Թանգարաններ
Հայաստանի բժշկության պատմության թանգարան
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հայաստանի բժշկության պատմության թանգարանը հիմնադրվել է 1978-ին` ակադեմիկոս Լևոն Հովհաննիսյանի հավաքածուի մի մասի և թանգարանի հիմնադիր, երկարամյա տնօրեն, ճանաչված բժշկապատմաբան Վլադիմիր Մարտիրոսյանի անձնական հավաքածուի հիման վրա:
1990-ին տեղի ունեցավ բժշկական համալսարանի թանգարանի վերաբացումը: Իսկ 1998-ին ԵՊԲՀ թանգարանի հիման վրա ստեղծվեց Հայաստանի բժշկության պատմության հանրապետական թանգարանը:
Ներկայումս թանգարանն ունի ավելի քան 8000 ցուցանմուշ, որոնք արտացոլում են բժշկության զարգացման փուլերը Հայաստանում՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Ներկայացված են նաև բժշկական համալսարանի ստեղծման, անցած ճանապարհի, նշանակալի իրադարձությունների մասին հավաստող բազմաթիվ նյութեր, փաստաթղթեր։
Թանգարանում պահվում են անվանի գիտնականների ձեռագրեր, փաստաթղթեր, անձնական իրեր, շքանշաններ, տպագրված աշխատություններ, բժշկական գործիքներ, ժողովրդական բժշկության մեջ օգտագործվող նյութեր և իրեր, ինչպես նաև գեղարվեստական ստեղծագործություններ` քանդակներ, դիմանկարներ, հուշանվերներ:
Մեծաթիվ նյութեր պատմում են Հայրենական մեծ պատերազմին հայ բժիշկների մասնակցության, 1988-ի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման, արցախյան ազատամարտի տարիներին մեր բժիշկների անձնվեր աշխատանքի մասին:
Բժշկական համալսարանի առաջին կուրսեցիների համար թանգարանում կազմակերպվում են դասեր: Կազմակերպվում են նաև ավագ դպրոցների, բժշկական քոլեջների ուսանողների և մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի թանգարանագիտական բաժնի ուսանողների այցելություններ: Ռեֆերատներ, կուրսային աշխատանքներ, գիտական հոդվածներ, մենագրություններ գրելիս շատերն են օգտվում ԵՊԲՀ-ի թանգարանի նյութերից:
Թանգարանում մշտապես գիտական աշխատանքներ են կատարվում: Բոլոր ցուցանմուշները գիտական մշակման են ենթարկվում և քարտագրվում: Թանգարանը մայրաքաղաքի հոգևոր-մշակութային ինքնատիպ օջախներից է:
Անատոմիական թանգարան
Նորմալ անատոմիայի ամբիոնին կից գործում է անատոմիական թանգարանը, որը 1926թ. հիմնադրել է պրոֆեսոր Վահան Արծրունին: Նա հայոց լեզվով անատոմիա դասավանդող առաջին դասախոսն էր, և թանգարանը կրում է հարգարժան պրոֆեսորի անունը: Թանգարանը հարուստ է բազմաթիվ ցուցանմուշներով: Այնտեղ իրենց ուրույն տեղն ունեն մարդու՝ ֆորմալինի լուծույթում պահվող առանձին օրգաններ, չափահաս մարդկանց և նորածինների կմախքներ, ինչպես նաև ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից պատրաստված պատրաստուկներ: Թանգարանի առանձին պահարանում ներկայացված են բնածին բազմաթիվ արատներով նորածինների դիակներ, որոնք առավել ընկալելի են դարձնում ուսումնական նյութը:
Թանգարանի արժեքավոր նմուշներից են նաև հայտնի մարդկանց զմռսված գլխուղեղները, ֆորմալինի լուծույթում պահպանված սրտերը, գուսան Շերամի կոկորդը, պրոֆեսոր Արծրունու գլխուղեղն ու սիրտը:
Թանգարանի ամենավաղեմի և ամենայուրահատուկ ցուցանմուշն է արքայադստեր կմախքը, որը հայտնաբերվել է Սևանի ավազանի պեղումների ժամանակ, և ունի ավելի քան 2000 տարվա պատմություն:
Առանձին պահարանում ցուցադրվում են ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների համար նախատեսված ցուցանմուշները՝ կաթնատամներ և մնայուն ատամներով ծնոտներ, նորածնի գանգեր, ինչպես նաև կենդանիների ծնոտներ, այդ թվում` շնաձկան ծնոտներ, որոնք օգնում են ուսումնասիրելու ատամների ֆիլոգենետիկ առանձնահատկությունները:
Թանգարանային ցուցանմուշները նպաստում են որակյալ դասավանդման ապահովմանը: Թանգարանը նաև այլ բուհերի ուսանողների և ավագ դպրոցների աշակերտների անատոմիական գիտելիքների հարստացման միջոց է:
Ռազմաբժշկական թանգարան
Ռազմաբժշկական ֆակուլտետի տարածքում գործում է ռազմաբժշկական թանգարանը, որտեղ ցուցադրված նյութերն արտացոլում են հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը արցախյան պատերազմում, Շուշիի ազատագրման օպերացիան, վերջինիս բուժապահովման հիմնահարցերը, ներկայացնում այդ պայքարի առավել ակնառու անձանց: