Պատմություն
Հիմնադրվել է 1926 թ.-ին:
Ա. Արզումանյանի նախաձեռնությամբ 1926 թվականին ստեղծվեց Նյարդաբանության առաջին ամբիոնը Երևանի համալսարանի բժշկական ֆալուլտետում, իսկ 1958-ին` Բժիշկների կատարելագործման ինստիտուտում, այսպիսով Նյարդաբանության բնագավառի գիտական աշխատանքները Հայաստանում ունեն երկարատև պատմություն:
Այժմ Երևանի պետական բժշկական համալսարանում գործում է Նյարդաբանության ամբիոնը, որն ապահովում է համալսարանական կրթությունը և հետդիպլոմային մասնագիտացումը նյարդաբանություն մասնագիտությամբ:
Նյարդաբանության բնագավառում առաջին ուսումնասիրությունները նվիրված են եղել նյարդային համակարգի ախտահարումների ուսումնասիրությանը մալարիայի ու բրուցելոզի ժամանակ: Կան տպագրություններ պոլիոմիելիտի, ցրված սկլերոզի, մկանային թուլության, գրիպի ժամանակ գլխուղեղի բորբոքման, բազմասեզոնային ուղեղաբորբերի ախտորոշման ու բուժման մասին:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հիմնական հետազոտական աշխատանքները նվիրված են եղել նյարդային համակարգի վնասվածքների ախտաբանածնությանը ու բուժմանը (Ա. Հակոբյան, Գ. Միրզոյան):
1950-60-ական թվականներին բազմաթիվ հետազոտություններ նվիրված են եղել այդ ժամանակի արդի հարցերին` գլխուղեղի անոթային հիվանդություններին, արյան շրջանառության անցողիկ ու սուր խանգարումներին`ինսուլտներին (Գ. Միրզոյան, Ս. Թորոսյան):
1970-ականներից արդեն գործում էին բազմաթիվ նյարդաբանական բաժանմունքներ մայրաքաղաք Երևանում և հանրապետության մյուս քաղաքներում:
1976-ից Է. Գևորգյանի ղեկավարությամբ կատարվեցին ֆունդամենտալ հետազոտություններ` նվիրված վեգետատիվ նյարդային համակարգի ախտաբանությանը, պարոքսիզմալ համախտանիշների զարգացման օրինաչափություններին, ինչպես նաև պարբերական հիվանդության, զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի, այլ օրգան-համակարգերի ախտահարման ժամանակ նյարդային համակարգի ախտահարման առանձնահատկություններին: Բացահայտվել էր գլխուղեղի խորանիստ գոյացությունների դերը գլխուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումների ախտածնության գործում, մեր երկրում սկիզբ էր դրվել նեյրոգենետիկայի, նեյրոհոգեբանության ու կլինիկական նեյրոֆիզիոլոգիայի ուղղությունների զարգացմանը:
Մեծածավալ հետազոտություններ են կատարվել ենթատեսաթմբային խանգարումների ժամանակ առաջացող հոմեոսթազի փոփոխությունների, ինչպես նաև վեգետատիվ-անոթային պարոքսիզմների զարգացման մեջ ուսումնասիրվել էր լիմբիկառետիլուլյար համակարգի դերի ուսումնասիրության նպատակով:
1977թ.-ին Յու. Թունյանը ստեղծեց Հայաստանում առաջին անգիո-նյարդաբանական բաժանմունքը, որտեղ ներդրվեցին առաջատար հետազոտական սարքեր ու մեթոդներ` ուղեղի անոթների ռեոգրաֆիան, անոթային անգիոգրաֆիան, կատարվեցին ֆունդամենտալ հետազոտություններ` նվիրված ինսուլտների ռիսկի գործոններին, ընդհանրապես ինսուլտների բուժման մոտեցումներին ու հետազոտման եղանակներին: Առաջին անգամ կատարվեց բազմակլինիկական հետզոտություն, ստեղծվեց ինսուլտներով հիվանդների տեղեկատվական բազան (Յու. Թունյան, Հ. Բակունց):
1980-ականներին սկսեց զարգանալ էպիլեպտոլոգիան` որպես նյարդաբանական գիտության նոր ուղղություն (Հ. Մուրադյան, Վ. Դարբինյան), ստեղծվեց հատուկ սարքավորումներով հագեցած էպիլեպտոլոգիական կենտրոն: Մեծ աշխատանք կատարվեց ցնցումային համախտանիշներով հիվանդների բացահայտման, ախտորոշման, բուժման ու հաշվառման նպատակով:
1990-ից Հայաստանում սկսվեցին լայնորեն կիրառվել գլխուղեղի համակարգչային ու մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիաները, որոնք խթանիչ դեր ունեցան նյարդաբանության զարգացման գործում: Դրանց շնորհիվ անհամեմատ լավացան բազմաթիվ նյարդաբանական հիվանդությունների ախտորոշումն ու բուժման ելքը: Հնարավոր դարձավ վաղաժամ ախտորոշել նյարդաբանական այն հիվանդությունները, որոնց բուժումը համարվում էր անհետաձգելի:
Նյարդագիտությունը սկսեց զարգանալ մի քանի մասնագիտությունների հպման եզրերով, ինչը հարստացրեց մեր ունեցած գիտելիքներն ուղեղի աշխատանքի մասին: Սկսվեց լայնորեն կիրառվել էլեկտրանեյրոմիագրաֆիայի եղանակը, որը մեծ առաջընթաց ապահովեց նյարդամկանային հիվանդությունների ուսումնասիրմանը (Գ. Հովհաննիսյան, Ա.Գրիգորյան, Բ. Գրիգորյան):
21 դարն իր շտկումները բերեց կատարվող գիտական աշխատանքների ուղղություններում: Քանի որ Հայաստանում ինսուլտները մինչև օրս համարվում են առաջնային առողջապահական խնդիր, զարմանալի չէ, որ բազմաթիվ հետազոտություններ նվիրվել են այդ հիվանդության ժամանակ զարգացող բնորոշ անոթային` միկրոցիրկուլյատոր հոսքի և արյան բջիջների մակարդելիության վիճակի փոփոխությունների ուսումնասիրմանը (Գ. Հովհաննիսյան ու հեղինակներ), ինսուլտի վիճակագրական ուսումնասիրմանը (Լ. Գիմոյան):
Վերջին տարիների ընթացքում կատարվեցին մի քանի բազմամյա (հինգից քսան տարի) բազմակենտրոն հետազոտություններ` նվիրված ժառանգական` Հենթինգտոնի հիվանդությանը (Ա. Կարապետյան, Է. Գևորգյան), ցրված սկլերոզին (Հ. Մանվելյան, Գ. Հովհաննիսյան, Մ. Հակոբյան, Ա. Սահակյան), դեմենցիային ու Ալցհեյմերի հիվանդությանը (Հ. Մանվելյան, Հ. Համբարձումյան), շարժողական խանգարումներին` պարկինսոնյան համախտանիշներին (Հ. Մանվելյան, Գ. Հովհաննիսյան): Հնարավորություններ ստեղծվեցին ֆունդամենտալ ուսումնասիրություններ կատարել աշխարհի լավագույն հետազոտական կենտրոններում ու համալսարաններում` նվիրված ուղեղի հյուսվածքի վնասվածքների ժամանակ գլխուղեղի սեփական բջջային իմունային համակարգի պատասխանին, նեյրոդեգեներացիային, նյարդային հյուսվածքի վրա տարբեր ախտածին գործոնների ազդեցությանը (Հ. Մանվելյան):
Գիտական աշխատանքներն այսօր շարունակվում են նոր ուղղություններով` կապված առողջապահական նոր արտահայտված խնդիրների հետ` դեմիելինիզացնող հիվանդությունների տարածվածությունը, ախորոշման ու բուժման առանձնահատկությունների ուսումնասիրությունը, նեյրաբորելիոզի կամ Լայմի հիվանդության բնական ռեզերվուարի ու փոխանցման եղանակի, ինչպես նաև տարածվածության ու ախտորոշման եղանակների հետազոտությունը, նեյրոդեգեներատիվ հիվանդությունների խմբին դասվող բազմաթիվ համախտանիշներիուսումասիրությունը, վերջին տարիներին մեծ փորձ է կուտակվել ինսուլտների թրոմբոլիտիկ բուժման մեջ, ուսումնասիրվում են Կովիդ-19 պաիմանավորված նյարդաբանական խնդիրները:
Արդի հայկական նյարդագիտությունն ինտեգրված է միջազգային համապատասխան կազմակերպություններին։ Հայ գիտնական-նյարդաբանների կողմից ամեն տարի առնվազը հինգ մեծ աշխատանք է տպագրվում համաշխարհային բարձր վարկանիշ ունեցող մասնագիտական ամսագրերում:
2007-ից նյարդաբանության ամբիոնը ղեկավարում է պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը:
Ուսուցում
Բուհական ուսուցում
Նյարդաբանության ամբիոնում մասնագիտական ուսուցումն անցկացվում է մոդուլային ձևաչափով 15-օրյա ցիկլով ընդհանուր բժշկության ֆակուլտետի և ռազմաբժշկական ֆակուլտետի բակալավրների և 10-օրյա ցիկլով` ստոմատոլոգիական ու դեղագործական ֆակուլտետի ուսանողների համար:
Առարկայի ամբողջ ուսուցումն իրականացվում է ամբիոնի կլինիկական բաժանմունքներում, որտեղ տեղի է ունենում հիվանդների զննումը և անցկացվում են կլինիկական քննարկումներ։
Ուսումնական ծրագիրը ստեղծված է ըստ համապատասխան ֆակուլտետների` պահպանելով մասնագիտական բոլոր առանձնահատկությունները: Ստոմատոլոգներին դասավանդվում են նյարդաբանության հիմունքները, անհետաձգելի իրավիճակները և «Նեյրոստոմատոլոգիան»` դեմքի ու բերանի խոռոչի հիվանդությունների նյարդաբանական ախտանիշները: Ուսանողները ծանոթանում են նեյրոգիտության հիմունքներին, ուղեղի աշխատանքի կազմակերպման ու նրա խթանման եղանակների հետ:
Գրականությունը տրամադրվում է հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով:
Ամբիոնում մշտական գործում է գիտական խմբակ, որի աշխատանքներին մասնակցում են բոլոր կլինիկական օրդինատորներն ու բազմաթիվ ուսանողներ: Խմբակի մասնակիցները ձեռք են բերում ելույթ ունենալու, զեկուցելու, ուսումնասիրություն կատարելու, այն ձևակերպելու և տպագրելու պրակտիկ փորձ:
Հետդիպլոմային ուսուցում
Նյարդաբանության ամբիոնի կլինիկական օրդինատուրայի (ռեզիդենտուրայի) առկա ծրագիրը տևում է 3 տարի։ Առաջին տարվա ընթացքում օրդինատորներն ուսումնասիրում են տեղագրական ախտորոշման հիմունքները, հետազոտության պարակլինիկական մեթոդները, մասնակցում են պրոֆեսորի համայցերին և ընդունելություններին։
Երկրորդ տարին նվիրված է հարակից գիտությունների ուսումնասիրությանը` նյարդավիզուալիզացիա, մանկական նյարդաբանություն, նյարդաֆիզիոլոգիա, նյարդավիրաբուժություն, հոգեբուժություն և այլն։
Երրորդ տարվա ուսուցումն ընդգրկում է ակտիվ սեմինարային աշխատանք, որի ընթացքում իրականացվում են ամենօրյա կլինիկական քննարկումներ, հիվանդների ինքնուրույն վարում, ներկայացվում են զեկույցներ կլինիկական գիտաժողովներին։
Ասպիրանտուրայի տևողությունը երեք տարի է։
Նյարդաբանության ամբիոնում ներկայումս մասնագիտական կրթություն է ստանում 50 բժիշկ, այդ թվում այլերկրացի:
Ամբիոնը սերտորեն համագործում է միջազգային ու եվրոպական մի խումբ նյարդաբանական ֆեդերացիաների հետ, ինչը հնարավորություն է տալիս ամեն տարի մի քանի ռեզիդենտին վերապատրաստվել եվրոպական առաջատար կլինիկաներում (2021-2022-ի ընթացքում` արդեն 10 վերապատրաստում), ինչպես նաև մասնակցել նյարդաբանական տարբեր վեհաժողովների աշխատանքներին։
Ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը անդամակցում է նաև Եվրոպական նյարդաբանական մասնագիտական քննական հանձնաժողովին:
Ամբիոնը հաճախ հյուրընկալում է օտարերկրա` փոխանակության հիմունքներով եկած ուսանողներին և ինտերներին:
Ամբիոնի կլինիկական բազանները
Ամբիոնի կլինիկական բազաներն են`
Աստղիկ ԲԿ-ի Նյարդաբանական ծառայությունը` բաժանմունքը և Ինսուլտի անհապաղ բուժման կենտրոնը
Թիվ 2 բժշկական միավորման Նյարդաբանական բաժանմունքը
Երևան ԲԿ Ցավի և Նյարդաբանական կլինիկան
Էրեբունի ԲԿ-ի նյարդաբանության ու էպիլեպտոլոգիայի բաժանմունքը,
Համալսարանական առաջին հիվանդանոցի Նյարդաբանական բաժանմունքը
որտեղ ստեղծված են առարկայի ուսուցման համար նախատեսված համապատասխան հագեցվածությամբ և կահավորմամբ ուսումնական սենյակներ ու լսարաններ:
Գիտահետազոտական աշխատանքներ
Նյարդաբանության ամբիոնում գիտահետազոտական աշխատանքներն իրականացվում են մի քանի ուղղություններով` նեյրոդեգեներատիվ հիվանդություններ, դեմենցիա, ցերեբրովասկուլյար պաթոլոգիա, ցավային համախտանիշներ, ցրված սկլերոզ, և այլն:
Ամբիոնի աշխատակիցներն ու ռեզիդենտները պարտադիր տպագրվում են հայրենական մասնագիտական ամսագրերում, թեզիսներով ելույթ են ունենում ՀՀ-ում և արտասահմանյան երկրներում կազմակերպվող գիտաժողովներում:
Համագործակցություն
ԵՊԲՀ-ի նյարդաբանության ամբիոնը սերտ համագործակցում է`
- Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիական Համալսարանի (ԱՄՆ),
- Սարաջիշվիլու անվան նյարդաբանական ինստիտուտի (Թբիլիսի, Վրաստան),
- Մոսկվայի Նյարդաբանության Ինստիտուտի հետ (ՌԴ),
- Եվրոպայի Նյարդաբանական միությունների ֆեդերացիայի,
- Եվրոպայի Նյարդաբանական ասոցիացիայի հետ,
ինչի արդյունքում կատարվում են համատեղ հետազոտություններ, կլինիկական օրդինատորները վերապատրաստվում են արտասահմանյան բարձրակարգ կլինիկաներում:
Աշխատակազմ
| Ազգանուն/անուն/հայրանուն | Գիտական կոչում/պաշտոն | |
| 1. | Մանվելյան Հովհաննես Մորիսի | Ամբիոնի վարիչ,պրոֆեսոր |
| 2. | Գիմոյան Լիդիա Գրիգորի | պրոֆեսոր |
| 3. | Հովհաննիսյան Գուրգեն Անդրանիկի | պրոֆեսոր |
| 4. | Հովհաննիսյան Իռեն Գուրգենի | դոցենտ |
| 5. | Կարապետյան Աստղիկ Հրաչիկի | դոցենտ |
| 6. | Խաչատրյան Էլմիրա Սահակի | դոցենտ |
| 7. | Համբարձումյան Հասմիկ Դավիթի | դոցենտ |
| 8. | Հակոբյան Արծրունի Վաղինակի | դոցենտ |
| 9. | Ստեփանյան Ալլա Վիլսոնի | դոցենտ |
| 10. | Գալստյան Լիլիթ Սամվելի | ավագ դասախոս |
| 11. | Սահրադյան Լուսինե Ստեփանի | ավագ դասախոս |
| 12. | Կարապետյան Անահիտ Բորիսի | դասախոս |
| 13. | Վեքիլյան Հասմիկ Ռաֆայելի | դասախոս |
| 14. | Սանթրոսյան Նաիրուհի Մուշեղի | դասախոս |
| 15. | Սիլվանյան Գայանե Հրաչյայի | դասախոս |
| 16. | Բակլավաջյան Մարիամ Հովհաննեսի | դասախոս |
| 17. | Սահակյան Գրետա Գագիկի | ասիստենտ |
| 18. | Հովհաննիսյան Մարիամ Սուրիկի | ասիստենտ |
| 19. | Հովհաննիսյան Եկատերինա Միքայելի | ասիստենտ |