել է 2019 թվականի մարտի 1-ից մինչև օգոստոսի 30-ը։ Ընդգրկվել են 0-18 տարեկան երեխաները։ Լիլիթ Սարգսյանը ներկայացրեց հիվանդանոց հասնելու փոխադրման եղանակի տեսակը․ գրանցվել է անձնական միջոցով տեղափոխման 128 դեպք, իսկ շտապօգնությունը գրեթե կրկնակի պակաս է։ Մասնագետը տվյալներ բերեց նաև վնասվածք ստանալու մեխանիզմների վերաբերյալ, որտեղ գերակշիռ մասը կազմել են 0-5 տարեկան երեխաների՝ իրար հարվածելու, բախումների և վայր ընկնելու արդյունքում ստացած վնասվածքները, իսկ արդեն 6-18 տարեկան երեխաների մոտ գերակշռում են ճանապարհատրանսպորտային պատահարները։

Հանրային առողջության համաշխարհային կարևորագույն խնդիրներից են այրվածքները:

«0-18 տարեկան երեխաների և դեռահասների այրվածքների համաճարակաբանությունը Երևան քաղաքում» զեկույցը ներկայացրեց Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ասիստենտ Արմինե Բրուտյանը: Ինչպես նշեց մասնագետը, ըստ հաճախականության բոլոր վնասվածքների դասակարգման մեջ այրվածքներն ամբողջ աշխարհում զբաղեցնում են 3-րդ տեղը: Ծանր այրվածքների դեպքում բուժումն ու խնամքն անցնում է մասնագիտացված կենտրոններում և բավականին երկարատև: Վնասվածք ստացած տուժածն իր կյանքը շարունակում է ֆիզիկական և էմոցիոնալ սպիերով: Համաձայն ԱՀԿ-ի 20 երկրներից հավաքագրված տվյալների՝ ստացվել է 8640 մանկական և մեծահասակների այրվածքի դիմում, որից երեխաներ (0-18 տարեկան)` 3649 (42 տոկոս), տղաներ` 60 տոկոս, 1-5 տարեկան երեխաներ` 62 տոկոս, ջերմային այրվածքներ` 80 տոկոս: Իսկ ՀՀ-ում, ըստ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային» կենտրոնի տվյալների՝ 2020-2022 թվականներին 0-18 տարեկան տարիքային խմբում գրանցվել է 210 դեպք: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այրվածքների դեպքերը՝ 60.4 տոկոս, գրանցվել են 1-4 տարիքային խմբում: Գերակշռող մասը եղել է տղաների շրջանում` 117 (55.7 տոկոս):

Արմինե Բրուտյանի խոսքով՝ ըստ հետազոտության տվյալների` կարելի է փաստել, որ դեպքերի հիմնական պատճառը՝ 201 (95.7 տոկոս), ջերմային այրվածքներն են:

«Կծված վերքերի տարածվածությունը երեխաների շրջանում, վարման առանձնահատկությունները» զեկույցով հանդես եկավ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական օրթոպեդ-վնասվածքաբան Լիլիթ Պետրոսյանը:

Նա նշեց, որ կատաղությունը սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է, որն ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը (ԿՆՀ):

Կատաղությունը վիրուսային հիվանդություն է, որը կաթնասունների, ինչպես նաև մարդկանց մոտ հանգեցնում է գլխուղեղի բորբոքման:

Ամեն տարի կատաղությունից մահանում են տասնյակ հազարավոր մարդիկ: Վտանգավոր հատվածներն են պարանոցը, գլուխը, վերին վերջույթները, սեռական օրգանները: Աղբյուրներն են չղջիկները, առնետները, գայլերը, աղվեսները, նաև ընտանի կենդանիները՝ շները, կատուները: Ի տարբերություն չափահասների` երեխաների մոտ դեպքերն ավելի հաճախ են լինում: 2023թ. հոկտեմբեր-հունվար ամիսներին արձանագրվել է 6919 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 1375-ով: Դրանցից՝ 3546 ընտանի շներ, 3253` թափառող շներ, 120` վայրի կենդանիներ: Ամենից հաճախ Երևանում՝ 2801 դեպք:

Լիլիթ Պետրոսյանի խոսքով՝ այս խնդիրը կանխարգելելու համար անհրաժեշտ է իրականացնել շների պատվաստում (թափառող շների ոչնչացումը կանխարգելման մեթոդ չէ), մարդկանց պատվաստում՝ շան կծելու դեպքում (ՌԱԲԻՎԱՔՍ-Ս, ՎաքսիՌաբ Ն, ՎԵՌՈՌԱԲ):

Մասնագետն առաջարկում է հետևյալ բուժական միջոցառումները՝ վերքը լվանալ օճառաջրով՝ հոսող ջրի տակ, ախտահանել ախտահանիչ լուծույթով, ստուգել օտար մարմնի առկայությունը (ատամ), վերքը չկարել, պատշաճ վիրակապել, անհրաժեշտության դեպքում նշանակել հակամանրէային բուժում, սահմանել հսկողություն, հստակ հետևել պատվաստման սխեմային: Մանկական օրթոպեդ-վնասվածքաբանը շեշտում է՝ արգելվում է պատվաստանյութը ներարկել անոթի մեջ, նստամկանի մեջ, իմունոգլոբուլինը և կատաղության պատվաստանյութը խառնել մեկ ներարկչի մեջ, պատվաստանյութը չօգտագործել 6 ժամվա ընթացքում, եթե չեն պահպանվել +2°C – +8°C պայմանները: Կատաղության գաղտնի շրջանը կարող է տևել 1-3 ամիս: Ոչ սպեցիֆիկ ախտանշաններն են տենդ, գլխացավ, սպեցիֆիկ՝ ջրվախություն (հիդրոֆոբիա), լուսավախություն (ֆոտոֆոբիա), տագնապ, աննշան կամ մասնակի կաթված, անքնություն, տեսիլքներ, կոմա:

Մահը վրա է հասնում սպեցիֆիկ ախտանիշների ի հայտ գալուց 2-10 օր անց: Եվ այս դեպքում նույնիսկ պատշաճ ինտենսիվ թերապիան ապարդյուն է: Այս խնդրի առաջացման դեպքում պետք է հիշել՝ կատաղության դեմ պատվաստումը հույժ կարևոր է, վերքը չի կարելի կարել, վերք(եր)ի տեղակայումը, խորությունը, մակերեսն ու քանակն ազդում է հետագա քայլերի վրա:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության քիթ-կոկորդ-ականջաբանական և ստոմատոլոգիական ծառայության մանկական դիմածնոտային վիրաբույժ, Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի ասիստենտ Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց «Դիմածնոտային շրջանի վնասվածքները երեխաների մոտ» զեկույցը:

Զեկույցի համաձայն` վնասվածքներն ավելի քիչ են տարածված երեխաների մոտ, հատկապես կյանքի առաջին 5 տարիների ընթացքում: Կոտրվածքների 95%-ը հանդիպում է 5 տարեկանից հետո:

Նա խոսեց վնասվածքների հիմնական պատճառների մասին` առանձնացնելով կծած վերքերի համաճարակաբանությունը` դիմածնոտային կոտրվածքները, հեծանիվից կամ ինքնագլորից ընկած վնասվածքները, ավտովթարները, ինքնավնասումները,  այլ պատճառներ:

«Դիմածնոտային շրջանի վնասվածնքները կարևոր են այն հանգամանքով, որ վերականգնման էտապում մեծ դեր ունի էսթետիկան, հետագա կոպիտ սպիերից և դեմքի այլանդակություններից խուսափելու համար», – մանրամասնեց Նարեկ Մկրտչյանը:

Իհարկե, կլինիկական դեպքերը,  առօրյա պրակտիկայից բերված օրինակները թույլ նյարդեր ունեցողների համար չէին, բայց լուսանկարներով ներկայացվածի հիմնական ասելիքն ուղղված էր, առաջին հերթին, կանխարգելմանը, տուժածին առաջին բուժօգնության տրամադրմանը:

«Բոլոր դեպքերում մեր նպատակն է, որպեսզի երեխայի առողջության համար հնարավորինս անվնաս, արդյունավետ բուժման ռազմավարություն ընտրենք», – մանրամասնում է բժիշկը` փաստելով, որ վնասվածքների հետևանքով վերականգնումից հետո արդյունքները լավն են:

Մասնագիտական նյութը շատ ինֆորմատիվ էր, պրոֆեսոր Տեր-Ստեփանյանը նկատեց` ցանկալի է, որ այն հնարավորինս հասանելի լինի ծնողներին:

Շարունակելով թեման և խոսելով մանկական տրավմատիզմի մասին` «Մուրացան» հիվանդանոցի Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար, ԵՊԲՀ ողնաշարային վիրաբուժության, մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության ամբիոնի դասախոս Արարատ Նազանյանը նշեց, որ տրավմատիզմը վնասվածքների ամբողջությունն է, որն առաջացել է բնակչության որոշակի խմբում որոշակի ժամանակահատվածում և կապված է տվյալ պատահարի (վնասվածքի) և արտաքին միջավայրի, ինչպես նաև տուժածի ներքին վիճակի հետ:

«Մանկական տրավմատիզմը վաղ տարիքի երեխաների շրջանում հանկարծակի առաջացած վնասվածքներն են, որոնք վերջին տարիներին ավելի շատ երեխաների մահվան պատճառ են դարձել, քան վարակիչ հիվանդությունները», – ասաց փորձառու վնասվածքաբան-օրթոպեդը` մատնանշելով մանկական վնասվածքների հիմնական պատճառները:

Մանկական տրավմատիզմի թեմային նվիրված միջոցառումն ավարտվեց ինտերակտիվ աշխատանքով, մասնակիցների հարց ու պատասխանով»,

  • Ծնողների անուշադրություն, անփութություն
  • Երեխաների անկարգ վարքագիծ
  • Դժբախտ պատահարներ

Վնասվածքները դասակարգվում են ըստ առաջացման վայրի, տարիքային խմբերի: Արարատ Նազանյանը ներկայացրեց նաև վնասվածքների հիմնական տեսակները:

Հրավիրած համաժողովը նաև ևս մեկ անգամ կարևորեց անվտանգության կանոնների պահպանման, ծնողների շրջանում իրազեկվածության բարձրացման, կանխարգելման տեսակետից: