Կենտրոնի լաբորատորիաներ
Կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության լաբորատորիա
Լաբորատորիան զբաղվում է կենդանական և բջջային նմուշների կենսաքիմիական և մոլեկուլային վերլուծությամբ՝ ներառյալ սպիտակուցների և նուկլեինաթթուների անջատումն և քանակական չափումը (էլեկտրոֆորեզ, Վեստերն Բլոտ, ELISA), գենետիկական նյութի հետազոտումը qPCR և RT-PCR մեթոդներով, ինչպես նաև կենսաբանական հեղուկներում մետաբոլիտների և դեղամիջոցների քանակական որոշումը սպեկտրոֆոտոմետրիայի միջոցով։ Աշխատանքներն իրականացվում են ժամանակակից սարքավորումների կիրառմամբ՝ նուկլեինաթթուների ավտոմատացված անջատման սարք, PCR համակարգ, գենետիկական անալիզատոր SeqStudio, Seahorse XFe96 անալիզատոր, պլանշետային և կյուվետային սպեկտրոմետր/ֆլյուորիմետր, սառեցվող ցենտրիֆուգեր և այլ մասնագիտացված սարքավորումներ։
Բջջային կուլտուրաների լաբորատորիա

Լաբորատորիան հագեցված է կենդանի օրգանիզմից անջատված բջիջների պահպանման և աճեցման, առաջնային բջջային կուլտուրաների ստացման, մարդու սոմատիկ բջիջների տրանսդիֆերենցման և վերածրագրավորման, ինչպես նաև բջջային կուլտուրաների ֆենոտիպավորման համար։ Այս մեթոդները հնարավորություն են տալիս ex vivo պայմաններում ուսումնասիրել բջիջների կենսագործունեությունը, հետազոտել կենսաբանական ակտիվ նյութերի և դեղանյութերի ազդեցությունը, ինչպես նաև կիրառել բջիջները որպես կենսաբանական ակտիվ միացությունների սինթեզի համակարգ՝ հետազոտական և թերապևտիկ նպատակներով։ Աշխատանքներն իրականացվում են երկրորդ դասի կենսապաշտպանության լամինարային պահարանում, մուլտիգազ (CO2, O2, N2) ինկուբատորով, ինչպես նաև ֆլյուորեսցենտային ինվերտ մանրադիտակի, բջիջների ավտոմատացված հաշվիչ-անալիզատորի, բջջային ցիտոմետրի, CytoSmart մանրադիտակի, ավտոկլավի և -86°C սառցարանի կիրառմամբ։
Գենոմի խմբագրման լաբորատորիա

Լաբորատորիան հագեցված է ժամանակակից տեխնիկական բազայով՝ բժշկության, էքսպերիմենտալ կենսաբանության, բջջաբանության և բիոտեխնոլոգիայի մեջ լայնորեն կիրառվող գենոմի խմբագրման մեթոդների իրականացման համար, մասնավորապես՝ բջիջների մեջ գենային կոնստրուկցիաների ներմուծման միջոցով օգտակար նյութեր սինթեզող բջիջների, գեն-մոդիֆիկացված հյուսվածքների կամ օրգանիզմների ստացման նպատակով։ Աշխատանքներն իրականացվում են օդի լամինարային հոսքով կայանում՝ կիրառելով ստերեոսկոպ մանրադիտակ, դասական միկրոմանիպուլյատոր և ծրագրավորված ճնշմամբ միկրոինյեկտոր, բջիջների էլեկտրոպորատոր, ինչպես նաև հակավիբրացիոն սեղան։Աշխատանքներն իրականացվում են ժամանակակից սարքավորումների կիրառմամբ՝ LC-MS Triple Quad հեղուկ քրոմատոգրաֆ-մասս-սպեկտրոմետր,LDIR քիմիական պատկերավորման համակարգ, ատոմային էմիսիոն սպեկտրոմետր։
Վիրաբուժական լաբորատորիա

Լաբորատորիան նախատեսված է կենդանիների վրա վիրաբուժական միջամտությունների իրականացման և հետվիրահատական ընթացքի վերահսկման համար։ Ժամանակակից տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս իրականացնել տարբեր տեսակի վիրահատական միջամտություններ՝ վերահսկելով կենսական կարևոր պարամետրերը և ապահովելով էթիկական սկզբունքներին համապատասխան մոտեցում։ Աշխատանքներն իրականացվում են գազային անէսթեզիայի համակարգի, սրտի զարկերի և թթվածնային հագեցվածության գնահատման մոնիտորի, ոչ ինվազիվ ճնշաչափի, էլեկտրական դանակի և կոագուլյատորի, լազերային դոպլերոգրաֆի, ստերեոտաքսի և ստերեոմանրադիտակի կիրառմամբ, իսկ ասեպտիկ պայմանները ապահովվում են 1-ին դասի կենսաանվտանգության պահարանով, ավտոկլավով և բակտերիոցիդ լամպով։
Կենդանանոց
Կենդանանոցը նախատեսված է լաբորատոր կենդանիների պահման համար և բաղկացած է երկու սեկտորից՝ կարանտինային և հիմնական։ Անհատական օդափոխության հատուկ համակարգի կիրառմամբ հնարավոր է կենդանիներին պահել ինչպես ոչ սպեցիֆիկ, այնպես էլ սպեցիֆիկ պայմաններում՝ յուրաքանչյուր վանդակի շուրջ մոտ 10 պարամետրերի վերահսկմամբ։ Կենդանանոցում առանձնացված է նաև հատուկ բաժին՝ կենդանիների զննման և անէսթեզիայի նախնական փուլի իրականացման համար։
Պատկերավորման լաբորոտորիա

Լաբորատորիան հագեցած է ժամանակակից մանրադիտակային և պատկերավորման համակարգերով, որոնք հնարավորություն են տալիս հետազոտել կենսաբանական նմուշների բջջային և հյուսվածքային կառուցվածքը, մորֆոլոգիական առանձնահատկությունները և ֆլուորեսցենտային ազդանշանները։ Լաբորատորիայի հիմնական նպատակը ժամանակակից պատկերավորման տեխնոլոգիաների միջոցով կենսաբանական գործընթացների և հիվանդությունների հիմքում ընկած բջջային ու մոլեկուլային փոփոխությունների տեսանելիացումն ու քանակական գնահատումն է։ Աշխատանքներն իրականացվում են Nikon Eclipse Ni օպտիկական և ֆլուորեսցենտային մանրադիտակի, Agilent BioTek Cytation C10 ավտոմատացված բջջային պատկերավորման և վերլուծության համակարգի, ինչպես նաև Vilber Newton 7.0 ֆլուորեսցենտային և քեմիլյումինեսցենտային պատկերների ստացման ու վերլուծության սարքի կիրառմամբ։


