ԱՀԿ-ի/Եվրոպական տարածաշրջանի և Յոդի գլոբալ ցանցի նոր զեկույցը` հրապարակված հայտնի The Lancet պարբերականում այս տարվա օգոստոսի 1-ին, նախազգուշացնում է, որ յոդի չափավոր անբավարարությունը շարունակում է տարածված լինել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում:
Ավելին, դեռահասների և մեծահասակների կողմից կաթնամթերքի սպառման նվազեցումը կարող է վատթարացնել իրավիճակը, քանի որ կաթը յոդի հիմնական աղբյուրն է, հատկապես այն երկրներում, որտեղ աղը սովորաբար յոդացված չէ: Զեկույցի հեղինակները գրում են, որ որոշ երկրներում յոդի ընդունման օպտիմալացման առաջընթացը դանդաղում է կամ նույնիսկ նվազում: Նրանք կոչ են արել քաղաքական գործիչներին միջոցներ ձեռնարկել նախքան Եվրոպայում կվերսկսվեն յոդի անբավարարության պատճառով ձեռք բերվող էնդեմիկ խպիպի և վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքերը, որոնք ժամանակին բավականին տարածված էին մայրցամաքում:
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանը տարածվում է Ատլանտյան օվկիանոսից մինչև Կենտրոնական Ասիա։ Այն բաղկացած է 53 անդամ պետություններից, ներառյալ` Կոսովոն։ Դպրոցահասակ երեխաների կողմից յոդի օգտագործումը բավարար է տարածաշրջանի 27 պետություններից 26-ում, որոնք տվյալներ են ներկայացրել այս հարցի վերաբերյալ: Այս երկրներում երեխաները շատ կաթ են խմում: Բայց մեծահասակների համար հեռանկարները այդքան էլ հուսադրող չեն: Մի շարք երկրներում մեծահասակների և հղի կանանց կողմից յոդի օգտագործումը ենթաօպտիմալ է: Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիայում յոդի ընդունումը գնահատվում է բավարար՝ ելնելով մեզի մեջ յոդի միջին կոնցենտրացիայից:
«Այն երկրներում, որտեղ աղի յոդացումը պարտադիր է, ընդհանուր բնակչության շրջանում յոդի մակարդակը սովորաբար նորմալ է։ Այն նաև նորմալ է այն վայրերում, որտեղ յոդացված աղը օգտագործվում է հացաբուլկեղեն պատրաստելու համար: Խնդիրը կայանում է այն երկրներում, որտեղ աղի յոդացումը կամավոր է», – պարզաբանել է յոդի գլոբալ ցանցի գործադիր տնօրեն Վերներ Շուլտինկը։
Մարիա Անդերսոնը, ով Շվեյցարիայի Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի ավագ գիտաշխատող է և տվյալ զեկույցի համահեղինակ է, նշել է, որ աղի յոդացումը լայնորեն ճանաչվում է որպես պատմության մեջ հանրային առողջության ամենահաջողված մեթոդներից մեկը: Շվեյցարիան առաջին երկրներից է, որ կիրառել է այն։ 1920-ականների սկզբին յոդի անբավարարության հետ կապված հիվանդությունները շատ տարածված էին Շվեյցարիայում։ Օրինակ՝ Բեռնում գրեթե յուրաքանչյուր դպրոցականի մոտ պարանոցի վրա այտուց է եղել։ Շվեյցարիայում գրանցվել են բնածին հիպոթիրեոզի հազարավոր դեպքեր և խլության բարձր մակարդակ: Յոդացված աղի ներդրումը, որը սկսվել է 1922 թվականին, անմիջական ազդեցություն է ունեցել։ Էնդեմիկ խպիպի դեպքերը կտրուկ նվազել են: Շատ ավելի քիչ երեխաներ են ծնվել խլությամբ, և բնածին հիպոթիրեոզը ամբողջությամբ անհետացել է:
«Արևմտյան Եվրոպայի երկրների կառավարությունները չեն ցանկանում պարտադիր առողջապահական միջամտություններ մտցնել: Այսպիսով, անհրաժեշտ է մեծապես հիմնվել սննդի արդյունաբերության հետ համագործակցության վրա՝ կիրառելու առաջարկություն՝ օգտագործելու յոդացված աղը ոչ յոդացված աղի փոխարեն: Կաթը յոդի կարևոր աղբյուր է, սակայն կաթի մեջ յոդի կոնցենտրացիաները սովորաբար չեն կարգավորվում և չեն վերահսկվում: Եթե յոդի կոնցենտրացիաները նվազեն կենդանիների կերերում, հնարավոր է Եվրոպան ականատես լինի տարածաշևջանում մարդկանց մոտ յոդի կարգավիճակի կտրուկ անկման»,- ասել է Անդերսոնը: Խնդիրն ավելի է բարդանում կաթնամթերքի այլընտրանքների աճող ժողովրդականությամբ, ինչպիսիք են նուշի կամ վարսակի կաթը, որոնք սովորաբար հարստացված չեն յոդով: Հղի կանանց համար հատկապես կարևոր է պահպանել յոդի բավարար չափաբաժինը՝ պտղի նորմալ զարգացումն ապահովելու համար:
Այսօր տանից դուրս պատրաստված կամ արտադրված մթերքները կազմում են արևմտյան սննդակարգին հետևող անհատների մոտ աղի ընդունման 70-80%-ը: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 24 երկրներում, որտեղ աղի յոդացումը պարտադիր չէ, երաշխիք չկա, որ այդ մթերքները կպարունակեն յոդ: Նոր զեկույցում բերվել է Գերմանիայի օրինակը, որտեղ վերամշակված սննդամթերքի 10%-ից պակասը պարունակում է յոդացված աղ։ Ակնհայտ լուծումը վերամշակված սննդի մեջ ոչ յոդացված աղից յոդացված աղի անցնելն է և կաթնամթերքի այլընտրանքային տարբերակները յոդով հարստացնելը: Բայց դա կարող է վանել առողջությանը հետևող սպառողներին, ովքեր չեն սիրում տեսնել քիմիական միացությունները, որոնք նշված են իրենց գնած սննդամթերքի և խմիչքների բաղադրիչներում: ԱՀԿ/Եվրոպա զեկույցն առաջարկում է արտադրողներին թույլատրել օգտագործել «յոդացված աղ» տերմինը:
Անդերսոնը խորհուրդ է տալիս համապատասխանեցնել յոդացված աղի կանոնակարգերը տարբեր երկրներում: «Սննդի արդյունաբերությունը ցանկանում է տեսնել ընդհանուր կանոններ»,-ասել է նա:
Յոդի անբավարարության մասին հաղորդագրությունները պետք է նրբերանգային լինեն: «Մենք ցանկանում ենք նվազեցնել աղի ընդհանուր սպառումը, բայց ապահովել, որ այն միշտ յոդացված լինի»,-նշում է Շուլտինքը: «Աղին անհրաժեշտ է ընդամենը մի քանի միկրոգրամ յոդ ավելացնել։ Ուստի յոդի քանակությունը կարգավորելը մեծ խնդիր չէ, եթե մարդիկ ավելի քիչ աղ են ուտում»: Նա հավելեց, որ ոչ մի ապացույց չկա, որ մարդիկ ավելացնում են իրենց աղի օգտագործումը, եթե զգում են, որ բավարար քանակությամբ յոդ չեն ստանում:
Այնուամենայնիվ, իրազեկության բարձրացումը հեշտ գործ չէ: «Ոչ միայն սննդի արտադրողները, այլև հասարակության լայն շրաջանակները սահմանափակ գիտելիքներ ունեն յոդի կարևորության մասին»,-նշում է մասնագետը: «Բժշկական հանրությունը բավարար չափով տեղեկացված չէ յոդի մասին։ Որոշ տարեց բժիշկներ կարող են տեղյակ լինել յոդի անբավարարության մասին, չնայած այն համարում են անցյալի խնդիր, բայց երիտասարդ բժիշկները շատ քիչ բան գիտեն: Բժշկական կրթության ծրագրում այն ընդգրկված չէ»:
Հավելենք, որ Հայաստանում օրենսդրությամբ կարգավորված է, որպեսզի և արտադրվող, և ներկրվող աղը լինի յոդացված, ինչը մեր երկրում յոդի անբավարարությունը կարգավորելու լավագույն տարբերակն է: