«Հերացի» վերլուծական կենտրոնի հերթական հավաստագրված համաժողովը` այս անգամ «Երեխայի սննդակարգը ծնվելուց հետո մինչ պատանեկություն, արագ սնունդ, սննդային ալերգիաներ, ճարպակալում, շաքարային դիաբետ, ստամոքսաղիքային հիվանդություններ» թեմայով անցկացվեց այսօր լեփ-լեցուն դահլիճում:
Հանրապետության առաջատար մասնագետների համախմբող միջոցառման նպատակն է` բարձրացնել բուժանձնակազմի տեղեկացվածությունը առողջ սննդակարգի կարևորության վերաբերյալ, անդրադառնալ արդեն արմատավորված արագ սննդի հիմնախնդրին մանկական բնակչության շրջանում, զսպել դրա բացասական ներզատական, համաճարակաբանական, ախտաբանական հետևանքները, խոսել հիգիենիկ նորմերի, հոգեբանական խնդիրների վերաբերյալ, կանխել հնարավոր բացասական հետևանքները:
Համաժողովը մեկնարկեց Նեոնատոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պավել Մազմանյանի «Անհաս նորածինների էնտրալ սնուցման ժամանակակից ռազմավարություններ» զեկույցով:
«Վերջին տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ լավ սնուցումը ազդեցություն ունի երեխայի կյանքի, առողջության, ապրելիության վրա: Լավ սնուցումը լավ ելքի գրավականն է»,- խոսքը լսարանին ուղղելով ասաց նա` թեպետ դահլիճում նեոնատոլոգները շատ չէին, սակայն նրա ներկայացրած թեման նեղ մասնագիտական լինելուց բացի նաև հետաքրքիր էր մյուս ճյուղերը ներկայացնող բժիշկների համար:
Երկար տարիների աշխատանքային փորձով բժիշկը շեշտեց` սնուցումը ավելի կարևոր է, քան թանկարժեք սարքավորումները և արհեստական շնչառության ապարատները, վաղ էնտերալ սնուցումը նեկրոտիկ էնտորոկոլիտի (ՆԷԿ) և սեպսիսի հիմնական կանխարգելումն է:
Զեկուցողն ընդգծեց, որ անհաս նորածինը էներգետիկ բարձր պահանջներ ունի, իսկ թերի սնուցումը երկարաժամկետ հետևանքներ կարող է առաջացնել, որոնց թվում են մտավոր զարգացման հապաղում, նյարդաբանական բարդությունների ռիսկի բարձրացում, վարքային խնդիրներ, գեստացիոն ժամկետի նվազման դեպքում հավանականությունն ավելի մեծ է ճարպակալման, դիաբետի, լիպիդային նյութափոխանակության խանգարումների, հիպերտոնիայի ռիսկի:
Միջազգային փորձից մեջբերումներով, կլինիկական պրակտիկայից օրինակներով, ոլորտի խնդիրների մասնագիտական դիտակետից անդրադարձով էր հարուստ պրոֆեսոր Մազմանյանի ելույթը:
Հաջորդիվ Կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի դասախոս, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Նեղ մասնագիտական մանկաբուժական ծառայության մանկական ալերգոլոգ Նունե Հովհաննիսյանը «Սննդային ալերգիա» զեկույցը հանձնեց լսարանի դատին.
«Սննդային ալերգիան իմուն-միջնորդավորված պատասխանն է սննդին։ Հիմնականում սննդային ալերգիան առաջանում է սննդի սպիտակուցի նկատմամբ։ Բացառություն՝ ալֆա-գալակտոզայի»:
Քանի՞ ալերգեն կա:
Հայտնի է ընդհանուր 160 սննդային ալերգեն, 90 % դեպքերում ալերգիայի համար պատասխանատու են հետևալ սննդամթերքները՝
Կաթ և կաթնամթերք, ձու, ցորեն, գետնանուշ, ընկուզեղեն, սոյա, ձուկ, ծովամթերք:
Մեկ այլ աղբյուրի համաձայն` ալերգենների թիվը 9-նն է, ավելանում է նաև քունջութը:
Նունե Հովհաննիսյանը փաստում է, որ սննդային ալերգիայի առանձնահատկությունները երեխաների մոտ տարբերվում են մեծահասակներից: Մանկական բժիշկ-ալերգոլոգի փոխանցմամբ` երեխաների մոտ առավել հաճախ ալերգիան զարգանում է սննդի հետ ծանոթության ընթացքում:
«Սննդային ալերգիան որոշ սննդամթերքի նկատմամբ մեծամասնության մոտ անցնում է նախադպրոցական կամ վաղ դպրոցական հասակում սպոնտան։ Առաջնային ալերգիան մրգերի և բանջարեղենի նկատմամբ առաջանում է շատ հազվադեպ (քիչ ավելի հաճախ միջերկրածովյան երկրներում)։ Խաչաձև ալերգիան կարող է զարգանալ որպես պոլինոզի հետևանք 2-3 տարեկանից բարձր երեխաների մոտ»:
Նա որպես սննդային ալերգիայի դրսևորումներ խոսեց նաև եղնջացանի, անգիոայտուցի, անաֆիլաքսիայի, ատոպիկ դերմատիտի մասին: Կլինիկական դրսևորումները նորածինների մոտ, անհիմն դիետաների վնասները, տոլերանտության կորստի ռիսկը, այլ թեմաներ մասնագետի սահիկաշարում էին:
Կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի դոցենտ Զարուհի Կալիկյանի թեման էր «Սննդակարգը՝ երեխաների սննդային ալերգիայի դեպքում․ առասպելներ և իրականություն»:
Մասնագետը ներկայացրեց առասպելների 2 խումբ, որոնցից առաջինի համաձայն՝ սննդային ալերգիան լուրջ խնդիր չէ, իսկ մյուսի համաձայն՝ սննդային ալերգիան և անտանելիությունը նույնն են։
«Սննդային ալերգիան իրականում կարող է դառնալ շատ լուրջ խնդիր․ այն կարող է ունենալ ժառանգական նախատրամադրվածություն, քրոնիկական ընթացք, սրացումներ, որոնք կարող են շատ վտանգավոր լինել կյանքի համար», – նշեց նա։
Զարուհի Կալիկյան խոսքով՝ սննդային ալերգիան շատ հաճախ ասոցացվում է սննդային անտանելիության կամ այսպես կոչված «կեղծ ալերգիայի» հետ։
Առասպելների շարքում են նաև այն մտքերը, թե՝ «եփված վիճակում սնունդն ալերգենային չէ», «ալերգենային սննդի մի փոքր քանակը չի վնասի», «սննդային ալերգենները միշտ հստակ են»։ «Գոյություն ունի «խաչաձև ալերգիա» հասկացությունը։ Կաթերի տեսակների միջև կա շատ բարձր խաչաձևություն՝ շուրջ 92%: Շատ վտանգավոր առասպել է հետևյալը․ «Եթե ալերգիան զարգանում է կրծքով կերակրման ընթացքում, ապա պետք է դադարեցնել այն և անցնել արհեստական սնուցման»։ Երեխայի կրծքով կերակրումը պետք է տևի առնվազն 4 ամիս՝ անկախ որևէ հանգամանքից», – շեշտեց մասնագետը՝ միաժամանակ հավելելով, որ կրծքով կերակրման շրջանում մայրը հատուկ դիետա պահելու կարիք չունի։
Կոպիտ սխալների թվում Զարուհի Կալիկյանն առանձնացրեց այն պնդումը, որ «Երեխաներին չի կարելի տալ ալերգենային սնունդ մինչև 1 տարեկանը»։
Ալերգեններ չտալը տոլերանտության ձևավորման բացակայության ռիսկ է պարունակում։
