Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բարի գալուստ ԵՊԲՀ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հիմնադրվել է 1920թ.` որպես Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետ, այնուհետև՝ որպես ինստիտուտ, ապա՝ որպես համալսարան, և արդեն 100 տարի է պատվով ու պատասխանատվությամբ է կատարում բժշկական կադրեր պատրաստելու իր առաքելությունը:

Բժշկական համալսարանը եղել և շարունակում է մնալ որպես գիտաբժշկական մտքի զարգացման կենտրոն, առանց որի անհնար է լուծել հանրապետության առողջապահության առջև ծառացած հիմնախնդիրները:

ԵՊԲՀ-ն դասվում է աշխարհի ճանաչված բժշկական բուհերի շարքին, պատվավոր տեղ է զբաղեցնում բժշկական բուհերի համաշխարհային ցուցակում: ԵՊԲՀ-ն Հայաստանի առաջին բուհերից է, որ ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում:

Հարգելի’ ուսանողներ, մեր բուհում դուք կստանաք ձեզ անհրաժեշտ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ՝ հետագայում լավ մասնագետ և հասարակությանը պիտանի մարդ դառնալու համար:

Ձեր կրթությունը կկազմակերպվի այն դասընթացների և մոդուլների ուսումնասիրությամբ, որոնք անհրաժեշտ են բժշկական հիմնարար գիտություններն ընկալելու համար, այնուհետև կանցնեք այնպիսի գիտությունների ուսումնասիրությանը, առանց որոնց բժշկագիտությունը` որպես մասնագիտություն, գոյություն ունենալ չի կարող: Դրանք կդառնան ձեր հենքային գիտելիքները` կլինիկա մուտք գործելու համար: Հետո կսկսվի ուսման շատ հետաքրքիր, բովանդակալից և տարբերվող փուլ, որը կոչվում է կլինիկական ուսուցում:

Ձեր առջև կբացվեն բժշկագիտությունը, բժշկական աշխարհը, դուք կընտրեք բժշկական ձեր նեղ մասնագիտությունը, որից հետո կուղղորդվեք բժշկական շարունակական կրթության շրջան, որովհետև այն, ինչպես նաև անընդհատ ինքնակրթությունը բժշկի գործունեության անբաժան մասն են: Այս գործընթացում խիստ կարևոր է նաև ձեր նպատակասլաց աշխատանքը: Վստահ ենք, որ բուհի ղեկավարությունը և պրոֆեսորադասախոսական կազմը, առաջնորդվելով բազմաթիվ տասնամյակների ընթացքում ձևավորված բարի ավանդույթներով, կաջակցեն ձեզ՝ այս դժվարին և հետաքրքիր ճանապարհին հաղթահարելու հանդիպող բոլոր խոչընդոտները: