Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ն արժանացել է հետազոտական ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման գերազանցության մրցանակին (HRS4R):

EURAXESS-ի կողմից համակարգվող «Հետազոտական ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման գերազանցություն» մրցանակին դիմելու գործընթացը ԵՊԲՀ-ում մեկնարկել է 2019-2023թթ․ իրականացված Էրազմուս+ «Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարման և հանրահասանելի գիտության կարողությունների զարգացում (MINERVA)» ծրագրի շրջանակում։ Գրեթե 3 տարի տևած երկար ու համառ աշխատանքի արդյունքում իրականացվել է հետազոտական միջավայրի համապարփակ վերլուծություն և մշակվել է իրավիճակի բարելավման գործողությունների պլան առաջիկա տարիների համար: Մեր կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթը անցել է փորձաքննություն, որի արդյունքում արձանագրվել է ԵՊԲՀ հետազոտական միջավայրի համապատասխանությունը Հետազոտողների եվրոպական խարտիայի և հետազոտողների հավաքագրման կանոններով ամրագրված 40 սկզբունքներին (The European Charter & Code for Researchers): Դրանք հիմնականում վերաբերում են հետազոտական ազատությանը, էթիկական և մասնագիտական ասպեկտներին, ընդունելության և ներգրավման մեխանիզմներին, աշխատանքային պայմաններին, մասնագիտական վերապատրաստումներին և այլն:

HRS4R-ը աջակցում է գիտահետազոտական հաստատություններին` իրենց գործելակերպում որդեգրելու հետազոտողների եվրոպական խարտիայի և հետազոտողների հավաքագրման կանոններով ամրագրված 40 սկզբունքները և դրանց իրականացման միջոցով շարունակաբար զարգացնելու հետազոտական գործունեությունը և ապահովելու դրա թափանցիկությունն ու արժանահավատությունը:

Այս մրցանակը մեր համալսարանին իրավունք է տալիս օգտագործելու HR տարբերանշանը գիտահետազոտական ոլորտի տեղեկատվական նյութերում: ԵՊԲՀ-ին հնարավորություն է ընձեռնվում նաև EURAXESS-ի իր էլեկտրոնային հարթակի միջոցով միջազգային գիտակրթական հանրությանը իրազեկելու ԵՊԲՀ գիտահետազոտական գործունեության, գիտական թափուր հաստիքների, դրամաշնորհային ծրագրերի, գիտական միջոցառումների կազմակերպման վերաբերյալ տեղեկատվություն:

Ձեռք բերելով այս մրցանակը՝ ԵՊԲՀ-ն առավել գրավիչ է դառնում ոչ միայն հայ այլ նաև օտարերկրյա հետազոտողների համար և ամրապնդում է իր դիրքը ԵՄ գիտակրթական տարածքում:

Եվրահանձնաժողովին ներկայացված HRS4R փաստաթղթերի փաթեթը  ներառում է.

GAP Analysis, որը ներկայացնում է հետազոտական միջավայրի ինքնավերլուծությունը և նախանշում զարգացման ուղիները

OTM-R, բաց, թափանցիկ, արժանահավատ հավաքագրման գործընթացի ստուգաթերթ, որը ներկայացնում է ձեռքբերումներն այդ ռազմավարության ուղղությամբ

Action Plan – առաջիկա 5 տարվա գործողությունների փաթեթ, որոնց հիմքում 40 սկզբունքներն են և միտված են զարգացնելու հետազոտական միջավայրը և պահպանելու հետազոտության ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման գերազանցության մրցանակը:

Evidence on HRS4R consultations  – ԳԿԽ 2020թ. հուլիսի 10-ի թիվ 3 առցանց նիստի որոշման քաղվածք HRS4R գործընթացի մեկնարկի վերաբերյալ:

HR տարբերանշանը գիտակրթական նյութերում օգտագործելու դեպքում անհրաժեշտ է պահպանել Եվրահանձնաժողովի կողմից հաստատված կանոնները:

Մանրամասների համար կարող եք դիմել Գիտության վարչություն:

Կապ մեզ հետ

Հեռ․ (374 010) 301 022

Էլ-հասցե․ science@ysmu.am