Շարունակելով տարածված առասպելների շարքը՝ նա առանձնացրեց «սննդային ալերգիայով երեխային չի կարելի նոր սննդատեսակներ տալ», «սննդային ալերգիան ընդմիշտ է», «սննդային ալերգիան չի բուժվում», «սննդային ալերգիան հնարավոր չէ կառավարել» չհիմնավարված պնդումները։
Իր զեկույցը Զարուհի Կալիկյանը եզրափակեց կլինիկական դեպքի ներկայացմամբ։
ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Արմեն Մկրտչյանը ներկայացրեց «Դպրոցական սննդի առողջապահական նշանակությունը՝ Հայաստանի օրինակով»։
Անդրադառնալով մեր երկրում 2010 թվականից ներդրված «Դպրոցական սնունդ» ծրագրին՝ նա նշեց, որ ծրագրում ընդգրկված է մարզային դպրոցների 90%-ից ավելին՝ 1070 դպրոց, 102 հազար սովորող, որոնք հանդիսանում են տարրական դասարանների աշակերտները։ Ճաշացանկերը կազմված են՝ հաշվի առնելով տարիքային էներգետիկ սննդանյութային պահանջները (սպիտակուցներ, առողջ ճարպեր, երկաթ, վիտամին Ց, սննդային թելիկներ և այլն)։
2023 թվականին ամբողջական անցում կատարվեց դպրոցական սննդի պետական ծրագրի։ 2-3 տարվա ընթացքում ծրագիրը կներդրվի նաև մայրաքաղաքի դպրոցներում։
Համաճարակաբանության ամբիոնի վարիչ, «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար Մերի Տեր-Ստեփանյանի զեկույցը «Սննդի միջոցով փոխանցվող աղիքային ինֆեկցիաները երեխաների շրջանում և դրանց կանխարգելումը» խորագրով էր: Նա ներկայացրեց վիճակագրական տվյալներ․ «Սննդային գործոնի միջոցով փոխանցվող վարակների գրեթե 1/3-ը տեղի է ունենում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում, որը կազմում է երկրագնդի բնակչության ընդամենը 9%-ը։ Եթե հաշվի առնենք տեսակարար կշիռը, ապա պարզ է դառնում, որ սա ամենաազդեցիկն է այս տարիքային խմբում։ ԱՀԿ զեկույցի համաձայն՝ ամեն տարի 600 մլն մարդ հիվանդանում է այս խնդիրներով, և նրանցից տարեկան մահանում է 420 հազար մարդ»։
Նորածնային տարիք․ կրծքի կա՞թ, թե՞ արհեստական կաթնախառնուրդ
«Ինֆեկցիոն գործոնի առումով միանշանակ կրծքի կաթ, որովհետև մայրը ոչ միայն փոխանցում է սննդարար նյութեր, այլև անփոխարինելի հակամարմիններ։ կրծքով Սնուցում ստացող աղիքային ինֆեկցիայով երեխաները 117 անգամ ավելի քիչ են հիվանդանում, քան արհեստական կաթնախառնուրդ օգտագործողները։ Սա ապացուցողական բժշկության տեսանկյունից աննախադեպ թիվ է․ նման թվի մենք շատ քիչ ենք հանդիպում գիտական հոդվածներում», – հայտնեց Մերի Տեր-Ստեփանյանը։
Որո՞նք են ավելի հաճախ սննդի միջոցով փոխանցվող աղիքային վարակների հարուցիչները։
Պրոֆեսորը բաժանեց դրանք 3 խմբի՝ վիրուսներ, բակտերիաներ և մակաբույծներ։ Նա կանգ առավ նորովիրուսի վրա, որովհետև դրա վարակելիության ցուցանիշը մոտենում է ջրծաղիկի ցուցանիշին։ Վիրուսային Հեպատիտ Ա-ի առումով, նրա խոսքով, Հայաստանում բավականին լավ համաճարակային իրավիճակ ունենք։
Բարձրաձայնեց մայրերի ձեռքերի հիգիենայի դերը վարակների փոխանցման գործում, առանձնացրեց կենդանական և բուսական սննդի միջոցով փոխանցվող վարակները, ներկայացրեց իրավիճակը Հայաստանում՝ 2017 թվականինց սկսած, բռնկումները նախադպրոցական ուսումնական հաստատություններում
Զեկույցը միջոցառման նախաձեռնողն ամփոփեց՝ մթերքի անվտանգ պահպանման պայմանները հիշեցնելով։
ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովայի անդրադարձը շաքարային դիաբետն էր:
«Շաքարային դիաբետը բավականին լուրջ խնդիր է, որը եղել է միշտ, բայց 1921 թվականից պացիենտների ճակատագիրը փոխվել է: Երբ հայտնաբերվեց ինսուլինը, երեխաները սկսեցին չմահանալ, մինչ այդ դա մահացու ախտորոշում էր: Շաքարային դիաբետի մասին խոսելիս պետք է միշտ հիշել, որ դա վտանգավոր է իր քրոնիկ և սուր բարդություններով: Դիաբետով պացիենտների մոտ բարդությունները անխուսափելի են, դրանք զարգանալու են, ինչը հիվանդության բնական ընթացքն է, սակայն ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս տասնյակ տարիներով ուշացնել այդ բարդությունները»,-նշեց Ելենա Աղաջանովան՝ շեշտելով հիվանդության ստատիստիկայի և դեպքերի թվի աճի մասին թե մեր երկրում, թե ամբողջ աշխարհում:
«Ամբողջ աշխարհում և Հայաստանում շատ արագ աճում են շաքարային դիաբետով հիվանդացությունը: Յուրաքանչյուր տարի 100-ից 120 նոր դեպք ենք ունենում»,-ընդգծեց էնդոկրինոլոգը՝ ներկայացնելով դիաբետի ձևերն ու տիպերը, ախտանշանները յուրաքանչյուր ձևերի ժամանակ, ինչպես նաև առաջացման հիմնական պատճառները:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության ղեկավար, Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Օլգա Ասատրյանը «Մանկական և դեռահասային տարիքի մարսողական համակարգի առավել տարածված հիվանդությունները եւ դրանց ժամանակակից միտումները» թեմային:
Նա խոսեց մարսողական տրակտի հիվանդությունների դասակարգման մասին, որոնցից առաջնայինը կառուցվածքային դեֆեկտներն են, բորբոքային հիվանդությունները, խցանման խնդիրները:
«Կառուցվածքային դեֆեկտներից են պիլորոստենոզը, ստատիստիկ տվյալներով 1000 երեխայից 3-ը հիվանդ է լինում այս պաթոլոգիայով, կերակրափողի ատրեզիայով՝ 4000-ից 1-ը, սակայն ամենահաճախ հանդիպում ենք գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությանը: Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսի զարգացումը կապված է կերակրափողի ստորին սֆինկտների անցողիկ ռելաքսիացիայի հետ, այն տարածված ֆիզիոլոգիական երևույթ է առողջ մանուկների մոտ, ախտաբանական է ավագ տարիքում, արտահայտվում է անցավ, պասիվ, կրկնվող ռեգուրգիտացիայով (փսխում կամ որձկում)»,-ասաց բժիշկ-գաստրոէնտերոլոգը՝ մանրամասնելով հիվանդության այլ առանձնահատկությունները, բուժման սխեման:
Միջոցառման վերջին զեկույցը «Սննդային վարքի խանգարումները մանկության և պատանեկության տարիքում» թեմայով էր, որը ներկայացրեց Բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս, կլինիկական հոգեբան Նաիրա Ազատյանը՝մանրամասնելով, թե ինչ է սննդային վարքագիծը:
«Զեկույցի մեծ մասը նվիրված է ավելի շատ հոգեկրթմանը, որպեսզի երեխաները հետագայում չունենան այս կամ այն խանգարումը: Սնունդ ընդունելը մեր կարևոր պահանջմունքներից մեկն է, մշակույթ: Ինչու եմ ասում, որ սնունդ ընդունելը մշակույթ է, քանի որ միշտ ավանդույթ է եղել ընտանիքով նստել, սնվել, սակայն այսօր երեխաները սնունդն ընդունում են գաջեթների դիմաց, դա արդեն խնդիր է հետագայում որոշակի սննդային վարքային խանգարում ունենալու համար»,-ընդգծեց հոգեբանը:
Նրա փոխանցմամբ ՝ մանկական տարիքում կարող են հանդիպել հետևյալ խանգարումները ՝ սնունդը շատ երկար ծամելու սովորություն, պինդ սնունդ ծամելու անկարողություն՝ փսխման տեսքով ռեակցիայով, սովի զգացման աղավաղում, ինչ-որ բան ուտելու մշտական ցանկություն և այլն: