Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն
ԵՊԲՀ գլխավոր մասնաշենքում տեղակայված Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնը եզակի է հանրապետությունում իր տեսակով և հնարավորություններով, այն պաշտոնապես բացվել է 2018թ-ի մայիսին:
Ապագա, ինչպես նաև արդեն գործող բժիշկ-ստոմատոլոգիների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված այս կենտրոնի հարմարավետ սրահները համալրված են համապատասխան մուլյաժներով, ֆանտոմներով, վարժասարքերով և հատուկ ծրագրային ապահովում պարունակող համակարգչային ռոբոտ-սիմուլյատորներով: Կենտրոնը հագեցված է անհրաժեշտ տեխնիկայով, համապատասխան կահույքով, ինչպես նաև արդի մասնագիտական ուսումնական գրականությամբ՝ բոլոր մասնագիտական առարկաների մասով:
Կենտրոնը թույլ է տալիս ապագա ստոմատոլոգներին զարգացնել գործնական հմտությունները նախակլինիկական փուլում՝ ապահովելով ակնկալվող կրթական վերջնարդյունքների լիարժեք ձեռքբերում: Նորարարական սիմուլյացիոն կրթական տեխնոլոգիաների ներդնումը ստոմատոլոգիական կրթության թե՛ բուհական, թե՛ հետբուհական, ինչպես նաև շարունակական կրթության փուլերում թույլ է տալիս զարգացնել ուսումնառողների գործնական հմտությունները և նվազագույնի հասցնել բժշկական սխալների թիվը մասնագիտական գործունեության ընթացքում:
Կենտրոնում է անցկացվում նաև պետական ամփոփիչ ատեստավորման գործնական հմտությունների «Ստոմատոլոգիա» մասնագիտությամբ անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի ստուգման փուլը:
Առաջատար փորձի ներդրման և բարեփոխումների լավագույն արդյունքն ապահովելու նպատակով կենտրոնում միջազգային ճանաչում ունեցող փորձագետների մասնակցությամբ իրականացվում են ապագա և գործող բժիշկ-ստոմատոլոգիների վերապատրաստման դասընթացներ, վարպետաց դասեր, ուսումնական վարժանքներ: