Նորմալ անատոմիայի ամբիոն

Պատմություն

1922թ.-ի մարտի 15-ին Երևանի պետական  համալսարանում ստեղծվում է բժշկական ֆակուլտետ, որի բազայի վրա հետագայում հիմնադրվում է բժշկական ինստիտուտը: Վ. Արծրունու նախաձեռնությամբ Երևանի պետական  համալսարանում հիմնադրվում է անատոմիայի ամբիոնը: Անատոմիայի ամբիոնը տեղակայված է եղել նախկին լվացքատան երկու խարխուլ սենյակում, որոնք գտնվում էին ախոռատան կողքին: Դասերը տեղի էին ունենում լամպի լույսի տակ կամ ախոռատան բակում, չկային հայերեն լեզվով ձեռնարկներ և դասագրքեր: 1923թ հրատարակվեց Վ. Արծրունու անատոմիայի առաջին դասագիրքը, 1924թ-ին՝ <<Ռուսերեն–լատիներեն-հայերեն բժշկագիտական տերմինների բառարան>>-ը, որը հայկական բժշկագիտական տերմինաբանության զարգացման հիմքը հանդիսացավ (Հ. Հովհաննիսյան, Հ. Հակոբյան, Ա. Բեկզադյան, Վ. Գրիգորյան)։ Մանկավարժական աշխատանքները, այդ թվում` դասախոսություններն ու գործնական պարապմունքները, ավելի բարձր մակարդակի հասան, երբ 1926թ.-ին Ա. Թամանյանի նախագծով կառուցվեց անատոմիկումի մասնաշենքը: Վ. Արծրունու նախաձեռնությամբ, ամբիոնը տեղափոխվեց և մինչև այսօր էլ գործում է անատոմիական մասնաշենքում:

Վ. Արծրունու նախաձեռնությամբ ամբիոնին կից ստեղծվել է անատոմիական թանգարան, որը հետագայում կոչվել է նրա անունով: Թանգարանը կարճ ժամանակում հարստացել է անհրաժեշտ ցուցանմուշներով և հետագայում մեծ դեր է ունեցել ուսանողների ուսուցման և դաստիարակության գործում: Տարբեր տարիներին ամբիոնում աշխատել են՝ Ե. Թ. Շեկ-Հովսեփյանը, Ե. Ա. Բայրամյանը, Հ. Հակոբյանը, Լ.Վ. Վարդանյանը, Ա. Ա. Սարաֆյանը, Ք. Մ. Այվազյանը, Շ. Թ. Պետրոսյանը, Հ. Մ. Այնաջյանը, Լ. Սարգսյանը, Լ.Ա. Մանուկյանը, Գ.Պ. Քյալյանը և ուրիշներ:

Նորմալ անատոմիայի և տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնը որպես մեկ կառույց միավորվել են 2025թ․ օգոստոսին` կապված կրթական բարեփոխումների,  ակադեմիական ծրագրի արդիականացման,  կազմակերպչական և ֆինանսական արդյունավետութան բարձրացման հետ։

Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի պատմությունը

Հիմնադրվել է 1925թ.-ին: 1925-28թթ. ամբիոնը ղեկավարել է անվանի պրոֆեսոր Գ.Ա. Միրզա-Ավագյանը, ով Անդրկովկասում առաջինն է կատարել սրտամկանից հրազենային գնդակի հեռացում:

1928-1930 թթ. ամբիոնը ղեկավարել է Հայաստանի վիրաբույժների ընկերության նախագահ, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանը, ով հետագայում հիմնադրել է արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտը (այժմ Ռ. Յոլյանի անվան), հրատարակել է «Ռազմադաշտային վիրաբուժություն» և «Մասնավոր վիրաբուժություն» դասագրքերը:

1930-1959թթ. ամբիոնի վարիչ է եղել պրոֆեսոր Խ.Ա. Պետրոսյանը: Նա անցել է մեծ դպրոց` 1924-1930թթ.-ին դասավանդելով Տաշքենդի բժշկական ինստիտուտի տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնում:

1959-1983թթ. ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Խ.Հ. Պետրոսյանի աշակերտ` պրոֆեսոր Ա.Ջ. Ճաղարյանը, որը 1958թ. Հայաստանում կատարել է սրտի արատի առաջին վիրահատությունը` հիմք դնելով Հայաստանում սրտային վիրաբուժությանը: Նա առաջինն է ներդրել դեմքի արտաքին կազմաբանության ուսումնասիրման մեթոդը և 1972թ. վերականգնել է Պետրոս Դուրյանի դեմքը:

1983-1991թթ. ամբիոնի վարիչ է եղել դոցենտ Մ.Ի. Հովհաննիսյանը, որը հանդիսանում է օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի փորձարարական վիրասրահի հիմնադիրը:

1994-2008 թթ., այնուհետև 2011թ.-2025թ. ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Ս.Լ. Օրդույանը: Նրա շնորհիվ նոր թափ է ստացել ամբիոնի ուսումնափորձարարական վիրասրահի օգտագործումը ուսումնական գործընթացում, և՛ ուսումնական, և՛ ուսանողական գիտական խմբակի աշխատանքներում: Ուսումնափորձարարական վիրասրահում ուսանողների կողմից կատարված նման աշխատանքը զգալիորեն նպաստեց նրանց գործնական հմտությունների ձևավորմանն ու կատարելագործմանը: Այս ամենը նպաստեց Համալսարանի «Կարիերայի կենտրոնին» կից ստեղծել «Լանցետ» միջազգային ուսանողական գիտական հարթակը և «Երիտասարդ վիրաբուժների դպրոցը»:

Ուսուցում

Նորմալ անատոմիայի ամբիոնը ուսումնական գործընթացը պատշաճ մակարդակով ապահովելու նպատակով ունի համապատասխանող գիտամանկավարժական բազա՝ թանգարան, ցուցանմուշներով, նկարներով, մուլյաժներով հագեցված լսարաններ և դասասենյակներ: Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը տիրապետում է առարկայի դասավանդման և գիտելիքների ստուգման արդիական մեթոդներին և բարձր մակարդակի դասավանդում է ապահովում համալսարանի բոլոր ֆակուլտետներում` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Ամբիոնի նոր ձեռքբերումներից է ինտերակտիվ ուսուցողական ծրագրեր պարունակող անատոմիական սեղանը, որը հնարավորություն է ընձեռնում ուսանողին մարդու մարմնի կառուցվածքը ուսումնասիրել եռաչափ պատկերով, նպաստելով ուսանողի մոտ տարածական պատկերացման ստեղծմանը:

Ամբիոնում իրականացվում է «Նորմալ անատոմիա» և «Կլինիկական անատոմիա» դասընթացների ուսուցումը։ Առարկաները դասավանդվում են ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիական ֆակուլտետների հայալեզու, ռուսալեզու, անգլալեզու I և II կուրսի ուսանողներին։ «Նորմալ անատոմիա» դասընթացը ընդհանուր բժշկության ֆակուլտետում դասավանդվում է I, II, III կիսամյակներում, իսկ ստոմատոլոգիական ֆակուլտետում` I և II կիսամյակներում` գործնական պարապմունքների և դասախոսությունների ձևով: «Կլինիկական անատոմիա» դասընթացը ընդհանուր բժշկության ֆակուլտետում դասավանդվում է II, III կիսամյակներում, իսկ ստոմատոլոգիական ֆակուլտետում` III կիսամյակում` գործնական պարապմունքների և դասախոսությունների ձևով: Դասընթացների ուսումնառությունը և ատեստավորումը իրականացվում է մոդուլային ձևաչափով` գնահատման բազմաբաղադրիչ համակարգով:

Նորմալ և կլինիկական անատոմիայի դասընթացների յուրաքանչյուր մոդուլի գիտելիքների գնահատման համակարգում բաղադրիչների համամասնությունը (10 բալային համակարգ) հետևյալն է` կիսամյակային բաղադրիչ` 2  միավոր (20%) և քննական բաղադրիչ` 8 միավոր (80%): Մոդուլային համակարգում նորմալ անատոմիան ուսումնառվում է  ճառագայթաբանության, կլինիկական անատոմիայի, հյուսվածաբանության և ֆիզիոլոգիայի հետ համատեղ:

Կիսամյակային բաղադրիչը ձևավորվում է կիսամյակի ընթացքում բաղադրիչների միավորների գումարով (առավելագույնը 2 միավոր (20%)): Այն իր մեջ ներառում է  անատոմիական ատլասներից օգտվելու ունակության ստուգում` նկար թեստերի ձևով, անատոմիական գոյացությունների ճանաչում (գործնական ունակության ստուգում)` բանավոր հարցման ձևով և ընթացիկ բանավոր հարցումներ: Քննական բաղադրիչը ձևավորվում է համակարգչային թեստային քննությունից ստացած միավորով (առավելագույնը 8 միավոր (80%)): Մոդուլի վերջնական գնահատականը ձևավորվում է առարկայական բաղադրիչների կիսամյակային բաղադրիչների և քննական բաղադրիչի գումարով: Ընդհանուր բժշկության ֆակուլտետում «Կմախքամկանային համակարգ 1» մոդուլում գործնական ունակությունների մասնաբաժինը կազմում է 40% (առավելագույնը 4 միավոր), իսկ քննական մասնաբաժինը` 60 % (առավելագույնը 6 միավոր):

Ամբիոնում ուսումնական գործընթացը իրականացնելու նպատակով օգտագործվում են անատոմիական նկարներ, ատլասներ, պատրաստուկներ, մոդելներ, ուսումնական ֆիլմեր, որոնք անընդհատ նորացվում են և համալրվում: 2021թ. ամբիոնը համալրվեց Պիրոգովի անատոմիական սեղանով, որը նպաստում է մատուցվող նյութի հեշտ ըմբռնմանը և ստացած գիտելիքների ամբողաջացմանը:

Գիտահետազոտական աշխատանքներ

Վերջին տարիներին ամբիոնի գիտահետազոտական աշխատանքները նվիրվել են միկրոշրջանառության հունի առանձնահատկությունների ուսումնասիրմանը` ինչպես կլինիկայում, այնպես էլ փորձարարական պայմաններում։ Հետազոտությունները կատարվում են կլինիկական բժշկության պահանջներից ելնելով և ստացված նոր փաստացի տվյալների գործնական կիրառման հեռանկարով։

Ամբիոնում կատարվում են հետևյալ գիտահետազոտական  աշխատանքները՝

  • Էքստրա և ինտրապինեալային մելատոնինի դերը ենթաստամոքսային գեղձի արտազատիչ և ներզատիչ ֆունկցիաների մոդուլյացիոն պրոցեսներում:
  • Մելատոնինի դերը միկոկարդի կծկման ակտիվության և միկոցիրկուլյատոր ուղիների թափանցելիության կարգավորման գործընթացներում:
  • Մարսողական խողովակի, բարակ աղիքների և որդանման ելունի լիմֆոիդ ապարատի կառուցվածքաֆունկցիոնալ բնութագիրը Կրաշ համախտանիշի ժամանակ:
  • Հիպոթալամոհիպոֆիզար, մակերիկամային համակարգի կառուցվածքային ֆունկցիոնալ փոփոխությունները երկարատև ճնշման համախտանիշի պայմաններում:
  • Պրե-, պերի-, նեոնատալ և ժառանգական ռիսկի գործոնների դերը աուտիկ խանգարումների առաջացման գործում:
  • Պոլիամինների դերը փորձարարական պայմաններում ինդուկցված մաշկային աէրոբ-թարախային վերքերի լավացման պրոցեսում:

Պրոֆեսորադասախոսական կազմ

Անուն,ազգանուն,հայրանուն Ամբիոնում զբաղեցրած պաշտոն Գիտական աստիճան Գիտական կոչում
1 Բարոյան Կարինե Մինասի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Բ.գ.թ. դոցենտ
2 Հարությունյան Աննա Ջոնիկի դոցենտ Բ.գ.թ. դոցենտ
3 Վարդազարյան Վարդան Մարտինի դոցենտ Բ.գ.թ.
4. Զարգարյան Անահիտ Լևոնի դոցենտ Բ.գ.թ.
5. Մինասյան Մարիաննա Արտավազդի դոցենտ Բ.գ.թ.
6. Շամոյան Ռզգան Սմոյ դոցենտ Բ.գ.թ. դոցենտ
7. Ավետիսյան Գայանե Ֆիրդուսի դոցենտ Բ.գ.թ. դոցենտ
8. Խաչատրյան Ժուլիետա Ռուբենի դասախոս
9. Մկրտչյան Կարինե Գաբրիելի դասախոս
10. Դանիելյան Նաիրա Ստեփանի դասախոս
11. Աթոյան Անահիտ Գրիշայի դասախոս
12. Մխիթարյան Մերի Աշոտի դասախոս
13. Մխիթարյան Գայանե Կոնստանտինի դասախոս
14. Հովհաննիսյան Վիլենա Վալենտինի դասախոս
15. Ղազարյան Մարինե Վլադիմիրի դասախոս
16. Բանտիկյան Թագուհի Մկրտիչի դասախոս
17. Ղազարյան Մերիդա Սոսիկի դասախոս
18. Թորոսյան Նարինե Հայկազի դասախոս
19. Պողոսյան Արեգնազ Հովհաննեսի դասախոս
20. Մուրադյան Հռիփսիմե Արթուրի ասիստենտ