• Գլխավոր
  • ՓՀ աշխատակարգի Հավելված ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

ՓՀ աշխատակարգի Հավելված

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

ԵՊԲՀ ռեկտորի 17 հունիսի 2025 թվականի թիվ 78 Մ հրամանով
հաստատված  Փորձագիտական հանձնաժողովի աշխատակարգի

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) հետազոտությունների որակի բարելավման, փորձագիտական հանձնաժողովների գործունեությունը կանոնակարգելու և առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով հանձնարարվում է առաջնորդվել հետևյալ ցուցումներով.

  1. Գիտական աստիճանի հայցման նպատակով (թեմայի հաստատում և նախնական փորձաքննություն) ԵՊԲՀ ռեկտորին ուղղված հայցորդների դիմումները կարող են ընդգրկվել փորձագիտական հանձնաժողովի նիստի օրակարգում աշխատանքը սահմանված կարգով ներկայացվելու դեպքում:
  2. ԵՊԲՀ ռեկտորին ուղղված դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել ԵՊԲՀ գիտության վարչության (գիտական կադրերի պլանավորման և պատրաստման բաժին) կողմից վավերացված` անհրաժեշտ փաստաթղթերի առկայության մասին ստուգաթերթը:
  3. Ատենախոսությունը նախնական փորձաքննության ներկայացնելուց առաջ գիտական ղեկավարի կողմից ներկայացվում է եզրակացություն` ատենախոսության ավարտուն լինելու (հրապարակված հոդվածներ, օգտագործված նյութեր և մեթոդներ, գիտական նորույթ, աշխատանքի օրիգինալություն, ձեռքբերումներ և հայցորդի մասնաբաժին) վերաբերյալ:
  4. Նախնական փորձաքննության և թեմայի հաստատման ներկայացվող բոլոր եզրակացությունները պետք է ունենան առավելագույնը 6 ամսվա վաղեմություն: Վաղեմության ժամկետը լրացած փաստաթղթերը ներկայացվում են կրկնակի հաստատման:
  5. Գիտական հրապարակումների արժանահավատության ստուգման նպատակով փորձագիտական հանձնաժողովի նախագահի կողմից կազմակերպվում է փորձաքննություն: Անհրաժեշտության դեպքում, գիտության գծով պրոռեկտորի համաձայնությամբ և Գիտության վարչության օժանդակությամբ կարող է իրականացվել գաղտնի փորձաքննություն:
  6. Ատենախոսական աշխատանքի քննարկման նիստի ժամանակ հայցորդի բանավոր զեկույցը պարտադիր է:
  7. Թեկնածուական ատենախոսությանը գրախոսական կարծիք ներկայացնելու համար գրախոսին տրամադրվում է առավելագույնը 10 օր թեմայի հաստատման և առավելագույնը 15 օր նախնական փորձաքննության պարագայում: Դոկտորական ատենախոսության դեպքում տրամադրվում է առավելագույնը 20 օր թեմայի հաստատման և առավելագույնը 30 օր նախնական փորձաքննության պարագայում:
  8. Փորձագիտական հանձնաժողովը կարիքի, անհրաժեշտության դեպքում կարող է հրավիրյալ մասնագետներ ներգրավել, համաձայն գիտական աստիճանաշնորհման անվանացանկի բնագավառի և մասնագիտության:
  9. Դիմումը և ատենախոսական աշխատանքը փորձագիտական հանձնաժողով սահմանված կարգով ներկայացնելու պահից 10-օրյա ժամկետում փորձագիտական հանձնաժողովի նախագահը և ատենախոության գիտական ղեկավարը/խորհրդատուն փորձագիտական հանձնաժողովի հիմնական կազմից, անհրաժեշտության դեպքում հրավիրյալ մասնագետերի ներգրավմամբ, ընտրում են 5 և ավելի մասնագետներից բաղկացած անհատական կազմ՝ հաշվի առնելով գիտության բնագավառը, մասնագիտական դասիչը և աշխատանքի բնույթը: Առաջարկվող անհատական կազմը ներկայացվում է Գիտության վարչություն:
  10. Փորձագիտական հանձնաժողովի քարտուղարը նիստից առնվազն 5 օր առաջ հանձնաժողովին ներկայացնում է հանձնաժողովի անհատական կազմը, թեմայի հաստատման դեպքում՝ նաև գիտական աշխատանքի պլանի, իսկ նախնական փորձաքննության դեպքում` ատենախոսության զեկույցի նախագիծը:
  11. Փորձագիտական հանձնաժողովի նիստի արձանագրությանը կից գիտության վարչություն են ներկայացվում հայցորդի և գիտական ղեկավարի/խորհրդատուի մեկնաբանությունները, գրախոսների կարծիքը, ընթացիկ դիտողությունները, առաջարկությունները, հիմնավորումները և առանձին ներկայացված կարծիքները՝ ստորագրված տարբերակով:
  12. Գիտության վարչության կողմից ԵՊԲՀ պաշտոնական կայքէջում տեղադրվում է գիտական աշխատանքի (թեմայի հաստատում, նախնական փորձաքննություն) վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն:
  13. Գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի կողմից Հանձնաժողովի նիստը վարելու պարտականությունը հանձնարարում է հանձնաժողովի մեկ այլ անդամի հանձնաժողովի նախագահի՝ տվյալ ատենախոսությամբ շահագրգռված լինելու կամ անաչառության վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության դեպքում (նախագահը հանդիսանում է ատենախոսական աշխատանքի գիտական ղեկավարը/խորհրդատուն, նախագահի և հայցորդի միջև առկա է արյունակցական կապ և այլն):
  14. Փորձագիտական հանձնաժողովի քարտուղարը նիստից առնվազն 10 օր առաջ ապահովում է հանձնաժողովի անդամների, նիստին մասնակցող հրավիրյալ մասնագետների, ինչպես նաև ԵՊԲՀ գիտության վարչության իրազեկումը նիստի օրակարգի վերաբերյալ:
  15. Ատենախոսական աշխատանքնրի իրականացման գործընթացում անհրաժեշտ պահանջներ և չափանիշներ.

15.1. Թեկնածուական ատենախոսությունների համար.

  • 2017 թվականին ատենախոսության թեման հաստատած աշխատանքները նախնական փորձաքննության կներկայացվեն Web of Science շտեմարանի ազդեցության գործոն ունեցող որևէ պարբերականում, ատենախոսության թեմայի շրջանակներում, սեփական հետազոտությունների արդյունքների հիման վրա, հրապարակված մեկ հոդվածի1 առկայության դեպքում:
  • 2018 թվականից սկսած՝ նախնական փորձաքննության կներկայացվեն այն աշխատանքները, որոնց հեղինակները Web of Science շտեմարանի ազդեցության գործոն ունեցող որևէ պարբերականում, ատենախոսության թեմայի շրջանակներում, սեփական հետազոտությունների արդյունքների հիման վրա, հրապարակել են մեկ հոդված:
  • 2018 թվականին ատենախոսության թեման հաստատած և նախնական փորձաքննության ներկայացվող բոլոր աշխատանքներում հայցորդը պահանջվող հոդվածում պետք է լինի առաջին հեղինակ:
  • 2019 թվականից սկսած՝ նախնական փորձաքննության ներկայացված բոլոր աշխատանքներում հայցորդը պահանջվող հոդվածում պետք է լինի առաջին հեղինակ:
  • 2020 թվականից սկսած` նախնական փորձաքննություն անցնող աշխատանքին կից ներկայացվող հոդվածը պետք է հրապարակված լինի Web of Science շտեմարանի առնվազն 1.0 ազդեցության գործոն ունեցող պարբերականում:
  • 2023 թվականից սկսած՝ նախնական փորձաքննություն անցնող աշխատանքին կից ներկայացվող հոդվածը պետք է հրապարակված լինի Web of Science շտեմարանի առնվազն 1.0 ազդեցության գործոն ունեցող պարբերականում, որի քառորդը պատկանում է առաջին, երկրորդ կամ երրորդ խմբերին (Q3-Q1):

15.2. Դոկտորական ատենախոսությունների համար

  • 2018 թվականից սկսած՝ ատենախոսական աշխատանքի թեման կներկայացվի հաստատման Web of Science շտեմարանի ազդեցության գործոն ունեցող պարբերականում երկու հոդվածի առկայության դեպքում, որոնցից մեկում հայցորդը պետք է լինի առաջին հեղինակ կամ հոդվածներից մեկը պետք է հրապարակված լինի 1,0 և ավելի ազդեցության գործոն ունեցող պարբերականում:
  • 2018 թվականից սկսած՝ նախնական փորձաքննության կներկայացվեն այն աշխատանքները, որոնց հեղինակները Web of Science շտեմարանի ազդեցության գործոն ունեցող որևէ պարբերականում, ատենախոսության թեմայի շրջանակներում, սեփական հետազոտությունների արդյունքների հիման վրա, հրապարակել են երկու հոդված:
  • 2019 թվականից սկսած՝ ատենախոսական աշխատանքները նախնական փորձաքննության կներկայացվեն հաստատված թեմայի շրջանակներում, սեփական հետազոտությունների արդյունքների հիման վրա, Web of Science շտեմարանի ազդեցության գործոն ունեցող որևէ պարբերականում երեք հոդվածի առկայության դեպքում: Միաժամանակ, պահանջվող հոդվածներից առնվազն մեկում հայցորդը պետք է լինի առաջին հեղինակ:
  • 2020 թվականից սկսած՝ ատենախոսական աշխատանքները նախնական փորձաքննության կներկայացվեն հաստատված թեմայի շրջանակներում, սեփական հետազոտությունների արդյունքների հիման վրա, Web of Science շտեմարանի ազդեցության գործոն ունեցող պարբերականներում հինգ հոդվածի* առկայության դեպքում կամ անկախ հոդվածների քանակից՝ գումարային առնվազն 5.0 ազդեցության գործոն ունենալու դեպքում: Պահանջվող հոդվածներից առնվազն երկուսում հայցորդը պետք է լինի առաջին հեղինակ, իսկ մեկում՝ վերջին:
  • 2023 թվականից սկսած՝ նախնական փորձաքննություն անցնող աշխատանքին կից ներկայացվող հոդվածները պետք է հրապարակված լինեն Web of Science շտեմարանի այնպիսի պարբերականներում, որոնց գումարային ազդեցության գործոնը լինի առնվազն 7.0 և դրանց քառորդը պատկանի առաջին, երկրորդ կամ երրորդ խմբերին (Q3-Q1): Դրանցից երկուսում հայցորդը պետք է լինի առաջին կամ պատասխանատու հեղինակ, երկուսում՝ վերջին:

15.3. Web of Science շտեմարանի ազդեցության գործոն ունեցող պարբերականում հրապարակված հոդվածի համար Համալսարանը սահմանում է խրախուսում:

* * *

* Նշված հոդվածներից մեկը կարող է լինել ակնարկ կամ կլինիկական դեպքի նկարագրություն:


 

Կապ մեզ հետ

Հեռ․ (010) 301000, ներքին՝ 222

Էլ-հասցե․ science@ysmu.am